Երեկ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում կայացավ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված գիտական նստաշրջան: Ներկաներին ողջույնի խոսք ասաց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Նա նշեց, որ Հրանտ Մաթեւոսյանը մանկավարժական համալսարանի շրջանավարտն է եղել, ինչը հպարտանալու տեղիք է տալիս: Ռեկտորը ասաց նաեւ, որ բանասիրական ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի աշխատակիցների ջանքերով համալսարանում կգործի լսարան, որը կկրի Մաթեւոսյանի անունը: Պարոն Միրզախանյանը հավելեց, որ համալսարանի գիտական խորհուրդը մի շարք անվանական կրթաթոշակներ է հատկացրել ուսանողներին, որոնցից մեկն էլ մաթեւոսյանական է լինելու: Արդեն որոշված է առաջին կրթաթոշակառուն՝ Սիրարփի Գեւորգյանը: