«Հայտնի է, որ մեծածախ ինտերնետի գինն անհամեմատ էժան է, քան մատուցվում է մանրածախին, նույնիսկ, եթե այն բերվում է Վրաստանից կամ Իրանից: Ինձ համար՝ որպես ինտերնետ օգտագործողի, պարզ է, որ ինտերնետը դեռ անմատչելի է սուղ պայմաններում ապրողների համար: Մեկ-երկու տարի առաջ, երբ ինտերնետը թույլ էր, բայց արժեր 6000, ապա՝ 5000 դրամ (օգտվում էի մասնավոր փոքր ինտերնետ մատակարարից), դժգոհությունս այն էր, թե ինչո՞ւ է կապը 1-2 ժամով անջատվում: Հետո, երբ տեղեկացա, որ Ucom ընկերությունը գնում է այդ փոքր ընկերության «տարածքները», պատվիրեցի Ucom-ի ամենաէժան, բայց աշխատակիցների ներկայացմամբ՝ գերարագ, 8000-դրամանոց փաթեթ եւ նաեւ կաբելային հեռուստատեսություն՝ 76 ալիքով: Բնակարանում սարքեր տեղադրելու եւ կայանին միացման համար անհրաժեշտ եղավ համբերել 1 շաբաթ: Իսկ միացումից հետո ինտերնետից օգտվելն ու 76 ալիքներից որեւէ մեկը վայելել հաջողվեց ընդամենը 2 ժամ, այն էլ՝ մեծ ընդհատումներով»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էր դիմել Սուսաննա Մարգարյանը: Ըստ նրա՝ «10 օրից ավելի սպասելով բաղձալի կապին՝ փորձում եմ հասկանալ, թե ինչո՞ւ Ucom-ը իր նոր հաճախորդներին պատշաճ կարգով ինտերնետ չի տրամադրում: Կա՛մ աշխատակիցները չեն հասցնում «նվաճած տարածքները» սպասարկել, կա՛մ զլանում են սպասարկել համեմատաբար ցածր սակագնային պլանից օգտվողներին: Մինչդեռ, ըստ էության, այս ընկերությունը դաշտից հանում է ինտերնետի մանրավաճառներին: Սա նշանակում է՝ մոռանանք հանրապետության ղեկավարների՝ մանր ու միջին բիզնեսին աջակցելու մասին մեծամեծ խոստումները: Սա հիշեցնում է՝ «կպցնենք ու թռնենք հայավարի» կարգախոսը»:
Ucom-ից պարզաբանեցին, որ իրենց մոտ բաժանորդի բողոքած օրերին տեխնիկական խնդիրներ են եղել եւ անհրաժեշտություն է առաջացել դիագնոստիկ աշխատանքներ անելու, որի արդյունքում թերությունները շտկվել են. «Նա արդեն օգտվում է մեր ծառայություններից, դարձել է մեր բաժանորդը ու ոչ մի դժգոհությամբ մեզ չի դիմել: Չմատուցված ծառայությունների դիմաց մենք նրանից գումար չենք գանձելու»: