ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օրինական ուժի մեջ էր թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010թ. հունիսի 9-ի վճիռը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Լոռու մարզի դատախազությունը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 9-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի՝ կաշառք վերցնելու մեջ կասկածվող 3 դասախոսներից երկուսին՝ Ժոզեֆ Կարայանին ու Միսաք Յախշիբեկյանին արդարացրեց, իսկ «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման:
Սակայն դասախոս Ժոզեֆ Կարայանի եւ ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանի պաշտպանները պատշաճ ձեւով տեղեկացված չեն եղել դատախազության՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու մասին:
«Ես բանավոր իմացել եմ, որ բողոքարկելու են, բայց բողոքի պատճենն ինձ չեն ուղարկել: Բնականաբար, ոչ միայն ես՝ որպես պաշտպան, այլ նաեւ իմ պաշտպանյալը՝ որպես դատավարության արդարացված սուբյեկտ, տեղյակ չենք եղել, թե դատախազությունը ինչ հիմնավորումներով է բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը, որպեսզի մենք էլ կարողանանք գրավոր պատասխան ներկայացնել»,- ասում է Ժ. Կարայանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը: Փաստորեն, պաշտպանները հնարավորություն չեն ունեցել նշված բողոքի դեմ պատասխան ներկայացնել, բողոքի հիմնավորումներին ծանոթանալու, ինչը, ըստ օրենքի՝ միակողմանի է եւ ընդունելի չէ:
«Քանի որ Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքին կից պետք է ներկայացվեր նաեւ բողոքը կողմերին հանձնելու մասին գրավոր հիմնավորում, ինչ չի արվել, ուստի ՀՀ վճռաբեկ դատարանը, օրենքի պահանջներից ելնելով, չի կարող այդ բողոքը վարույթ ընդունել, կվերադարձնի՝ այդ բացը լրացնելու համար»,-կարծիք է հայտնում պաշտպան Հակոբյանը:
ՀՀ վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել նաեւ «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը՝ իր պաշտպանյալին արդարացնելու պահանջով: