«Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը կոլեկտիվ հանցագործություն է՝ պետական պաշտոնյաների մասնակցությամբ»,-երեկ Թեղուտի հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանը: «Արմինֆոյի» փոխանցմամբ, բնապահպանները մատնանշել են Թեղուտի հանքավայրի շահագործման՝ ACP ընկերության կողմից ներկայացված նախագծում մի շարք անճշտություններ: Օրինակ՝ մեկ քառակուսի մետր հողատարածությունը գնահատվել է 0,8 դրամ ծիծաղելի գումար, իսկ քառակուսի մետր անտառային հողատարածքը՝ 2,8 դրամ: «Ստացվում է, որ 12 քմ հողատարածքը արժե նույնքան, որքան մեկ լուցկու տուփը»,- նշել է Հ. Սանասարյանը: Ընկերության հայտարարությունները, թե Թեղուտի հանքավայրի յուրացման ընթացքում կհատվի 357 հա անտառ, Սանասարյանը կասկածելի է համարել: «Փաստաթղթերն ուսումնասիրելիս մենք հանդիպեցինք հետաքրքիր փաստի. Թեղուտի անտառի թփերը եւ թփուտները փաստորեն հաշվի չեն առնվում: Ավելի վաղ հնչում էին 1970 հա մասին տվյալներ, այնուհետեւ դրանք «նվազեցին» մինչեւ 1400 հա, իսկ որոշ ժամանակ անց փաստաթղթերում արդեն նշվում էր 357 հա»,- ասել է նա: Սանասարյանը մատնանշել է նաեւ այն, որ նախագծում տնտեսական ընդհանուր վնասը գնահատվել է տարեկան 2,5 մլրդ դրամ. «Սակայն մեր օրենքները թույլ են տալիս ընկերությանը չվճարել այդ գումարը պետբյուջե: Այդ ամենը կրում է ձեւական բնույթ»:
Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծի էկոլոգիական անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովը կազմակերպվել է «SOS Թեղուտ» նախաձեռնող խմբի կողմից՝ վրացական Green Alternatine հ/կ-ի հետ համատեղ: