«Freedom House»-ը դեկտեմբերի 14-ին տարածած հայտարարությամբ կոչ է արել Հայաստանի կառավարությանը հեռարձակման արտոնագիր տրամադրել «Ա1+» հեռուստաընկերությանը: Հայտարարության մեջ հիշեցվում է, որ Հայաստանի իշխանությունները 12 անգամ մերժել են «Ա1+»-ի հայտերը՝ վերստին ստանալ հեռարձակման արտոնագիր: Նաեւ նշված է, որ իբրեւ հեոուստաընկերությանը խորհրդանշական աջակցություն՝ հազարավոր մարդիկ փոքր գումարներ են նվիրաբերել «Ա1+»-ին օգնող հիմնադրամին: «13-րդ անգամ «Ա1+»-ի օրինական պահանջի մերժումը կլինի ապտակ ազատ լրատվամիջոցների պաշտպաններին ամենուրեք,- ասել է «Freedom House»-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Կրամերը:- Հայաստանի ժողովուրդը՝ «Ա1+»-ին օգնելու իր ջանքերով, հստակորեն ցույց է տվել իր աջակցությունը մամուլի ազատությանը: Վերականգնելով այս արտոնագիրը՝ ՀՀ իշխանությունները կարձագանքեն ավելի բազմակարծիք եւ անկախ մամուլ ունենալու նրանց կոչին»: «Freedom House»-ի Եվրասիայի ծրագրերի ավագ ղեկավար Սեմ Փեթընն էլ նշել է. «2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանի կառավարության համար ստեղծվում է իրական հնարավորություն՝ ցուցադրելու իր կամքը ոչ միայն շրջելու 2008 թվականի մարտյան դեպքերի էջը, այլեւ ուղղելու անցյալի սխալները: Հայաստանի բարեկամներն ամենուրեք անկասկած ողջունելու են ճիշտ ուղղությամբ կատարվող այս հստակ երկու քայլերը»: