Երեկ մեկ անգամ եւս քննարկվեց Գյումրին բարեկարգ՝ ժամանակակից փողոցներով ու տրանսպորտով տեխնոքաղաք դարձնելու ուտոպիան
Արդեն երկրորդ տարին է՝ էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է ավերակ Գյումրին գերժամանակակից տեխնոքաղաք դարձնելու, բարձրակարգ լաբորատորիաներ հիմնելու, հետագայում նաեւ՝ աշխարհի առաջադեմ բուհերի ուսանողներին այստեղ տեղափոխելու գաղափարը:
Այդ նպատակի համար, որը, պատասխանատուների խոսքով, հազիվ թե իրագործելի դառնա 15-20 տարի անց, արդեն իսկ ծախսվել է մեկ միլիոն դոլար: Կառավարությունն այս տարվա նոյեմբերին հաստատել է 30 մլն դոլար արժողությամբ ֆինանսական ծրագիրը, որից 24 միլիոնը Համաշխարհային բանկի ներդրումն է: Երեկ Գյումրիի «Արաքս» հյուրանոցում տեխնոպարկի հոգաբարձուների խորհուրդը արտագնա նիստ էր գումարել՝ արած ու չարած գործերը հստակեցնելու նպատակով: Այս անգամ միակ նորությունը թերեւս այն էր, որ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող հին շենքը 15 տարի ժամանակով տրամադրվել է տեխնոպարկին՝ իհարկե այն վերանորոգելու պայմանով, եւ 60 մլն էլեկտրատեխնիկա է ներմուծվել, որը մաքսազերծման փուլում է: Ինչպես տեղեկացրեց տեխնոպարկի տնօրեն Գուրգեն Պարոնյանը, շուտով մրցույթ կհայտարարվի մանկավարժականի հին շենքի վերանորոգման համար, ու ապրիլին կսկսվեն աշխատանքները: Քանի որ գյումրեցիները անչափ թերահավատորեն են վերաբերվում այս ծրագրին, «տեխնոքաղաք» բառը լսելիս ակամա ժպտում են, կարծելով, որ սա փողեր լվանալու յուրահատուկ ձեւ է: Էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը մեկ անգամ եւս գյումրեցիներին հորդորեց հանգիստ լինել, քանի որ նախարարությունը պատրաստակամ է ծրագիրը հասցնել իր տրամաբանական ավարտին: Շարքային գյումրեցիների պես՝ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ կարծես թե թերահավատորեն էր վերաբերվում խոստումներին, համենայնդեպս, այդպես կարելի էր զգալ նրա հարցադրումից, որը մարզպետն ուղղեց զեկուցողներից մեկին: «Դուք կարծում եք, թե որոշակի հաջողությունների հասե՞լ եք. կարծո՞ւմ եք, թե՞ հասել եք»,- հետաքրքրվեց մարզպետը: «Անհամեստ կլինի ասել, թե հասել ենք»,- հնչեց պատասխանը, որին պարոն Գիզիրյանը արձագանքեց այսպես. «Փաստորեն որոշումը թողնում եք մեզ վրա»:
Ի դեպ, մարզպետը հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ակնարկեց նաեւ, որ Գյումրիի համար լավ գործ կատարելու համար պարտադիր չէ գյումրեցի լինելը: «Ես ծնունդով գյումրեցի չեմ, բայց չեմ կարողանա՞ մի լավ բան անել Գյումրիի համար, եկեք վերջ տանք այս շեշտադրումներին՝ ով որտեղից է, ասեք՝ ինձանից ինչ է կախված որպես մարզպետ, պատրաստ ենք օգնել»,- ասաց մարզպետը:
Տեղեկացնենք, որ տեխնոքաղաքի ծրագրի շրջանակներում իրագործվելու է նաեւ «պատմական քաղաքների վերականգնման ծրագիր»: «Չնայած գյումրեցի չենք, բայց ուզում ենք Գյումրիի դեմքը պահպանել»,- մարզպետից օրինակ առնելով՝ կատակեց քաղաքաշինության փոխնախարարը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն էլ հույս տվեց, որ մյուս տարվա սկզբից կսկսվի Ասիական բանկի ծրագիրը, որը ենթադրում է յոթ քաղաքների ենթակառուցվածքների վերականգնում, 1 մլն դոլար էլ Գյումրիի համար կներդրվի: Նախարարի ներկայացնելով, ծրագիրը ենթադրում է ոչ միայն փողոցների լուսավորում, ինտերնետի առկայություն, այլեւ գերժամանակակից տրանսպորտ: Այդ քաղաքների շարքում ընդգրկվելու է նաեւ Երեւանը:
Ի դեպ, նախարար Ներսես Երիցյանը նեղսրտեց, որ մամուլում քննադատվել է Գյումրիում տեխնոպարկ ստեղծելու գաղափարը: «Դա թյուրըմբռնման արդյունք է, փոքրի մեջ մեծ են տեսնում, մեծի մեջ՝ փոքր, հոռետեսությունն էլ թույլ չի տալիս առաջ նայել, մեր նպատակը Գյումրին արհեստների ու արվեստների քաղաք դարձնելն է»,- մեկ անգամ եւս կրկնեց նախարարը՝ մոռանալով, որ Գյումրին վաղուց արհեստների ու արվեստների քաղաք է, սակայն դատարկվում է նույն էկոնոմիկայի նախարարության՝ այսքան տարի մատը մատին չխփելու, աշխատատեղերի հարցը չլուծելու պատճառով: