Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ԲՈՅԿՈՏՈՒՄ Է ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

Դեկտեմբեր 15,2010 00:00

ԱԺ արտահերթ նստաշրջանի երեկվա նիստի սկզբում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Առաջին դեպքը չէ, որ տարեվերջին կառավարությունը նախաձեռնում է արտահերթ նստաշրջանի հրավիրում՝ բավականին մեծ օրակարգով: Այն, ինչ որ տարվա ընթացքում պետք է անեին՝ փորձում են սղացնել հիմա: Մենք այս ոճը չենք ընդունում: Ընդ որում՝ այնտեղ անպայման կարող են լինել նաեւ օրենքներ, որոնց մենք կողմ կքվեարկեինք, եթե քննարկմանը մասնակցեինք, ինչը չենք անելու: Չենք անելու հետեւյալ պատճառով՝ 1-ին, 2-րդ, 3-րդ ընթերցումների արանքում դրված է այնքան կարճ ժամանակ, որ պարզ է դառնում՝ ո՛չ պատգամավորը կհասցնի ծանոթանալ օրենքին, ո՛չ կհասցնի առաջարկներ անել»:

Հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, թե կիսում են ՀՅԴ-ի «մտահոգությունները եւ առարկությունները ոչ միայն այս նիստի օրակարգի ու ծանրաբեռնվածության առումով», այլեւ անընդունելի են համարում օրակարգում ընդգրկված Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում լրացումը եւ այլն. «Նման պայմաններում ուղղակի անհնար է նորմալ քննարկումներ կազմակերպել»: Նաեւ հավելեց. «Անընդունելի է այս գործելաոճը, որովհետեւ կառավարության ասելիքը հետեւյալն է. ուզում եք քննարկել՝ նստեք մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամը 24.00-ը: Ուզում եք շուտ գնալ տները՝ ուրեմն առանց քննարկման ընդունեք օրենքները»: Նա պահանջեց 20 րոպե ընդմիջում, որի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարներին հրավիրեց խորհրդակցության: Դրանից հետո ՀՅԴ խմբակցությունը չվերադարձավ դահլիճ: Իսկ «Ժառանգությունը» յուրաքանչյուր քվեարկությունից առաջ վերցնում էր 20-րոպեանոց ընդմիջումներ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը սա որակեց իբրեւ «քաղաքական կամակորություն», իսկ Համլետ Հարությունյանը՝ «քաղաքական տրյուկ, դեմարշ»: Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասխան հայտարարեց. «Նման քարոզներ, դատավորի կեցվածք հարիր չէ ո՛չ մեզ, ո՛չ ձեզ: Սա քաղաքական մարմին է. փոքրամասնությունն ունի իր իրավունքները, վիճահարույց ակնհայտ խնդիրներ կան այս արտահերթ նստաշրջանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել