Խաչիկ Ասրյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում համակարգում է մասսայական սպորտը եւ առողջ ապրելակերպը: 2010 թվականին, համեմատած նախորդ տարիների հետ, ի՞նչ առաջընթաց է գրանցվել պետության համար այս կարեւոր ոլորտներում:
– Ասում ենք՝ առողջ քաղաքացին պետության ամենամեծ հարստությունն է: Այս կարգախոսը տարածվո՞ւմ է մեր վրա:
– Դա պետական կառույցի առաջնահերթ խնդիրն է: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, նախարար Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ, մասսայական սպորտի տարածման եւ առողջ ապրելակերպի քարոզչության ուղղությամբ լուրջ գործունեություն է իրականացրել: Անկախացումից հետո այդ ուղղությամբ աշխատանքներ միշտ էլ կատարվել են, երբեմն՝ արդյունավետ, երբեմն էլ՝ ոչ այնքան: Սակայն 2010 թվականին Հայաստանում եւ ԼՂՀ-ում կտրուկ առաջընթաց արձանագրվեց: Պետական միջոցներով միմյանց հետեւից ամբողջ տարվա ընթացքում անցկացվեցին հինգ խոշոր միջոցառումներ, որոնցից յուրաքանչյուրն ուղղված էր հասարակության որոշակի խավի: Մայիսի 8-ից սեպտեմբերի 22-ը հանրապետության 10 մարզերի 48 քաղաքներում (գումարած՝ Ստեփանակերտը) անցկացվեց արդեն ավանդույթներ ձեւավորած «Մարզական փառատոնը»: Շուրջ հինգ ամիս նշածս քաղաքների, ինչպես նաեւ գյուղական համայնքների 24 հազարից ավելի բնակիչներ մրցեցին իրենց համար մատչելի մարզաձեւերից՝ շախմատ, շաշկի, կշռաքարերի բարձրացում, ըմբշամարտ (կոխ), աթլետիկա (տարբեր մրցատարածությունների վազքեր), մինի ֆուտբոլ, նարդի: Այս միջոցառումն անցկացվում էր 2004 թվականից՝ միայն մարզկենտրոններում եւ մասսայականության լավագույն ցուցանիշը գրանցվել էր անցած տարի՝ 15 հազարից մի փոքր ավելի: Կարծում եմ, ընդգրկման ոլորտի ընդլայնման եւ մասնակցության առումով առաջընթացն ակնհայտ է:
Երկրորդը ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ստուգատեսն է, որի եզրափակչի ուղեգիր նվաճելու համար Հայաստանի եւ Արցախի ողջ տարածքում հարյուրավոր ընտանիքներ են մշտապես մարզվում, մասնակցում տեղական մրցումներին: Ուրախալի է, որ այստեղ էլ մասնակցությունը տարեցտարի ավելանում է, պայքարը՝ ավելի ու ավելի թեժանում: Հաշվի առնելով վերջին հանգամանքը՝ մենք փոխեցինք կանոնադրությունը եւ այս տարի մրցումները կազմակերպեցինք երկու տարիքային խմբով: Խոսքը երեխաների մասին է՝ 6-9 եւ 10-13 տարեկաններ: Եվ եղավ այն, որ անցած տարվա 171-ի փոխարեն ասպարեզ մտավ 347 ընտանիք: Ասեմ նաեւ, որ նախագահ Սերժ Սարգսյանը մեզ հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ եկող տարի ընտանիքների քանակն անցնի հազարից:
Յուրօրինակ մասսայական միջոցառում է ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը, որի նպատակն այդ սիրված մարզաձեւի միջոցով պետական կառավարման մարմինների աշխատողների ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելն է: Երկրորդ անգամ անցկացված այս տարվա մրցմանը մասնակցեց պետական 17 գերատեսչություն: Պայքարը տեւեց շուրջ մեկ ամիս՝ Երեւանի եւ հարակից երեք քաղաքների մարզադաշտերում, եւ պետք է նշեմ, որ մասնակից բոլոր թիմերն էլ իրենց հնարավորությունների սահմանում լուրջ նախապատրաստվել էին: Դա թելադրեց, որ եկող տարի պայքարի մեջ ներգրավենք նաեւ տարածքային ինքնակառավարման մարմինները:
Առանձնակի կարեւորություն եմ տալիս «Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի ռազմամարզական խաղերին», որին մասնակցում են 9-րդ եւ դրանից բարձր դասարանների աշակերտները: Այս խաղերն անցկացվել էին 2004-ից 2007 թվականներին եւ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով՝ հաջորդ երկու տարիներին կասեցվել: Այս տարի այն վերականգնվեց հանրապետության 10 մարզերի ու Երեւանի՝ հիմնականում արական սեռի 25 հազարից ավելի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նրանք մրցեցին ռազմակիրառական մրցաձեւերում՝ ինքնաձիգի քանդում-հավաքում, ուսապարկով կրոսավազք, ձգումներ եւ այլն: Վերջապես, ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական բակ» եւ «Լավագույն մարզական քաղաքային եւ գյուղական համայնք» միջոցառումները: Երեք անվանակարգերին այս տարի մասնակցեցին 9-ական բակ, քաղաքային եւ գյուղական համայնքներ:
Մենք այս տարի սկսել եւ եկող տարիներին շարունակելու ենք ավելի մեծ ուշադրություն հատկացնել նաեւ հաշմանդամային սպորտին եւ այդ նպատակով ներկայումս հաշմանդամների խնդիրներով զբաղվող չորս հասարակական կազմակերպությունների հետ միասին աշխատանքները ճիշտ հիմքերի վրա դնելու ուղղությամբ քննարկումներ են ընթանում:
– Ձեր ներկայացրած պատկերը տպավորություն է գործում: Բայց թվարկված միջոցառումներն արդյո՞ք ցուցադրական, ընդամենը հաշվետվություն ներկայացնելու համար չեն: Կա միջոցառման անունը, անցկացման ժամկետը: Մնում է այդ օրերին մարդկանց հավաքել ու վերջում ետ ուղարկել իրենց տները: Նկատի ունեմ այն, որ մրցումը իսկապես նպատակին ծառայի, մասնակիցները տեղերում մշտապես մարզվելու պայմաններ պետք է ունենան: Մի բան, ինչից մեր հանրապետությունը հարուստ չէ:
– Ձեր մտահոգությունը տեղին է: Բայց վստահեցնում եմ, որ ազգաբնակչության շրջանում առողջ ապրելակերպի տարածումը իսկապես պետության առաջնային խնդիրներից է: Եթե ուշադիր նայեք, թվարկածս բոլոր մասսայական միջոցառումները փոխադարձաբար կապակցված են եւ լրացնում են միմյանց: «Լավագույն մարզական բակ, քաղաքային եւ գյուղական համայնք» միջոցառումները նպաստում են, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները բարեկարգեն բակերը, համայնքները, որոնք դառնում են բնակչության ազատ ժամանցի եւ ակտիվ հանգիստը կազմակերպելու վայր: Եվ քանի որ հաղթողները խոշոր դրամական պարգեւներ են ստանում, դա նրանց օգնում է նոր բակեր կառուցել, իսկ մյուսներին ստիպում աշխատել այնպես, որպեսզի հաջորդ անգամ իրենք ստանան պարգեւները: Իսկ ինչ վերաբերում է մյուս միջոցառումների մրցաձեւերին, ընտրությունը կատարվում է այն հաշվարկով, որ դրանք հասանելի եւ մատչելի լինեն բոլորին:
– Դուք «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիրն ու նախագահն եք: Այն արդարացնո՞ւմ է իրեն:
– «Հայոց արծիվները» անկախ Հայաստանի համեստ, բայց կարեւոր ձեռքբերումներից է, որի առաքելությունն ազգաբնակչության շրջանում հայրենասիրության սերմանումն է, հոգեպես եւ ֆիզիկապես առողջ հասարակություն ունենալը: Պատկերացրեք՝ գոյության տասն ամսում մենք հանդիպումներ ենք ունեցել ավելի քան 100 քաղաքային եւ գյուղական համայնքներում, հանրապետության ողջ տարածքում բացել 47-ից ավելի գրասենյակներ, տեղերում կազմակերպել ռազմահայրենասիրական դաստիարակության, մարզական, բնապահպանական եւ մշակութային 140-ից ավելի միջոցառում: Արդյունքում, այսօր մեր կազմակերպությանն անդամագրվել է արդեն 19 հազարից ավելի մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը 20-50 տարեկան է: Մեր որդեգրած քաղաքականությունը հայոց պետություն-ազգային բանակ- հայոց նախագահ- հավատք առ Աստված միասնությունն է, առանց որի՝ ուժեղ Հայաստանի մասին երազելն անգամ ավելորդ է:
– Մեր զրույցի թեման մարդու առողջությունն է, առողջ հասարակությունը: Եկեք կենտրոնանանք այդ ոլորտի վրա:
– Մեր աշխատանքների գերակշիռ մասը նպատակաուղղված է հենց դրան: Գրասենյակները համագործակցում ու յուրատեսակ կապող օղակ են գյուղերի, համայնքների եւ քաղաքների հանրակրթական դպրոցների, ՊՆ զորամասերի միջեւ եւ մեր համատեղ գրեթե բոլոր միջոցառումները նաեւ մարզական ուղղվածություն ունեն եւ դրանց ընդգրկման շրջանակներն ընդլայնվում են: Տեղեկացնեմ նաեւ, որ «Հայոց արծիվները» ծրագրում է նաեւ լրատվամիջոցների միջեւ ռազմահայրենասիրական եւ մարզական ուղղվածության մրցումներ կազմակերպել: