Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՅՐԵՆԻԻ ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐ ԸՆԿԱԼԵԼԻ Է

Դեկտեմբեր 15,2010 00:00

Ասում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը

– ԱԺ-ն առաջիկա օրերին երկրորդ ընթերցմամբ քննարկելու է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը, սակայն դրանց վերաբերյալ դեռ պահպանվում են մտահոգությունները: Մասնավորապես, որ նախագծերը հակասում են Կրթության բնագավառում խտրականության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային, որին Հայաստանը միացել է 1993-ին: Կոնվենցիայի 5-րդ հոդվածում կարեւորվում է «հանրային իշխանությունների կողմից պահվող ուuումնական հաuտատություններից բացի՝ այլ ուuումնական հաuտատություններ ընտրելու ազատության հարգումը»: Արդյոք այս դրույթը չի՞ հակասում նախագծի այն կետին, ըստ որի՝ միջազգային դպրոցների քանակը պետք է լինի սահմանափակ:

– Այս ընթացքում, ինչ կառավարությունն առաջարկեց օրենսդրական այս փոփոխությունը՝ մենք անցանք բազում մտահոգությունների, շահարկումների եւ անգամ ագրեսիայի միջով: Եթե պայմանականորեն բաժանեմ՝ հասարակական ե՛ւ դրական, ե՛ւ բացասական արձագանքի մեջ շուրջ 65%-ը մտահոգություն էր, 25%-ը՝ շահարկում, իսկ 10%-ն ագրեսիա: Լուծվել է հսկայական հատված մտահոգությունների, որը մենք էլ ունեինք, ու հասարակական քննարկումների շնորհիվ կարողացանք գտնել դրանց փարատման ձեւերը: Շահարկումների դեմ այսօր պայքարել չեմ կարող՝ դրանք քաղաքական դաշտում են, իսկ ես դեռ ակտիվ քաղաքական գործունեության մեջ չեմ: Ագրեսիային առավել եւս չեմ պատասխանել ու չեմ պատասխանելու ագրեսիայով, քանի որ կարծում եմ, թե ՀՀ կրթության եւ գիտության նախարարը պետք է լինի բարեկրթության օրինակներից մեկը՝ ցանկացա՛ծ քննարկումների փուլում:

Ձեր մատնանշած մտահոգությունների մասին պետք է վստահաբար ասեմ, որ այս փաթեթը չի հակասում միջազգային որեւէ պայմանագրի եւ պարտավորության: Եթե այդ մոտեցումով առաջնորդվենք, ինչը ներկայացնում եք իբրեւ փաստարկ, թե իբր հակասություն կա, ապա այդ դեպքում պետք էր նաեւ առհասարակ հանել թվաքանակի եւ արտոնագրման որեւէ կանոնակարգում՝ դպրոցից մինչեւ բուհեր: Չէ՞ որ այսօր էլ ՀՀ-ում, օրինակ, բուհական համակարգն ունի իքս քանակով արտոնագրված տեղեր ու դրանից ավելի ուսանողներ ընդունվել չեն կարող: Սահմանափակումների համակարգը գոյություն ունի ու համապատասխանում է ե՛ւ միջազգային իրավունքի դրույթներին, ե՛ւ ՀՀ օրենսդրությանը: Դպրոցները բացառություն չեն: Առավել եւս, որ սահմանափակումը ներմուծվել է՝ արձագանքելով այն ազնիվ մտահոգություններին, թե դպրոցների թիվն անսահմանափակ լինելու դեպքում կարող է աղճատել մեր կրթական համակարգը, հանգեցնել ազգային դպրոցի այլասերման եւ հասարակական ընկալման մեջ հայկական դպրոցը դարձնել երկրորդ կարգի: Այդ մտահոգությունների պատճառով է, որ մենք նաեւ արգելել ենք նման դպրոցներին մասնաճյուղեր ունենալ եւ այլն: Այսինքն՝ առողջ քննադատության դաշտից մենք առավելագույնս քաղել ենք ամեն մի ինտելեկտուալ հատիկ, որ զետեղենք օրենքում, ու եւս մեկ անգամ փաստենք, թե այս օրենքն ուրիշ որեւէ նպատակ չի հետապնդում, քան ՀՀ կրթական համակարգում միջազգային կրթական ծրագրերի իրականացման հնարավորության ապահովումն է:

– Թերեւս չեք հերքի՝ փորձը ցույց է տալիս, որ դպրոցներում սահմանափակ տեղերն ավելացնում են կոռուպցիոն ռիսկերը: Ինչպե՞ս եք նախատեսում անդրադառնալ այս հարցին:

– Շատ հստակ: Մենք մղում եւ մղելու ենք հակակոռուպցիոն պայքար: Եվ մինչ այդ դպրոցների ձեւավորումը՝ բավականին մաքրված կլինի դաշտը: Բացի այդ՝ հիշեցնեմ, որ այդ 11 հաստատությունները լինելու են ոչ պետական: Կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերը, որպես կանոն, շաղկապված են պետական դպրոցների եւ բուհերի հետ, իհարկե՝ դրանք գոյություն ունեն նաեւ կրթական մասնավոր համակարգում: Հաշվի առնելով, որ այդ դպրոցների գործունեությունը լինելու է ամբողջությամբ ոչ պետական, նաեւ միջազգային ստանդարտիզացման եւ միջազգային հանրության կողմից ընկալվելու կարեւորության խնդիրը՝ վստահ եմ, որ այդ հաստատությունների ապագա մենեջմենթը միտված է լինելու, որ այդ դպրոցների աշխատանքն ու գոյությունն իրենց արդարացնեն կրթության որակի տեսանկյունից: Հետեւաբար այստեղ կոռուպցիոն ռիսկերի մասին կարելի է մտահոգվել, բայց «Կիկոսի մահ» սարքելը, կարծում եմ, սխալ է:

– Այսուհանդերձ՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության 2010 թվականին իրականացրած հետազոտությունների համաձայն, Հայաստանում ամենակոռումպացվածը հենց կրթական ոլորտն է:

– Այդ հետազոտությունն ապացուցեց, որ կառավարության հարցումները նույնպես ճիշտ էին: Անհրաժեշտ է հասարակական փոխհամաձայնություն կոռուպցիայի վերացման հրամայականի շուրջ. չէ՞ որ ըստ նույն հետազոտության՝ կաշառք է տվել մարդկանց 22%-ը: Ավելի մտահոգիչ է հասարակական այն կարծիքը, ըստ որի՝ մի ստվար զանգված հանդուրժում է կոռուպցիան: Բայց կոռումպացվածության մակարդակի հաշվարկման մեթոդաբանությունները տարբեր են: Օրինակ՝ USAID-ն Կովկասյան հետազոտությունների կենտրոնի հետ միասին օրերս հրապարակեց մեկ այլ հարցում, որտեղ կրթության ոլորտը 4-րդ կամ 5-րդ տեղում էր:

– ՀՀ վարչապետը Ճարտարագիտական համալսարանում հայտարարեց, որ օտարալեզու դպրոցները մեր երկրի համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ օտար լեզուների իմացությունը կարեւոր է նաեւ ազգային անվտանգության ապահովման համար: Ըստ այդմ, պատրաստվո՞ւմ եք արդյոք թուրքական դպրոց բացել այդ կարիքները հոգալու համար: Եթե այո՝ ե՞րբ եւ որտե՞ղ: Եթե ոչ, ապա ինչպե՞ս եք ապահովելու թուրքերեն իմացողների անհրաժեշտ քանակը, եւ ինչո՞ւ նույն մոտեցումը չի կարելի նույն եղանակով ապահովել այլ լեզուների դասավանդման պարագայում:

– Հերթական սոփեստական ինտելեկտախաղն էր: Ինչ-ինչ, բայց մեր որոշ քննադատներ հմտացել են սոփեստության մեջ՝ առավել եւս, խելոք մարդիկ, որոնք կարողանում են չեղած տեղից շաղկապել իրար հետ որեւէ կապ չունեցող հասկացություններ եւ երեւույթներ ու վերջում տալ ենթատեքստերով հարցեր:

Թուրքական դպրոցների բացում չի նախատեսվում, եւ միանշանա՛կ է՝ չեն բացվելու թուրքական դպրոցներ: Թուրքերենի իմացությունը, որպես լեզուներից մեկի, կարեւոր է տարածաշրջանային համատեքստում: Եվ այն կարող է լուծվել նախ մասնագիտական կրթության մակարդակով (օրինակ՝ այս տարի խնդրել ենք, որ միջպետական կրթաթոշակների շրջանակում օսմանագիտության եւ թուրքագիտության հավելյալ տեղեր հատկացվեն ՌԴ-ում): Բացի այդ՝ ՀՀ-ում թույլատրված է 3-րդ օտար լեզվի դասավանդումը միջին դպրոցում: Եվ արդեն գիտեմ մի դպրոց՝ «Հայասպետ» կրթական լրացուցիչ ծառայություններ մատուցող կենտրոնը, որը ցանկանում է որպես 3-րդ օտար լեզվի դասավանդում ներմուծել թուրքերենը: Մի ավագ դպրոց էլ արդեն վերապրոֆիլավորում ենք, պատկերավոր ասած, «մինի Բրյուսովի համալսարան» մոդելով: Այնտեղ կլինեն լեզվական խորը ուսուցմամբ դասարաններ՝ ֆրանսերենի, գերմաներենի, անգլերենի, ապագայում գուցե նաեւ այլ լեզուների, չի բացառվում՝ նաեւ թուրքերենի: Մենք պարտավոր ենք բարձրացնել լեզուների դասավանդման մակարդակը բոլո՛ր հանրակրթական հաստատություններում:

– Մինչդեռ հայերենի դասավանդումը, համաձայն ԳԹԿ-ի հոկտեմբերին անցկացրած գնահատման՝ շարունակում է արձանագրել աղետալի ցածր արդյունքներ: Ի՞նչ է արվում այդ կապակցությամբ:

– Մեզ մտահոգում են ԳԹԿ-ի տվյալները, որոնք եւս մեկ անգամ ապացուցում են, որ կրթության որակը Հայաստանում համասեռ չէ, եւ դեռեւս բազմաթիվ դպրոցներ կան, որոնք չեն համապատասխանում կրթության նվազագույն չափանիշներին: Մայրենիի չիմացությունն առավել եւս ծանր է ընկալել՝ ե՛ւ հոգեբանորեն, ե՛ւ ՀՀ ԿԳ նախարարի համար: Այստեղ խնդիրները շատ ավելի բազմազան են ու բազմապիսի, քան երեւում է առաջին հայացքից: Անկյունաքարային խնդիրը ուսումնական ծրագրերի վերանայման հրամայականն է: Դրանք շատ խիտ են, դասաժամերը չեն համապատասխանում կրթական չափորոշիչներով եւ ուսումնական ծրագրերով նախատեսված ծավալին: Դասերը քիչ են, նյութը՝ շատ: Նախարարությունն ունի խնդիր եւ այն սկսել է լուծել 2010 թվականից, շարունակելու է 2011-ին՝ բեռնաթափել ուսումնական ծրագրերը:

– Ամիսներ առաջ հայտարարեցիք, թե կարդալով Վրաստանի նախագահի ելույթն անգլերենը երկրի երկրորդ լեզուն դարձնելու վերաբերյալ՝ «Հասկացա, որ դեժավյու ունեմ, քանի որ 6 ամիս առաջ նույն բանն ասում էինք մենք»: Ճշտենք՝ Վրաստանում չեն բացվում օտարալեզու դպրոցներ, այլ օտար լեզուների դասավանդման որակը բարձրացվելու է վրացական, հայկական, ադրբեջանական դպրոցներում:

– Վրաստանը վաղուց է թույլատրել միջազգային կրթական ծրագրերի իրականացում օտար լեզուներով՝ դեռ 90-ականների վերջից: Եվ ես դեժավյու էի ապրել ոչ այն պատճառով, թե Վրաստանն էլ է բացում միջազգային դպրոցներ, այլ այն կարեւորությունից, որ իրենց նախագահը տվեց բիլինգվալ հասարակության խնդրին: Ես Սահակաշվիլիից առաջ էի ելույթներիցս մեկում ասել, որ 21-րդ դարի հայ երիտասարդը պետք է առնվազն բիլինգվալ լինի:

– Դուք ասել էիք՝ «Հայ հասարակությունը պետք է լինի եռալեզու, այսինքն՝ իմանա հայերեն ու նաեւ գերազանց տիրապետի գոնե ռուսերենին ու անգլերենին»:

– Այո, ե՛ս եմ դա ասել: Եվ դա ասել եմ Սահակաշվիլիի ելույթից մի քանի ամիս առաջ: Իսկ Վրաստանի նախագահն ասաց, թե ինքն ուզում է, որ 6-16 տարեկանները, վրաց ուսանողությունը լինի բիլինգվալ: Դա է եղել իմ դեժավյուի պատճառը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել