Կամ՝ ինչպես փրկել լրագրության ապագան
«Եվրոպական հարեւանություն» ծրագրի շրջանակներում նախկին խորհրդային երկրների 150 լրագրողներ օրերս Մոսկվայում մասնակցեցին «Փրկենք լրագրության ապագան» խորագրով երկօրյա գիտաժողովին: Գիտաժողովում պարզ դարձավ, որ լրագրողներին հուզող խնդիրներն ընդհանուր են նախկին խորհրդային երկրներում: Լրագրողների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էյդեն Վայթը նկատեց. «Ողջ աշխարհում լրագրության ճգնաժամն առաջին հերթին ֆինանսական է: Ճգնաժամի մյուս պատճառն այն է, թե մարդիկ ինչպես են ստանում եւ փոխանակում ինֆորմացիան: Եվ թերեւս լրատվամիջոցների առջեւ դրված ամենալուրջ հարցն է՝ գնալ բիզնեսի՞, իշխանությա՞ն, թե՞ այլ կողմ: Մյուս կողմից էլ լրագրությանը սպառնում են ինտերնետային աղբյուրները: Ուստի լրագրության հիմնական խնդիրն է՝ ինտերնետային խառնուրդ ինֆորմացիային զուգահեռ հասարակությանը ներկայացնել զտված, ճշտված ինֆորմացիա, որը կարող է օգտակար, ոչ թե կործանարար լինել հասարակության համար»: Տարբեր քննարկումների ընթացքում լրագրողները եկան այն եզրակացության, որ 20 տարի իզուր են կորցրել եւ տարածաշրջանում չեն կայացրել անկախ լրագրությունը: Ռուս լրագրողները «Առավոտի» հետ զրույցում փաստեցին, որ ՌԴ-ում բոլոր հեռուստաընկերությունները գտնվում են կառավարության ձեռքում, ինչի պատճառով հեռուստաեթերը ձանձրալի է:
Արդեն 8 տարի լրագրողների իրավունքներով զբաղվող Օկսանա Ռիմանյուկը նշեց. «Ուկրաինայում հատկապես աճել են ուժային կառույցների կողմից լրագրողների դեմ կատարվող բռնությունները: Բռնություն կիրառողների մեծամասնությունը ոստիկաններն են: Այս տարի Ուկրաինայում կրկին լրագրող սպանվեց, որի գործի քննությունը մինչեւ այժմ էլ լուրջ ընթացք չի ստացել: Մի քանի օր առաջ էլ Ուկրաինայի նախագահի թիկնապահը բոլորի աչքի առաջ խլեց «ՍՏԲ» հեռուստաընկերության լրագրողի բարձրախոսը եւ նրան գետնին գցելով՝ ծեծեց: Արդյունքում ոչ թե լրագրողին բռնության ենթարկողի դեմ գործ հարուցվեց, այլ տարածվեց, թե լրագրողը խոչընդոտել է նախագահի թիկնապահի աշխատանքին»:
Լրագրողների հոգեբանական պաշտպանության գծով ԵՄ փորձագետ Բրյուս Շապիրոն էլ թվարկեց, թե բռնություններն ինչ հետեւանքներ կարող են ունենալ հենց լրագրողների եւ նրանց շրջապատի վրա. «Բռնությունները կարող են թողնել ոչ միայն ֆիզիկական, այլեւ թաքնված հոգեբանական հետեւանքներ: Հոգեբանական տրավմաներ առաջանում են եւ բռնության ենթարկված լրագրողների, եւ նրանց գործընկերների, եւ հարազատների մոտ: Փաստորեն, լրագրողի դեմ բռնությունն ուղղված է ողջ հանրության դեմ: Բռնությունը մի յուրահատուկ գրաքննության ձեւ է: Բռնության ենթարկված լրագրողները հաճախ չեն կարողանում վերապրել այդ ամենը, ուստի պարզապես թողնում են մասնագիտությունը»:
Սամարայի լրագրողների միության անդամ Վիկտոր Սաֆեյսկին էլ հեգնանքով նշեց. «Մեր երկրում բոլոր լրատվամիջոցները գնված են իշխանությունների կողմից: Ուստի լավ է՝ ոչ ոք ոչ մեկի չի ծեծի, քանի որ ո՛չ քննադատող կա, ո՛չ էլ սուր հոդվածներով հանդես եկող»:
Երկօրյա քննարկումների արդյունքում նախկին խորհրդային տարածքում գործող լրագրողները եկան մի ոչ լավատեսական եզրակացության՝ ներկայումս մամուլի ազատության հոգեհանգիստն է: