Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Ավետիսյանի (լուսանկարում) նախագահությամբ տեւական ժամանակ ընթանում է մի քրեական գործով դատավարություն, որում մասնակցություն ունի ԽՍՀՄ տարիներին Մոսկվայի մարզի քրեական հետախուզության վարչությունը ղեկավարած, խորհրդային էստրադայի լավագույն ամենաճանաչված կոմպոզիտորների շարքին դասված Ալեքսեյ Հեքիմյանի թոռը՝ Մկրտիչ Հեքիմյանը: Բացի Մ. Հեքիմյանից, նույն գործով մեղադրյալներ են ճանաչվել Արտակ Ավետիսյանը, Սերգեյ Աղաջանյանը, Յակով Պիրոեւը, Լեւոն Պասկեւիչյանը, Աղասի Մարտիրոսյանը, որոնք, ըստ մեղադրական եզրակացության, իրենց մեղավոր չեն ճանաչում: Տուժողներ են ճանաչվել Կարապետ Բալյանը, Մեսրոպ Սիմոնյանը, Լիանա Կարապետյանը, Մարիաննա Կարապետյանը: Մեղադրյալներն ու տուժողները երիտասարդներ են: Տուժող է ճանաչվել նաեւ Կարապետյան քույրերի մայրը՝ Լիլյա Ասատրյանը: Գործի հիմքում այս տարվա հին Նոր տարվա՝ հունվարի 13-ի «ռազբորկան» է: Դեկտեմբերի 10-ին Մ. Հեքիմյանի հանրային պաշտպան Կարեն Մանուչարյանը եւ «Արտլյուքս» ՍՊԸ-ի տնօրեն, բոդիբիլդինգի նախկին չեմպիոն Ա. Ավետիսյանի պաշտպան Ռուզան Հովհաննիսյանը հարցաքննում էին մեղադրյալներին: 2010թ. հին Նոր տարին տոնելու համար խմբված ընկերները հաջողացրել են կատարել ամերիկյան ու չինական «վախենալու» ֆիլմերի նման գործողություններ, երբ հարցերը լուծվում են բռունցքով, դանակով, էլեկտրաշոկով, արյամբ ու հայհոյանքներով: Այսուհանդերձ, պաշտպանները հնարավորինս փորձում են դատարանում արդարացնել մեղադրյալներին: Կ. Մանուչարյանը հատկապես շեշտում է անձի ինքնապաշտպանական ռեակցիան, որը վտանգի պահին կարող էր դրսեւորել իր պաշտպանյալը: Նա ակնկալում է դատարանից՝ հաշվի առնել այդ հանգամանքը: Հետաքրքիր է, որ 2010թ. հունվարի 13-ի գիշերը, երբ երիտասարդները, դուրս գալով տնից, իրենց «ռազբորկան» շարունակել են Մաշտոցի պողոտայում, այնտեղ են եղել ՀՀ ոստիկանության գիշերային հերթափոխի աշխատակիցները եւ չեն կանխել «աքլորացած տղերքին»: Ի դեպ, դատավարության ժամանակ դրսից մերթընդմերթ լսվում էր հարսանեկան երաժշտություն, որը «ներդաշնակում» էր դատավարության բովանդակությունը՝ հարուցելով ներկաների, այդ թվում նիստը նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանի զուսպ ծիծաղը: