Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱԳԱՆԻՆ ՉԳԻՏԻ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՈՎ Է

Դեկտեմբեր 15,2010 00:00

Երեւանի ավագանին արդեն մի քանի օր է՝ սպասում է, թե Սերժ Սարգսյանն ում է որպես նոր քաղաքապետ մատնացույց անելու:

\"\"Երեւան քաղաքի ավագանին որոշել է. քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 17-ին: Ինչպես օրեր առաջ, այնպես էլ այսօր, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո քաղաքապետի թափուր մնացած պաշտոնում շրջանառվում է երեք թեկնածուի անուն՝ քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի, ավագանիում ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանի եւ «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի:

Թվում է, թե նորմալ է՝ ավագանիում ՀՀԿ-ն մեծամասնություն ունի, քաղաքապետի քվոտան էլ իրենն է, ուստի կարող է նաեւ բոլ-բոլ թեկնածուներ ունենալ: Բայց տարօրինակ է, որ նույնիսկ ՀՀԿ-ական ավագանիները, որոնք, օրենքի համաձայն, իրենք են ընտրելու քաղաքապետին, վախենում են բարձրաձայնել ՀՀԿ-ի ու առավել եւս իրենց համար նախընտրելի թեկնածուի անունը: Նույն կերպ վարվում են նաեւ ՀՀԿ վերնախավը ներկայացնող ԱԺ պատգամավորները՝ ասելով, թե «որոշիչ խոսքն» այդ հարցում երկրի եւ ՀՀԿ-ի նախագահինն է լինելու: «Իսկ ո՞վ չգիտի, որ որոշիչ խոսքը պիտի լինի հանրապետության նախագահինը»,- օրերս «Ազատություն» ռ/կ-ին ասել էր ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ՝ «դա աննորմալ եւ անհասկանալի երեւույթ է»: «Կուսակցականներն ու առավել եւս ավագանու անդամները կարող են անձնական կարծիք ունենալ եւ ներկայացնել այն: Դա նույնիսկ պարտադիր է: Այն, որ նրանք նախընտրում են լռել՝ խոսում է նրա մասին, որ այդ կուսակցությունում չկա ո՛չ ներքին ժողովրդավարություն, ո՛չ էլ նման հարցերը հնարավոր է հրապարակայնորեն քննարկել: Դա խոսում է նաեւ նրա մասին, որ այդ կուսակցության ներսում որոշումներ ընդունողը մեկ մարդ է, եւ նա ինչ որոշում ընդունի՝ կուսակցությունում այդպես էլ կշարժվեն. որ ասի՝ շարք կանգնեք, պարեք, պառկեք՝ հանրապետականները նույնությամբ կանեն: Երկրորդ, օրենքի, ՀՀ Սահմանադրության տեսանկյունից էլ դա կոպիտ խախտում է: Ի վերջո, ավագանին ընտրովի մարմին է, եւ նա է ընտրում Երեւանի քաղաքապետին: Իսկ դա նշանակում է, որ որոշողը ոչ թե կուսակցության ղեկավարն է, այլ ավագանու անդամները»,- նկատեց նախկին քաղաքապետը, որի համոզմամբ, այդ փաստն էլի մեկ անգամ վկայում է, որ ՀՀԿ-ին ավելի բնորոշ է երկիրը կառավարել ոչ թե դեմոկրատական, այլ բռնատիրական մեխանիզմներով, ինչի մասին Կոնգրեսը բազմիցս է ասել: «ՀՀԿ-ն ժողովրդավարության հետ ոչ մի առնչություն չունի: Այնտեղ գործում է ավազակապետությունը, գողական կամ բռնատիրությանը բնորոշ կարգը, որտեղ որոշումներ ընդունում է մեկ մարդ. տվյալ դեպքում՝ իրենց բոսը»,- ասաց Վ. Խաչատրյանը՝ համաձայնելով այն դիտարկման հետ, թե ներկուսակցական կառավարման այս մոդելը, ըստ էության, ՀՀԿ-ն պրոյեկտում է նաեւ պետության կառավարման համակարգի վրա:

«Իհարկե, ինչպես նրանք են, այդպես էլ ողջ պետական կառույցն է աշխատում: Հիմա նրանք ուզում են, որ նույն ձեւով լինենք մենք՝ ընդդիմադիրներս, նաեւ մյուս կուսակցությունները: Բայց գլխավորն այն է, որ դրանով ՀՀԿ-ն ու իշխանություններն ապացուցում են, որ քաղաքապետի ընտրություններում էլ ժողովրդավարական չեն եղել, ինչի մասին մենք ժամանակին հայտարարել ենք, ժողովրդավարական չէին նաեւ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, որոնք կազմակերպել էր այս ռեժիմը: Ու քանի որ քաղաքապետարանում ավագանիներն էլ գիտեն, որ իրենց ընտրողը ոչ թե ժողովուրդն է եղել, այլ իրենք նշանակվել են, դրա համար էլ սպասում են, որ նշանակողն էլ ասի, թե ով է լինելու քաղաքապետը՝ մոռանալով, որ քաղաքապետը այլեւս ոչ թե նշանակովի, այլ ընտրովի պաշտոն է, որ քաղաքապետին ընտրում է ավագանին, իսկ Սերժ Սարգսյանի կարծիքն էլ այդ իմաստով կարող է լինել առավելագույնը խորհրդակցական՝ ավելի կամ պակաս ընդունելի»,- հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Ընդամենը մեկուկես տարի է անցել Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններից: Այն ժամանակ ՀՀԿ ավագանու ցուցակում կային «մտավորականներ», որոնք քարոզարշավի ժամանակ Երեւանի համայնքներում կիպ կանգնում էին Բեգլարյանի կողքին եւ գովերգում էին նրան, իսկ հիմա նրանք ծլկում են, երբ լրագրողը խնդրում է գնահատել Բեգլարյանի կատարած արարքը: Կան նաեւ սրան տրամագծորեն հակառակ տրամադրված մարդիկ, ընդ որում՝ ՀՀԿ վերնախավում: Օրինակ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը օրերս Բեգլարյանի քայլը գնահատեց որպես «ոհմակային գործողություն»:

«Ես ավելի շատ վատ, քան լավ գնահատականներ ու լռություն եմ լսել, ու դա Գագիկ Բեգլարյանի անձնական դժբախտությունն է: Նա է այդպիսի մարդկանցով շրջապատված, բայց, կարծում եմ, ո՛չ նրա, ո՛չ հասարակության համար դա նորություն չէր: Այն համակարգը, որում գործում է նաեւ ՀՀԿ-ն եւ քաղաքապետը, այդպիսին է. երբ պաշտոնյա ես, քեզ ընդունում են, խոնարհվում են քո առաջ, երբ էլ պաշտոնյա չես՝ դառնում ես զրո բոլորի համար: Համակարգն է այդպիսին, եւ դրա պատճառով է, որ մենք պնդում ենք՝ երկրում թիվ մեկ խնդիրը համակարգային փոփոխություն անելն է: Հակառակ դեպքում ոչնչի չենք հասնի: Տվյալ դեպքում ձեր բերած օրինակները դրա լավագույն օրինակն են: Շատ ճիշտ եք նկատում, որ ընտրությունների ժամանակ, դրանից հետո էլ Բեգլարյանի հասցեին հիացական, գովասանքի խոսքեր ասող մարդիկ հիմա չեն էլ փորձում գոնե իմանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, նրանց համար դա արդեն միեւնույնն է»,- նկատեց Վ. Խաչատրյանը:

Նախկին քաղաքապետից փորձեցինք ճշտել՝ քաղաքապետի երեք թեկնածուների թվում իր համար շատ թե քիչ նախընտրելի մեկը կա՞: «Ինձ համար որեւէ նշանակություն չունի, թե այս համակարգի պայմաններում ով քաղաքապետ կնշանակվի: Կրկնում եմ, այս համակարգի պայմաններում ով էլ քաղաքապետ նշանակվի, դառնալու է համակարգի գերին, աշխատելու է այնպես կամ ավելի վատ, ինչպես նախորդն է, քաղաքապետարանում էլի կոռուպցիա, թալան է լինելու: Ամեն ինչ կրկնվելու է: Եվ ընդհանրապես՝ ներկայիս պետական համակարգում չկան երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնող լավ կամ վատ նախարարներ, պաշտոնյաներ: Կան լավ կամ վատ ծառաներ, որոնք սպասարկում են այս համակարգին, կոնկրետ՝ Սերժ Սարգսյանին: Մեր դժբախտությունը պաշտոնյաները չեն, այլ համակարգն է, որը պետք է հիմնովին քանդվի: Իսկ այդ համակարգը կերտողը եղել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ներկայիս վարչապետ կոչեցյալը՝ Տիգրան Սարգսյանը, եւ այն բոլոր մարդիկ, ովքեր 2008թ.-ին «Մարտի 1» սարքեցին, ովքեր կեղծեցին 2003, 2007, 2008 թվականների ընտրությունները: Նշանակեք քաղաքապետի պաշտոնում մեր իմացած չափանիշներով ամենալավ, ամենաարժանի մարդուն, եւ նա համակարգի մաս է դառնալու ու մյուսներից ոչնչով չի տարբերվելու»,- հայտարարեց Վահագն Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել