Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔՐԵԱԿԱՆ ՏԱՐՐ, ԿՈՌՈՒՊՑԻԱ

Դեկտեմբեր 15,2010 00:00

\"\"Նման որակումներ է տալիս դասագրքաստեղծման գործընթացի որոշ երեւույթներին ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը

«Առավոտը» մշտապես անդրադառնում է դպրոցական դասագրքերի խնդրին: Օրերս էլ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը իր մտահոգությունը հայտնեց՝ դասագրքերի ստեղծման գործընթացի հետ կապված: Նա փաստում է, որ Հայաստանում լուրջ խնդիրներ կան՝ սկսած դասգրքերի շրջանառու հիմնադրամի գործող համակարգի փոփոխությունից, մինչեւ հրատարակչությունից դասագրքի «դուրս գալու» ամբողջ ճանապարհը: Պատգամավորի խոսքով, ամենամեծ խնդիրը դասագրքին ներկայացվող պահանջների հանդեպ անվստահությունն է. արդյո՞ք առարկայական ծրագրերն ու դասագրքերը համահունչ են: «Այս տարվա դասագրքերի մրցույթի հայտի մասին արդեն կա հայտարարություն՝ դեկտեմբերի 2-ից: Ես, օրինակ, չգիտեմ, դրան նախորդե՞լ է նախարարի հրամանը ծրագրերը բեռնաթափելու մասին: Այս պահին ունեմ նախարարին գրած նամակ, որի պատասխանը դեռ չեմ ստացել: Երկրորդը դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջն է: Երբ ես այս խնդիրը նամակներով բարձրացրի կրթության եւ առողջապահության նախարարների առջեւ, պարզվեց, որ դեռեւս 2007թ. եղել է առողջապահության նախարարի հրաման, որով հաստատվել են դասագրքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները, բայց, չգիտես ինչու, անտեսվել է այդ հրամանը, դրվել է դարակում»,- նշում է մեր զրուցակիցը: Նաեւ հավելում, որ ճիշտ է, այս տարվա դեկտեմբերյան հայտերում մտցվել է այդ կետը, բայց առողջապահության նախարարի 2007թ. հրամանում հնացած պահանջներն են:

Այսօր փոխվել է հրատարակության տեխնոլոգիան, թուղթը, տառերը, հետեւաբար, ըստ Ա. Բախշյանի, հրամանի հիմքում դրված վերոնշյալ չափորոշիչները եւ այսօրվա հրատարակիչների տեխնիկական հնարավորությունները համադրելի չեն: Տարրական, միջին եւ ավագ դպրոցի դասագրքերը կոնկերտ քաշ պիտի ունենան: «Մինչդեռ, եթե ներկայիս ծրագրերին համապատասխանեն դասագրքերը, հաստատ ավելի հաստափոր են լինելու: Ախր լուրջ հետադարձ կապ կա՝ սանիտարահիգիենիկ պայման թելադրող պահանջների, ծրագրի, դրանից հետեւող դասագրքի քաշի, ձեւի ու չափի եւ այլնի միջեւ: Այս ամենը մինչ օրս զանց է առնվել: Թե առաջիկայում ի՞նչ դասագիրք ենք ունենալու, հայտնի չէ: Դեկտեմբերին հայտի մրցույթ է հայտարարվել, մարտին փաթեթները կբացվեն, պատվեր կտրվի եւ պայմանագիր կկնքվի, այնուհետեւ դասագրքի հեղինակները կփնտրվեն, հունիսին դասագրքերը ԿԳ նախարարության հատուկ հանձնաժողովը կնայի, կերաշխավորի: Էլ ե՞րբ պիտի սանիտարահիգիենիկ փորձաքննություն անցնի դասագիրքը, պարզ չէ»,- մտահոգվում է Ա. Բախշյանը: Նա փաստում է, որ 2011-2015թթ. կրթության զարգացման պետական ծրագրի ներածության մեջ, որտեղ տրված է այսօրվա կրթական համակարգի «ախտորոշումը», նշված է, որ դասագրքերը կարճ ժամանակ են փորձաքննություն անցնում: Պատգամավորը հիշում է, որ երբ 2009-ի հուլիսին ընդունվել է «Հանրակրթության մասին» օրենքը, այնտեղ հստակ ձեւակերպված է եղել մեկ տարի դասագրքի փորձաքննություն անցնելու պայմանը: Նույն տարվա սեպտեմբերին, օրենքի փոփոխության արդյունքում, այդ պայմանը հանվել է: «Հիմա հրատարակիչը դասագիրքը տպում է, օգոստոսի 28-ից հետո այն առաքվում է դպրոց: Թե ի՞նչ կա մեջը, ոչ ոք պատասխան չի տալիս: Մեկ տարվա փորձաշրջան անցնելուց էլ հրաժարվել են այն պատճառաբանությամբ, թե դա լրացուցիչ ֆինանսական ծախս է ենթադրում»,- նշում է պատգամավորը: Մեկ ուրիշ խնդիր էլ է նա նկատել. «Երեխան գնացել է ավագ դպրոց, ավագ դպրոցը հայտը ներկայացրած չի եղել, հիմնականը նույնպես: Այդ գումարը ո՞վ է վճարելու: Ավագ դպրոցի երեխաները սեպտեմբերին պարզել են, որ չունեն դասագրքեր, նորից են հայտ ներկայացրել: Տպագրվել է, թե ոչ՝ պարզ չէ»: Հաջորդը դասագրքերի հայտի մեջ հրատարակիչների երկրորդային իրավունքներն են: Հրատարակիչն իրավունք ունի վաճառել դասագիրքը, բայց դա պետք է անի ոչ թե ուսումնական տարվա սկզբին, այլ մեկ ամիս անց, վաճառքի համար նախատեսված դասագիրքն էլ այլ կազմով պետք է լինի: Տիկին Բախշյանն ահազանգում է, որ բոլոր հրատարակիչները խախտում են այս երկու կետերը: Նրա ձեւակերպմամբ, սա քրեական տարր պարունակող երեույթ է, կոռուպցիա, սակայն առայժմ ոչ ոք հրատարակիչներից հաշիվ չի պահանջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել