Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սոլի» տրիոն՝ իր մասին

Դեկտեմբեր 14,2010 00:00

\"\"Երիտասարդ երաժիշտների համերգը մարդաշատ էր

Օրերս Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ «Սոլի» դաշնամուրային տրիոյի առաջին մենահամերգը: Ծրագրում՝ Մանսուրյան, Հայդն, Սմետանա: Հանդիսատեսն էլ մեկ շնչով հետեւում էր նրանց մեղեդիներին: Տրիոն գործում է արդեն 6 տարի, սակայն դա նրանց առաջին լուրջ համերգն էր:
«Սոլի» տրիոյի դաշնակահար Լենա Թորոսյանը նշում է, որ խումբը ձեւավորվել է կոնսերվատորիայում 2004 թվականին՝ բուհի դոցենտ Իրինա Բադալյանի ղեկավարությամբ. «Սկզբում որպես կամերային դասարանի խումբ, միասին հանդես եկանք կատարումով, 2007թ. արդեն որպես ինքնուրույն տրիո սկսեցինք ելույթներ ունենալ: Մեզ անվանեցինք «Սոլի», քանի որ երեք մենակատարներ ունենք խմբում. սոլին սոլո բառի հոգնակի թիվն է»: Խումբը ղեկավար չունի, ինչպես նշում է դաշնակահարը, իրենք են իրենց ղեկավարը. «Կոնսերվատորիան ավարտելուց հետո պարտականություն ստանձնեցինք, այսպես ասած, մեկս մյուսին ղեկավարել. կարծում եմ, ստացվում է: Բեմի վրա մեկ մարդ ենք դառնում կատարելիս… լրջորեն ենք մոտենում մեր գործին»:
«Սոլիի» թավջութակահար Արեւիկ Գալյանը ասում է. «Մենահամերգի պահը հասունացել էր, քանի որ մարդիկ մեր մասին շատ էին լսել: Հետո մեզ ավելի շատ գիտեին զուտ որպես կոնսերվատորիայի խումբ, դրա համար հարկ համարեցինք ավելի լայն հասարակությանը ներկայանալ: Ուզում ենք՝ մեզ ճանաչեն որպես դաշնամուրային տրիո»:
Թավջութակահարը հավելեց. «Ամեն ելույթի ընթացքում զգում եմ, որ մարդիկ աստիճանաբար սիրում են մեր «լեզուն»: Տիգրան Մանսուրյան վայելելու համար պարտադիր չէ մասնագետ լինել, որպեսզի գտնվել հանդիսատեսի շարքում: Մարդիկ համերգ են գալիս հանգստանալու, դա զգացվում է նրանց հայացքներից, իսկ եթե դու կարող ես քո կատարումով խաղաղեցնել մարդուն, ուրեմն նա հասկանում է այն, ինչ դու ուզում ես «ասել»: Նկատել ենք՝ ամեն անգամ հանդիսատեսի թիվը նմանատիպ համերգների ժամանակ մեծանում է, ինչը դասական երաժշտի համար ամենացանկալի բանն է: Մասնավորապես ինձ ուրախացնում է այն փաստը, որ երիտասարդների մեծ հոսք եմ նկատում համերգներին»:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ զգացողություններ են ունենում բեմում: Լենան ասաց. «Ամանորի գիշերվա զգացողություն ենք ունենում ու սրտի թրթիռ, երբ ժամացույցն ազդարարում է ժամը 12-ը: Երեքիս մոտ էլ կա այդ զգացողությունը: Այսօր առաջին անգամ զգացինք, թե այն էներգիան, որը տալիս ենք դահլիճին, ինչպես է անդրադարձվում մեզ»:
Արեւիկի խոսքով. «Երբ «լսում» ես լռությունը, ուրեմն հանդիսատես-երաժիշտ կապը ստացված է: Նվագելիս, կարծես, երկխոսության մեջ մտնես հանդիսատեսի հետ՝ տալիս ես եւ ստանում լուռ: Մեկ բառով ասած՝ «կայֆ»:
Ջութակահար Օլգա Մաթեւոսյանն էլ հավելեց. «Հաճելի վախ, հուզմունք, պատասխանատվության մեծ զգացում ենք ունենում, չնայած երեքս տարբեր ենք բնավորություններով: Միայն համերգի ժամանակ ենք մեկ մարդ դառնում»:
«Սոլին» դեռեւս Հայաստանի սահմաններից դուրս ելույթ չի ունեցել, սակայն, ինչպես իրենք են նշում, ծրագրերը շատ են, կոնսերվատորիայում ուսանելիս ավելի սեւեռված են եղել կրթության վրա:
Հարցին՝ կա՞ մրցակցություն Հայաստանում գործող երիտասարդ երաժիշտներից բաղկացած տրիոների, կվարտետների, կվինտետների միջեւ, Ա. Գալյանը նկատեց. «Բնականաբար, կա, բայց առողջ մրցակցություն է: Այսինքն՝ մեկը իր աջեւ նպատակ չի դնում բոլորին թողնել ետեւում եւ ավելի շատ երեւալ: Այնպես չէ, որ մեկը խանգարում է մյուսին, ինչպես մյուս ոլորտներում է հաճախ պատահում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել