Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐԱԳԱԾԻ ԴՊՐՈՑԸ ՉԻ ՆՈՐՈԳՎԻ

Դեկտեմբեր 15,2010 00:00

Նախկին փոխմարզպետը վստահ է, որ եթե մարզպետն ինքը լիներ, դպրոցի շինարարությունը անորակ չէր լինի

\"\"
Կոալիցիոն անտարբերությունից հետո այսօրվա մարզպետը  փորձում է խուսափե՞լ պատասխանատվությունից:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2010 թվականից դժգոհ չէ: Ասում է՝ մարզի բնակչության կենցաղի պատշաճ մակարդակ ապահովելու նպատակով, մի շարք գյուղական համայնքներում առաջնահերթ լուծել են խմելու ջրի խնդիրը: Դրանք այն համայնքներն էին, որտեղ ջրագծեր թեեւ կային, բայց մաշվածության պատճառով չէին շահագործվում: Նորակառույց ջրագծերը, մարզպետի փոխանցմամբ, հասել են մինչեւ գյուղական համայնքներ, իսկ սպառողներն անմիջապես ծորակներից օգտվելու հնարավորություն կունենան միայն այն ժամանակ, երբ վերակառուցվի ջրատար ներքին համակարգը: «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը կնորոգի իրեն հանձնված ջրատարները, իսկ համայնքային ենթակայության ցանցերը կնորոգվեն տեղական բյուջեով»,- ասաց մարզպետը:

«Քոփերատիվ հաուզինգ ֆաունդեյշն» միջազգային կազմակերպությունն էլ մարզի մի քանի գյուղերում շինարարական աշխատանքներ կսկսի հաջորդ տարի: Օրեր առաջ մարզպետն ընդունել է ընկերության հայաստանյան ներկայացուցչին եւ ներկայացրել այն համայնքները, որտեղ փլուզման եզրին են մշակույթի պալատի կամ մանկապարտեզի շենքերը: Դրանց թիվը մարզում շատ է, սկզբի համար ընտրվել են Արեգ եւ Սասունիկ գյուղերի մշակույթի տներն ու Մաստարայի մանկապարտեզի շենքը: «Քննարկեցինք նաեւ Կաթնաղբյուր եւ Աշնակ համայնքներում համակարգչային կենտրոններ հիմնելու ծրագիրը: Հիմա ծրագրի հեղինակները կատարվելիք աշխատանքների մասշտաբներն ու իրենց բյուջեի հնարավորություններն են ուսումնասիրում, որ 2011-ին գործի անցնեն: Օտարները ներդրումներ են անում միայն այն ժամանակ, երբ հավատում ու վստահում են գործընկերոջը: Իսկ մենք այդ վստահությունը շահել ենք, ինչի ապացույցը Արագածոտնի մարզում միջազգային ծրագրերի ակտիվությունն է»,- ասաց մարզպետ Սահակյանը:

Վստահության հարցում համամիտ լինելով Արագածոտնի մարզպետի հետ, նրան հիշեցրինք մարզում իրականացված դպրոցաշինական պետական մի ծրագրի մասին, որը իրագործումից հետո համարվեց ձախողված: ՀՀ կառավարության տրամադրած 120 միլիոն դրամով Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղում դպրոց կառուցվեց, որը շահագործման հանձնվեց 2006 թ. սեպտեմբերի 4-ին եւ կարճ ժամանակ անց համալրեց վերակառուցման ենթակա դպրոցների շարքը. շահագործվելուց երկու-երեք ամիս հետո շենքը ներսից ու դրսից ճաքեր տվեց, տանիքը սկսեց կաթել, քանդվեց հատակը, խոնավությունից ծեփահան եղան պատերը: «Շինարարները նույնիսկ ուշադրություն չէին դարձրել այն հանգամանքին, որ այդ համայնքում գրունտային ջրերը բավականին բարձր են: Բացթողումը թույլ էր տրվել դեռեւս նախագծման աշխատանքներում, երբ այդ փաստն անտեսելով՝ նույնիսկ դրենաժներ չէին նախատեսել»,- ասաց մարզի ղեկավարը: Արդյունքում խոնավությունը քաշվել է շենքի պատերից ներս ու թուլացրել կառույցի հիմքը: Շինարարությունն իրականացրել է «Սամվել Սեդրակյան» ՍՊԸ-ն: Անորակ շինարարությունն իրականացնողների դեմ մարզպետը հայց է ներկայացրել դատաիրավական մարմիններին, սպասում է վճռին:

Հոգատար ղեկավարի կեցվածքով խոսող մարզպետին հիշեցնենք, որ Արագած գյուղի դպրոցի մասին «Առավոտը» գրել է այս տարվա ապրիլի 30-ին: «Ով է մեղավոր» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ոչ թե Սարգիս Սահակյանն է անորակ շինարարությունից հետո Արագածի դպրոցի հարցը բարձրացրել, այլ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը այցելել է Արագած գյուղ եւ արձանագրել, որ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը թերի եւ անորակ կատարված շինարարության հետեւանքով արդեն անմխիթար վիճակում է: Ու հենց Արմեն Գեւորգյանի հանձնարարությամբ է մարզպետ Սահակյանը դիմել իրավապահ մարմիններին:

Հարցին, թե խոտանից խուսափելու համար հնարավոր չէ՞ր արդյոք հենց շինարարության ընթացքում որակի վերահսկման հանձնաժողով ստեղծել, մարզպետը պատասխանեց, թե հնարավոր էր, եթե մարզի ղեկավարն այդ ժամանակ ինքը լիներ: Իսկ հիմա Սարգիս Սահակյանին հիշեցնենք, որ Արագածի դպրոցի կառուցումը «գլխառադ» անելու օրերին, ինքը՝ հանրապետական Սարգիս Սահակյանը, փոխմարզպետ էր: Մարզպետը ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանն էր, կրթության եւ գիտության նախարարը՝ ՕԵԿ-ական Սերգո Երիցյանը, քաղաքաշինության նախարարը՝ նախ ՕԵԿ-ական Արա Արամյանը, ապա ՕԵԿ-ական Արամ Հարությունյանը: Փոխմարզպետն էլ, ինչպես այլ պաշտոնյաները, կարող էր մի բան անել, եթե տեղյակ լիներ, եթե ցանկություն ունենար, եթե չհամակերպվեր անցանկալի իրողություններին, եթե…

Հունիսի 8-ին «Խոշոր չափի անտարբերություն» հրապարակմամբ կրկին անդրադառնալով Արագածի դպրոցին, տեղեկացրել ենք, որ դպրոցը տեսքի բերելու համար 22 միլիոն է պետք, եւ կառավարությունն էլ խոստանում է փորձել հարցը լուծել 2011-ի բյուջեով: Նաեւ զարմացել էինք, որ պետությանը 22 միլիոնի վնաս է պատճառվել, սակայն ոչ մի պաշտոնյա չի հեռացվել աշխատանքից:

Այսօր Սարգիս Սահակյանը պնդում է, որ չգիտի, թե ո՞վ եւ ինչպե՞ս է ընդունել ի սկզբանե անորակ կառույցը: Սակայն գիտի, որ 2011թ. պետական բյուջեում Արագածի դպրոցի վերանորոգման համար գումար չի նախատեսված: Մնում է հուսալ, որ դատարանը «Սամվել Սեդրակյան» ՍՊԸ-ին կպատժի անորակ շինարարության համար եւ փոխհատուցման վճիռ կկայացնի: Իսկ մինչ այդ, Արագած գյուղի դպրոցականներն իրենց դասերը կշարունակեն նորակառույց դպրոցի խոնավ պատերի ներսում ու կաթացող տանիքի տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել