Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԻ ՊԵՏԻՆ ԵՆ ԴԻՄԵԼ

Դեկտեմբեր 15,2010 00:00

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հ.Հովսեփյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին են դիմել մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի 21 շենքի բնակիչներ՝ թոշակառու Կարինե Շահվերդյանն ու թիավարության նախկին ԽՍՀՄ չեմպիոն Սերգեյ Գեւորգյանը:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում դարձել ենք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 1-ին բաժնի պետ Արծրուն Թորոսյանի ապօրինությունների եւ շանտաժների զոհը: Ա. Թորոսյանը, օգտագործելով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության բաժնի պետ լինելու փաստը, փորձում է տիրանալ մեր սեփականությանը՝ պատշգամբին»,- ահազանգում են նրանք:

Կարինե Շահվերդյանն ու Սերգեյ Գեւորգյանը 55 եւ ավելի տարիներ բնակվում են Բաղրամյան պողոտայի նշյալ շենքում: 2002 թ.-ին նրանք բնակարանին կից կառուցել են 8,6 քմ կցակառույց՝ պատշգամբ, որն օրինականացվել է եւ Երեւանի քաղաքապետի թիվ 838-Ա որոշմամբ դարձել է բնակարանի սեփականության վկայականի անքակտելի մասը:

Բողոքաբեր ընտանիքը տեղեկացնում է, որ 5 տարի առաջ իրենց շենքում հայտնված Ա. Թորոսյանը մտադիր է քանդել տալ շենքի մուտքի կողմում գտնվող, որեւէ մեկին չխանգարող կցակառույցը, ըստ նրանց. «սպառնում է մեզ՝ տալով ՀՀ նախագահի եւ նախագահի վերահսկողական ծառայության անունները»:

«Մենք մեր տուն հրավիրեցինք մեր հարեւան Թորոսյանի կնոջը: Կինն ավելի վճռական գտնվեց, նշելով, որ մեր օրինական պատշգամբը չքանդելու դեպքում կքանդեն մյուս՝ 3,2 քմ պատշգամբը՝ կրկին հիշեցնելով իր ամուսնու զբաղեցրած պաշտոնն ու հնարավորությունները»,- պատմում է Կ. Շահվերդյանի դուստրը:

Վերջերս դիմումատուների բնակարան հաճախակի են այցելում քաղաքապետարանի աշխատակիցներ ներկայացած անձինք, որոնք «հետաքրքրվում» են նախագահականի աշխատակցին խանգարող պատշգամբով, դրա «կարգավիճակով», պահանջել եւ ուսումնասիրել են պատշգամբին առնչվող բոլոր փաստաթղթերը:

Թոշակառու Կ. Շահվերդյանի համար հասկանալի չեն մի կողմից նախագահի վերահսկողական ծառայության բացահայտումները, անաչառ ստուգումները պետական պաշտոնյաների գործունեության հետ կապված, մյուս կողմից՝ այն, որ կառույցում կան մարդիկ, որոնք ճնշում են գործադրում շարքային քաղաքացիների վրա. նրանց պատճառելով առաջին հերթին հոգեբանական ցավ:

«Թույլ տվեք մեզ մեր մնացյալ կյանքն ապրել առանց այդպիսի պաշտոնյաների ու նրանց անհարկի միջամտությունների», խնդրում է թոշակառու ընտանիքը:

Պատրաստ ենք տպագրել հարեւանի՝ Արծրուն Թորոսյանի խոսքը, հակափաստարկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել