Միջազգային այս կազմակերպությունը դիմել է ՀՀ իշխանություններին՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանին:
Երեկ Human Rights House Foundation միջազգային կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ նախագահին ու ՀՀ գլխավոր դատախազին, նաեւ ՀՀ արդարադատության փոխնախարարին եւ լրջորեն անհանգստացած լինելով անազատության մեջ գտնվող լրագրող Նիկոլ Փաշինյանի դեմ կատարված վերջին հարձակումներով՝ կոչ է արել նրան անմիջապես ազատ արձակել:
Հիշեցնենք, որ Human Rights House Foundation կազմակերպությունը համագործակցության ֆորում է, որը միավորում է 70 հասարակական կազմակերպությունների՝ աշխարհի 15 երկրներում. Արեւմտյան Բալկաններում, Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում, Արեւելյան Աֆրիկայում եւ Արեւմտյան Եվրոպայում:
Կազմակերպության նամակում ասված է. «Մենք համարում ենք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացած դատավճիռը անօրինական եւ դեմ նրա ազատության ու անվտանգության իրավունքներին»: Փաստաթղթում պահանջ կա անհապաղ ազատել ոչ միայն Փաշինայնին, այլեւ բոլոր քաղբանտարկյալներին, «կիրառել հնարավոր բոլոր միջոցները քաղբանտարկյալների նկատմամբ բռնությունները, սպառնալիքները եւ հալածանքները կանխելու համար, ապահովել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը բանտում եւ վարել անհապաղ եւ անկողմնակալ հետաքննություն՝ կապված Փաշինյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակումների հետ, եւ արդարադատությանը հանձնել պատասխանատուներին, ապահովել Փաշինյանի անկախ բժշկական զննության իրականացումը, հետեւել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագրի, Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ կոնվենցիայի եւ ՀՀ Սահմանադրության կետերին, ու հատկապես՝ հարգել եւ երաշխավորել ազատության ու անվտանգության իրավունքները»:
«ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր եւ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին եւ մյուս քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պահանջով երեկ հերթական անգամ հանդես է եկել նաեւ «Իրավունքի եւ ազատության կենտրոնը»: «Կրկին անգամ դատապարտելով քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտմանն ու անվտանգությանն ուղղված ՀՀ իշխանությունների ձեռնարկած ցանկացած քայլ» կենտրոնը դիմել է հայաստանյան ու միջազգային իրավապաշտպան եւ այլ հասարակական ու լրագրողական կազմակերպություններին, ինչպես նաեւ քաղաքական կուսակցություններին՝ առաջարկելով միանալ Փաշինյանի պաշտպանության գործին եւ իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն լրագրողի, «ով վտանգված է եւ ում դեմ այսօր աշխատում է իշխանական մեքենան իր ողջ հզորությամբ»:
Ի դեպ, Փաշինյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին եւ նրա փաստաբան Վահե Գրիգորյանի՝ նախորդ օրը արած հայտարարություններին երեկ արձագանքել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Նա հերքել է, թե «Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալի հետ պաշտպանի տեսակցության ընթացքում ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում, իբր, թույլ են տրվել խախտումներ: «ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ն. Փաշինյանի պաշտպանի կողմից լրատվության առանձին միջոցներով տարածվել է «Արձանագրություն» վերտառությամբ՝ իրականության հետ առնչություն չունեցող եւ փաստերն ակնհայտ խեղաթյուրած տեղեկություններ»,- ասված է հայտարարության մեջ՝ պնդելով, թե այն, ինչ կատարվել է «Արթիկ» ՔԿՀ-ում՝ ընդամենը ՔԿՀ-ների ներքին կանոնակարգի պահանջների կատարում է, համաձայն որի, «տեսակցության ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հսկողությունը պարտադիր է»:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը զրկված է օրաթերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելուց, ապա ՀՀ ԱՆ ԱՎ խոսնակը շեշտել է, թե՝ «ՀՀ օրենսդրության համաձայն՝ դատապարտյալն իրավունք չունի զբաղվել այդ աշխատանքով», եւ շարունակել. «Ինչ վերաբերում է դատապարտյալի հարազատների հետ կապին, նամակագրությանը եւ հեռախոսազանգերին, ապա վերջինս, ինչպես եւ մյուս դատապարտյալները, օգտվում են օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքից»: «Մեկ անգամ եւս շեշտենք, որ չնայած դատապարտյալ Ն. Փաշինյանի կամակորություններին, սադրանքներին եւ ապատեղեկատվության տարածման փորձերին, այնուամենայնիվ, նրա անվտանգությունը քրեակատարողական հիմնարկում ապահովված է եւ նրան վտանգ չի սպառնում»,- հայտարարել է Ա. Բաբայանը: