Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ներն անազատ են

Դեկտեմբեր 14,2010 00:00

Հատկապես քաղաքական դաշտում

Հայկական ԶԼՄ-ների ազատության մակարդակը 58,64% է կազմում, ինչը նշանակում է, որ Հայաստանը գտնվում է մասամբ ազատից դեպի անազատ լրատվամիջոցների անցման վտանգավոր եզրագծում: Երեկվա մամուլի ասուլիսում այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2010-ի օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում իրենց անցկացրած փորձագիտական հարցումների արդյունքները: Փորձաքննության հիմքում ընկած է Freedom house միջազգային կազմակերպության մեթոդիկան: Ըստ այդ վերջինի, ԶԼՄ-ների ազատության մակարդակը գնահատվում է գործունեության երեք՝ իրավական, քաղաքական եւ տնտեսական միջավայրերին վերաբերող հարցերով: Մեթոդիկայի համաձայն, իրավական եւ տնտեսական դաշտերի ազատություններին վերաբերող հարցերին տրվում է 30-ական, իսկ քաղաքական դաշտին՝ 40 միավոր:
Սոցիոլոգ Վարդան Գեւորգյանի խոսքով, փորձաքննությանը մասնակցել են 50 լրատվամիջոցների ղեկավարներ: Իրավական դաշտի ազատության մակարդակը գնահատվել է 15,25%, ինչը, ըստ սոցիոլոգի, նշանակում է, որ ԶԼՄ-ները իրավական առումով կիսով չափ ազատ են: Քաղաքական դաշտի ազատության գնահատականը կազմել է 22,88%, իսկ տնտեսական դաշտինը՝ 20,51%: Թե ուր է տանելու իրավիճակը, պարոն Մելիքյանի համոզմամբ, ժամանակը ցույց կտա. «Չի կարելի ասել, թե միայն տնտեսական իրավիճակն է մտահոգիչ, քաղաքական առումով եւս բավականին դժգոհություններ կան, որովհետեւ կիսաազատ քաղաքական դաշտում աշխատելը բավականին բարդ է, ինչը նշանակում է, որ լրատվամիջոցներն իրենց վրա զգում են քաղաքական ազդեցությունը, ու շատ դեպքերում հրապարակումներն էլ պայմանավորված են  այս կամ այն քաղաքական ուժի ազդեցությամբ»: Հայկական ԶԼՄ-ների՝ իրավական դաշտի հարաբերական ազատությունն էլ պարոն Մելիքյանը պայմանավորեց «Տեղեկատվության ազատության մասին» ու «Զանգվածային լրատվության մասին» օրենքներով: Ըստ նրա, որոշակի վերապահումներով կարելի է ասել, թե ԶԼՄ-ների գործունեության համար բավականին բարենպաստ օրենքներ են:
Պարոն Մելիքյանը, հետազոտության արդյունքներն ամփոփելով, նաեւ փորձեց կանխատեսել, թե հաջորդ տարի՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, իրավիճակն ինչպիսին կլինի. «Գաղտնիք չէ, որ քաղաքական իրավիճակը սրվելիս միշտ սրվում է նաեւ ինֆորմացիոն ոլորտի իրավիճակն, ու ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներն ավելանում են, այս առումով, եթե հաշվի առնենք, որ 2011-ը նախընտրական տարի է, 2012-ը՝ ընտրությունների, ճնշումները հնարավոր է կավելանան»: Նա նաեւ նշեց, որ շատ են զարմացել ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակն ամփոփելիս. «սենսացիա է՝ բռնության ու ֆիզիկական ճնշումների դեպքեր չեն եղել»: Պարոն Մելիքյանն անդրադարձավ նաեւ հեռուստաընկերությունների մրցույթին, որի արդյունքները նախատեսված է հրապարակել դեկտեմբերի 16-ին, նշելով. «Հույս ունենք, որ ՀՌԱՀ-ը օբյեկտիվություն կցուցաբերի, եւ այս անգամ իր որոշումը չի առաջացնի հանրության դժգոհություններն ու քննադատությունը: Համենայնդեպս, այն, ինչ կատարվել է մինչեւ մրցույթը, ամենեւին էլ չէր համապատասխանում ո՛չ հանրության, ո՛չ միջազգային կազմակերպությունների սպասելիքներին: Բազմիցս ասել ենք, որ ճիշտ կլիներ, եթե մրցակցությունը բաց ու թափանցիկ լիներ, եւ հանրությունը տեղեկանար, թե հեռուստաընկերություններն ինչ են առաջարկում իրենց լսարանին, իսկ հանձնաժողովն էլ պետք է բոլոր հայտերի էլեկտրոնային տարբերակները տեղադրեր իր կայքում, որ փորձագետներն ու հանրությունը ծանոթանային, բայց ափսոսում ենք, որ այս անգամ էլ դա չարվեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել