Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է, ԱՅՍՏԵՂ ԴՈՒ ՏԱՆՆ ԵՍ»

Դեկտեմբեր 15,2010 00:00

\"\"Երեւանի քաղաքապետի հրաժարականի եւ ապագա քաղաքապետի թեման երեւանցիներին քիչ է հուզում

Երեւանի քաղաքապետի հրաժարականը հայկական հարցը չէ, համայն հայությանը հետաքրքրող թիվ մեկ խնդիրը չէ, մինչդեռ զարմանալիորեն հավակնում է դառնալ այդպիսին: Երեւանն իր պատմության մեջ թվով 51 քաղաքապետ է ունեցել, Գագիկ Բեգլարյանը 52-րդն էր: Տեղական եւ անգամ արտերկրի մամուլին եւ լրատվական ծառայությունների լուրերին ծանոթանալով՝ տպավորություն ես ստանում, թե էլ գործ չկա, եւ այսօր թիվ մեկ հարցը քաղաքապետի հրաժարականի հարցն է: Իհարկե, սա իր մեջ որոշ նրբություններ պարունակում է եւ այնքան էլ սովորական հարց չէր: Պաշտոնանկությունը պայմանավորված էր պետական չինովնիկի կողմից էթիկայի կանոնների կոպիտ խախտման հետ, պաշտոնյան կատարել էր արարք, որը նորմալ երկրներում աններելի է: Եթե մտածենք, որ փորձում ենք նորմալ երկիր դառնալ, ուրեմն ամեն ինչ իր տրամաբանության մեջ է: Այդուհանդերձ, քաղաքապետի հրաժարականներ տեսած երեւանցիներին այլեւս դրանցով չես զարմացնի: Հայաստանի անկախության տարիներից ի վեր քաղաքապետները իրենց զբաղեցրած պաշտոններից հրաժարվել են ամենատարբեր պատճառներով՝ Ալբերտ Բազեյանը Վազգեն Սարգսյանից հետո ամեն րոպե ուզում էր թողնել պաշտոնը, սակայն ընկերները համոզում էին մնալ: Ի վերջո, հարցը ձգվեց այնքան, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրեց փողի վրա նստած լինելով՝ փող ուզելու մեջ: Վանո Սիրադեղյանը հրաժարական տվեց հայտնի 98-ի փետրվարի 2-ին, երբ դեռ ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հրաժարական չէր տվել, Երվանդ Զախարյանը ազատվեց աշխատանքից «Երեւանի մասին» օրենքի ընդունումից առաջ եւ այլն:

Սակայն այս բոլոր հայտնի եւ անհայտ պատճառները բնիկ երեւանցիներին գրեթե չեն հուզում: Մարդկանց հետ մեր զրույցները իրավունք են տալիս պնդելու, որ բացարձակապես հետաքրքիր չէ, թե ով է զբաղեցնում կամ ով է զբաղեցնելու քաղաքապետի պաշտոնը: Միայն թե՝ իրենց համար հարցերը ժամանակին եւ արդար լուծում ստանան, մնացածը քաղաքացիներին քիչ է հետաքրքրում: «Քաղաքապետը Չոռնին կլինի, թե Բելին՝ մեզ համար մեկ է, միայն թե Երեւանի վիճակը չոռնի չլինի»,- սա կոշկակար Վահանի կարծիքն է: Նրա արհեստանոցի պատին փակցված է ոչ թե Գագիկ Բեգլարյանի, այլ Անդրանիկ Օզանյանի նկարը: Սրճարանի մատուցող Անահիտը չէր էլ լսել, որ քաղաքապետը հրաժարական է տվել. «Ես էդ հարցերով չեմ զբաղվում, գործ չունեմ»,- եղավ մեզ հետ զրուցողի վերջին խոսքը: Իսկ տաքսու վարորդը, նստեցի-չնստեցի, գիտակի պես ասաց. «Տեսա՞ր ինչ եղավ»: «Ի՞նչ»,- հարցրի: «Յա, բա չիմացա՞ր, Գագոյին նախագահը գործից հանեց»: «Ո՞ր Գագոյին»,- հարցրի: «Դե, էլ ո՞ր, Չոռնիին»,- բացատրեց ամեն ինչից տեղյակ տաքսու վարորդը: Նա անգամ գիտեր, թե ով է դառնալու նոր քաղաքապետը: Սակայն իր համար եւս դա ամենից կենսական հարցը չէր. «Ով ուզում է լինի, ինձ ինչ, ես իմ էս երկու կոպեկի տերն եմ»,- ասաց ու մանրը չվերադարձրեց: Շիլաչու բնակիչ Տիգրան Ավետիսյանը քաղաքապետի պաշտոնանկությունը ծանր էր տարել, ասում էր՝ լավ քաղաքապետ էր, ափսոս: Բայց եւ նորի մասին ասաց. «Ես ոչ մեկին էլ չեմ ճանաչում, ով ուզում է, թող լինի, միեւնույն է՝ չի գալու իմ տունը պահի, էդ հոգսը էլի իմ վրա է»:

Խանութպան Արայիկ Սիմոնյանը քաղաքապետի մասին հատուկ կարծիք ուներ. «Ծեծել է, ուրեմն թող պատասխան տա, բայց մի ծաղկով գարուն չի գա, թող բոլոր ծեծողներին ու անշնորհքներին էլ հանեն, հեռացնեն, պատժեն, թե չէ՝ մեկով հարցը չի լուծվում»: Պատմության ուսուցչուհի Արուսյակ Պետրոսյանը ամեն ինչ համարում է ձեւական միջոցառումներ եւ վստահ է. «Մենք ոչ մի բանի չենք հասնի, քանի դեռ բոլորը օրենքի առաջ հավասարապես պատասխանատու չեն: Մեկին կհանեն, մյուսին կդնեն, հետո՞, բոլորը պետք է ձգված լինեն, կարգապահ լինեն, ինչպես նորմալ դասարանում, նորմալ ուսուցչի դասաժամին: Հիշո՞ւմ եք, թե ինչ էր ասում Դեմիրճյանի տղան՝ կարգ ու կանոն, մնացածն ինքն իրեն կստացվի»: Ուսանողուհի Նարինեն քաղաքապետական այս շիկացած կրքերին չի հետեւել, քանի որ ավելի լուրջ անելիք ունի՝ քննությունների է պատրաստվում. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա իմ տարերքը չէ, բայց մեր կուրսում այդ հարցը բուռն քննարկվեց, հիմա տղաները հենց ուզում են կռվել, մենք իրենց զգուշացնում ենք՝ կուրսից կհեռացնենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել