Երկօրյա գիտաժողովում դատապարտվեց այս ամոթալի երեւույթը
«Չնայած հաջորդ տարեսկզբին ԱՄՆ կոնգրեսում նախատեսված է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը, բայց, կարծում եմ, որ դրա ընդունման համար լավ շանսեր չկան: Նոր տարեսկզբից Կոնգրեսը կհամալրվի նորընտիր ու պահպանողական անդամներով, ովքեր արտաքին քաղաքականության հարցում շատ զգուշավոր կլինեն ու կնախընտրեն երկրի համար անվտանգ քաղաքականություն վարել: Ամերիկայի կառավարության ներսում յուրաքանչյուր ոք գիտի, որ Հայոց ցեղասպանություն է եղել, փաստերի հետ կապված չկա շփոթություն, խնդիրն այն է, թե ե՞րբ Պետդեպարտամենտն ու Սպիտակ տունը կկարողանան գտնել քաջություն եւ Թուրքիայի կառավարությանը հայտարարել, որ ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը: Միակ լավ նորությունն այն է, որ ԱՄՆ նախագահ Օբաման դրական քայլեր է անում ցեղասպանության ճանաչման հարցում: Ամեն անգամ նա Թուրքիային հիշեցնում է, թե ինչ դիրքորոշում ունի ցեղասպանության վերաբերյալ ու կոչ է անում Թուրքիային՝ առերեսվել իր անցյալի հետ: Դռները դանդաղ են բացվում՝ եթե հաջորդ տարի բանաձեւը չընդունվի, մի օր կընդունվի»,- երեկ ՀՀ արտգործնախարարության նախաձեռնած Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի ժամանակ «Առավոտի» հետ զրույցում ասաց ամերիկահայ ճանաչված գրող, ակադեմիկոս, Colgate համալսարանի լատիներեն լեզվի եւ գրականության ամբիոնի պրոֆեսոր Փիթեր Բալաքյանը: Ըստ նրա, «ժամանակակից Թուրքիան չի կարողանում առաջ շարժվել, որովհետեւ դեռ չի կարողանում ազնվաբար նայել ու ընդունել իր անցյալը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ՝ հայ-թուրքական արձանագրությունները հենց այդ պատճառով սառեցվեցին: Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը ցույց է տալիս, որ այդ երկիրն ավելի շատ նախընտրում է խնդիրը հերքել, քան թե լուծել: Լավ է, որ թուրք հասարակության մի հատված հարցեր է տալիս ու հայտնաբերում ճշմարտությունը, ոմանք հասկանում են, որ Թուրքիայի կառավարությունը տարիներ շարունակ խաբել է իրենց, մի օր էլ ամբողջ թուրք հասարակությունը կընդունի դա»:
Գիտաժողովին բազմաթիվ երկրների ներկայացուցիչների թվում էր նաեւ Երուսաղեմի Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ընկերակցության նախագահ, խմբագիր Իսրայել Չառնին: Նրա խոսքով, այսօր ոչ միայն պետք է առաջ քաշել ցեղասպանությունների ճանաչման հարցը, այլեւ շարունակել լավատեսորեն ապրել. «Ցեղասպանություն իրագործած պետությունները պետք է գիտակցեն ու ընդունեն, որ ցեղասպանությունը համարժեք է ֆաշիզմին, այն կյանքի, հավասարության, բազմակարծության ու սիրո հակաթեզն է»: Ավելի ուշ մեզ հետ զրույցում հրեա պրոֆեսորը անկեղծացավ, թե ամեն անգամ ցեղասպանության թեմային անդրադառնալիս ամաչում է, որ իր երկիրը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Վստահեցնում եմ, որ հրեա ժողովուրդը իրականում ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Դա երեւում է մարդկանց խոսքից, լրատվամիջոցներում բարձրաձայնված կարծիքներից; Մյուս կողմից՝ դա շատ դժվար է Իսրայելի նման երկրում, որտեղ կառավարությունը մերժում է այդ փաստը, իսկ կառավարությանը հակառակ խոսելը վտանգավոր է»:
Հետաքրքրվեցինք՝ ԱՄՆ կոնգրեսում հրեական լոբբին կսատարի՞ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունելու գործընթացում: «Արդեն դրական որոշ տեղաշարժեր են արձանագրվել հրեաների դիրքորոշման առումով: Մի ժամանակ հրեական կազմակերպությունները, Իսրայելի կառավարության հետ համատեղ, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ էին աշխատում, չեմ կարծում, թե հիմա էլ են հրեաները թուրքերին համախոհ, հրեական լոբբիի հակահայկական քայլերը նվազել են»,- պատասխանեց նա: Թուրք պատմաբան Թաներ Աքչամն էլ նշեց. «Բնական է, որ Թուրքիան պետք է ո՛չ ասի ցեղասպանության ճանաչմանը: 95 տարվա մերժողական քաղաքականությամբ հերքելով ճշմարտությունը՝ չեմ կարծում, որ Թուրքիան կկարողանա ստեղծել ժողովրդավարություն: Իմ նման շատերն են ցանկանում, որ մեր կառավարությունը փոխի իր քաղաքականությունը: Փաստենք, որ կան որոշակի դրական գործընթացներ, հուսով եմ՝ մի օր էլ Թուրքիան իր պատմության հետ կառերեսվի: Թուրքիայի գլխավոր խնդիրն այն է, որ օրենսդրական մի շարք սահմանափակումներ կան, հակաժողովրդավարական որոշ օրենքներ, որոնք մեծապես խոչընդոտում են նաեւ խոսքի ազատությանը: Թուրքիայում չարիք է «Էրգենիկոն» ահաբեկչական կազմակերպությունը, որը ոստիկանության հովանու ներքո է: Որպեսզի Թուրքիան դառնա ժողովրդավար երկիր, պետք է հրաժարվի այս ամենից»: