Մեծ գրողի ընկերները, հարազատներն ու բարեկամները փորձում են բոլորին հասանելի դարձնել մաթեւոսյանական «հայրենիքի տիրոջ գաղափարը»:
Որպեսզի ժողովուրդը հաղթող եւ հարատեւ լինի, Խաչի եւ Սրի ամուր դաշինք է հարկավոր: Արցախյան ազատամարտի մասնակից, հայոց բանակի սպա, գնդապետ Սամվել Վանեսյանը այս սկզբունքով 2005թ.-ին իր ծննդավայրում՝ Լոռու մարզի Թումանյանի (Մոտկորի) տարածաշրջանի Շամուտ գյուղի բարձրավանդակում կառուցեց սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը, որը Մոտկոր աշխարհի Աթան, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ գյուղերի բնակիչների հիմնական աղոթատեղին ու ուխտատեղին դարձավ՝ յուրօրինակ կապ ստեղծելով այս եւ հարեւան եւս երեք գյուղերի բնակիչների միջեւ: Հարակից համայնքների բնակիչների հաճախ կարելի է տեսնել մատուռի մոտակայքում. «Շատ հաճելի ճանապարհ է, անտառի միջով, ոտքով թոռներիս հետ գալիս եմ, ուխտս ու աղոթքս անում, իմ բերած մի կտոր հացը ուտում, աղբյուրից ջուր խմում ու հետ դառնում, կիրակիս Աստծուն եմ նվիրում»,- ասում է Շամուտից ընդամենը երեք կմ հեռու, անտառով բաժանված Լորուտ գյուղի բնակիչ Լիդա Սահակյանը:
Մինչեւ այս մատուռի կառուցումը, գյուղացիներն ուխտ են կապել, մատաղ արել գյուղերն իրարից բաժանող հանդամասերում տեղադրված խաչքար-աղոթատեղիներում, իսկ Ահնիձորում, բացի խաչքարերից, նաեւ սուրբ Զորավոր մատուռն է, որը մեկդարյա պատմություն եւ վերանորոգման կարիք ունի: Գնդապետ Վանեսյանը նախատեսել է առաջիկայում Զորավոր մատուռն էլ վերանորոգել: Տեղաբնակները պատմում են, որ նույնիսկ ստալինյան բռնապետությունը չի կոտրել այս գյուղերի ամուր հավատքն ու հոգին. «Ես հիշում եմ, տատիկս իմ ձեռքից բռնած տանում էր էդ խաչքարերի մոտ, մոմ էր վառում, աղոթք, մատաղ անում, սբ Զորավոր էլ է ինձ տարել»,- ասում է Շամուտ գյուղի վաստակավոր ուսուցչուհի Ջեմմա Քոչարյանը: Նրա կարծիքով, աթեիզմը չբախեց իրենց դուռը, որովհետեւ աչքից հեռու էին, այն ժամանակ էլ, ինչպես մեր օրերում, պաշտոնյաներն առանձնապես չէին հետաքրքրվում գյուղերի անցուդարձով, կարեւորը ժամանակին կոլտնտեսության պլանը տալն էր՝ գյուղին ու գյուղացուն այդ ժամանակ էին հիշում: «Հիմա էլ գյուղի հանդեպ ուշադրությունը չկա, բայց խղճի ազատությունը հո կա: Այս մատուռն էլ փրկություն էր գյուղի բազմազբաղ ժողովրդի համար, ամեն անգամ չէ, որ հարմար էր Ահնիձոր հասնել»,- նկատեց տիկին Քոչարյանը:
Այսօր՝ մատուռի կառուցումից հինգ տարի անց, սրբավայր ուխտագնացություններ են կազմակերպվում նաեւ Մոտկորի ծնունդ մեծ գրող Հրանտ Մաթեւոսյանին հարգանքի տուրք մատուցելու համար: Հրանտ Մաթեւոսյանի բարեկամների, ընկերների ու նրա արձակի սիրահարների խոսքով, Հրանտ մարդն էլ իր գրչի նման տպավորիչ էր, նրան մեկ անգամ տեսնողը երբեք չէր մոռանա նրա ասած խոսքը: Մաթեւոսյան գրողը իր կուրսընկերոջ, բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանի հուշերում տպավորված է ինքնափոփ, ինքն իր մեջ ներսուզված մի մարդ, բայց մեծ հումորի տեր, որը երեւում է նաեւ նրա գործերում. «Առաջին կուրսում, երբ մտանք լսարան եւ ծանոթանում էինք, ուզում էինք հասկանալ, թե ով որտեղից է, չէինք էլ կարող պատկերացնել, որ այդ խոհեմ, համեստ երիտասարդի մեջ նստած է իր երկրի տերը լինելու գաղափարը, որը նա փոխանցեց իր երկրի զավակներին, որ պահեն, պահպանեն, այդ հողը, Մոտկոր աշխարհը»,- ասում է արմատներով Լոռվա Վահագնի գյուղից բանաստեղծը: Ասում է՝ իր ընկեր Հրանտին դեռեւս բանաստեղծություն չի նվիրել, քանզի մինչ այժմ նրանից չի հեռացել ու նրա ներկայությունը զգում է:
Մեծ գրողի հորեղբոր աղջիկը՝ Էմման, որ ապրում է Շամուտ գյուղում եւ Մաթեւոսյանի դասընկերն է եղել, մինչեւ հիմա լավ հիշում է մանուկ Հրանտին, նրա բնավորության թույլ ու ուժեղ կողմերը: Պատմում է, որ Մաթեւոսյան գրողը փոքր տարիքից էլ չի սիրել մաթեմատիկա առարկան, նրա սերը գիր ու գրականությունն էր. «Մարդիկ կան՝ նրա գրածները էնպես չեն հասկացել, ինչպես ինքն է գրել, բայց իմ համար նրա գրականությունը արդիական է եղել»,- ասում է Էմմա Մաթեւոսյանը: Նա լավ հիշում է, որ առաջին անգամ «Աշնան արեւ» ներկայացման ժամանակ երբ ծիծաղել է, լավ իմանալով իրական կերպարի բնավորությունը, գրողի մորը մարմնավորած դերասանուհի Վիոլետա Գեւորգյանը վիրավորվել, ներկայացման վերջում իր մոտ է կանչել Էմմային եւ բացատրություն պահանջել: Էմման էլ, չկարողանալով բացատրել, ստիպված դիմահարդարման սենյակ է տարել գրողի մորը, տիկին Արուսին եւ ծանոթացրել Վիոլետա Գեւորգյանի հետ: Հրանտ Մաթեւոսյանի մյուս դասընկերը՝ Ղազար Նազարյանը հիշում է, թե ոնց էին կիլոմետրերով քայլում, խոսում եւ հետո վիճում մի փուչ բանից. «Ես էլ էի լավ սովորում, բայց իր աշխարհն ուրիշ էր, նա հրաշք էր, ու մենք չէինք հասկանում»:
Գրողի հորաքրոջ տղան՝ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Սամսոն Քառյանը իր անցած ուղու համար երախտապարտ է մեծ գրողին: Նրանից է սովորել հաստատուն լինել իր տեսակետում եւ պարզ վերլուծության միջոցով ցույց տալ իր իրավացիությունը. «Հայրենիքի տիրոջ գաղափարն է դաստիարակում Հրանտ Մաթեւոսյանը, այսօր էլ իր երկրի, բնության հանդեպ ուշադրությունն է պակասում, ինչը քարկոծում էր գրողը: Նա ամեն ինչով էր տարբերվում՝ իր լավ վերաբերմունքով, սիրուն ձեռագրով… Նա եզակի էր»,- հիշում է Սամսոն Քառյանը:
Իսկ գրողի եղբայրը՝ Համլետ Մաթեւոսյանը, վստահ է, որ Հրանտ Մաթեւոսյանի կենդանության օրոք տպագրված վերջին գիրքը՝ «Մի ուրացեք ձեր եղբորը», հավատարմության ուխտ է. «Չի կարելի մեր սրբացյալ անցյալը ձեւախեղել, հարմարեցնել մեր պռատ ու թլվատ լեզվին: Հարկ է ոչ միայն եղբորը չմոռանալ, այլ կատարել պատվիրանները՝ չշնանալ, չգողանալ, ապիկար չլինել, այլ լինել այսպիսին, ՉՈՒ-ՐԱ-ՆԱԼ: Երանի հոգով աղքատներին, մենք բոլորս հոգով աղքատ ենք եւ կարիք ենք զգում Աստծո բանի կամ յոթնաբանի խորհրդի»:
Հրանտ Մաթեւոսյանի պատգամներին ծանոթանալու եւ դրանք հաշվի առնելու նպատակով մատուռ կառուցած եւ ուխտագնացություններ կազմակերպողները կիրակի օրը Դսեղ, Դեբեդ, Չկալով, Քարինջ, Մարց, Ձորագյուղ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր գյուղերի դպրոցներին 70-ական կտոր գիրք նվիրեցին, նաեւ չորս գյուղերի 35 առաջին դասարանցիները մկրտվեցին՝ դարձան քրիստոնյա: Իսկ գնդապետ Սամվել Վանեսյանի նախաձեռնությամբ Մոտկորը աշխարհին ներկայացրած գրողի հիշատակին հուշաքար բացվեց, գնդապետը խոստացավ հաջորդ տարի նույն տեղում տեղադրել մեծ գրողի հուշարձանը կամ խաչքար:
Հ. Գ. «Առավոտի» դեկտեմբերի 8-ի համարում տպագրված Հրանտ Մաթեւոսյանի մասին «Հրանտը մենք ենք» նյութում սպրդել է անճշտություն: Մաթեւոսյանի ծննդավայրի բնակիչ, նրա «Մենք ենք, մեր սարերը» ստեղծագործության հերոսը Ավագ Մաթեւոսյան է, ոչ թե Ավագ Քառյան: Հայցում ենք բոլորի ներողամտությունը: