Լրահոս
Օրվա լրահոսը

Պատճառը աղքատությունն է

Դեկտեմբեր 15,2010 00:00

Բարեգործական ճաշարանի այցելուները, պակասելու փոխարեն, ավելանում են

Էրեբունի համայնքում արդեն 13 տարի գործող, հանրակացարանային շենքերով շրջապատված բարեգործական ճաշարանն այսօր դարձել է տասնյակ անապահով ընտանիքների միակ ապրուստի միջոցը: Իսկ ամենացավալին այն է, որ այս ճաշարանից օգտվողների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները: Այն հիմնադրվել է ամերիկահայերի ԲԱՖԱ կազմակերպության եւ Հայ օգնության ֆոնդի օժանդակությամբ: Մեզ հետ զրույցում բարեգործական ճաշարանի պատասխանատու Ծովինար Մկրտչյանը պատմեց, որ շահառումները հիմնականում միայնակ թոշակառուներն են, ծնողազուրկ երեխաներ, որբեր. «Սա Երեւանի ամենաչքավոր եւ աղքատ համայնքն է: Եվ ում տուն էլ մտնեք՝ նույն չքավոր վիճակն է:

Հանրակացարանների բնակիչները հիմնականում գործարանների նախկին բանվորներն են, շրջաններից եկած մարդիկ, որոնք այսօր այստեղ գոյատեւելու ոչ մի հնարավորություն չունեն: Փախստականներ էլ կան: Գալիս են ողջ համայնքից, ուրիշ ճար չունեն, ամբողջ ճանապարհը գալիս են ոտքով, ձմռանը սարսափելի վիճակ է լինում: Ամռանը ծերերը երկար են գալիս նստում այստեղ, շախմատ են խաղում: Այս տարիների ընթացքում շատ մարդիկ մահացան: Միայն այս դեկտեմբերի սկզբին 1-2 մարդ մահացավ: Եվ, ցավոք, մահացողները ծերեր չէին»: Տիկին Մկրտչյանի խոսքերով, ժամանակին տարիքային սահմանափակումներ չեն եղել, եւ ճաշարանից օգտվել են անգամ 18-20 տարեկանները, սակայն հիմա, քանի որ գնալով քաղցած մարդկանց թիվն ավելանում է, 17 տարեկանից բարձրերին չեն ընդունում: Այսօր, Ծ. Մկրտչյանի տվյալներով, 20-22 երեխա է ճաշարանում սնվում. «18 տարեկանում կարող են արդեն աշխատել, չնայած լավ գիտենք, որ հանրապետությունում աշխատանք գտնելն այսօր շատ դժվար է: Երբ սկսեցինք աշխատել Հայ օգնության ֆոնդի հետ, վիճակը բավականին բարելավվեց: Ժամանակ առ ժամանակ մարդկանց հագուստ ենք բաժանում, դա էլ բավականին օգնություն է»:

Տիկին Ծովինարի ներկայացմամբ, առաջ շատ հաճախ շահառուների համար համերգներ են կազմակերպվել եւ բոլոր տոները նշել են, սակայն այժմ ֆինանսավորման պակասի պատճառով չեն կարողանում:

«Պետք է աշխատատեղեր ավելացնել, մարդկանց աշխատանք տալ: Ամենակարեւորը դա է: Ամբողջ այս շրջակայքի տղամարդկանց 99%-ը չի աշխատում: Եվ դրա պատճառով աճում է հարբեցողությունը, հանցագործությունը: Եթե մարդիկ աշխատանք ունենան, ապա նման ճաշարանների կարիք այլեւս չի զգացվի: Իսկ քանի դեռ կա գործազրկություն, անապահով վիճակ, բարեգործական ճաշարանները անհրաժեշտ կլինեն»,- համոզված է Ծ. Մկրտչյանը:

Նշենք, որ ԲԱՖԱ կազմակերպության առաջարկով «Մանանա» կենտրոնի պատանի լրագրողներն ու ֆոտոլրագրողները ճաշարանի երեխաների համար կազմակերպել են լրագրության եւ ֆոտոլրագրության դասընթացներ: Ամեն օր կենտրոնի պատանի լրագրողներն ու ֆոտոլրագրողներն այցելել են նրանց, սովորեցրել գրել, կարդալ, լուսանկարել, հետո միասին ճաշել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել