Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ հեռախոսազրույց կայացավ WikiLeaks կայքի կողմից ԱՄՆ Պետքարտուղարության 250 հազար նամակների՝ հիմնականում աշխարհի տարբեր երկրներում ամերիկյան դիվանագետների ծառայողական եւ գաղտնի գրությունների հրապարակման վերաբերյալ: PanARMENIAN.Net–ի փոխանցմամբ, Բարաք Օբաման զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որպեսզի բացատրություններ ներկայացնի WikiLeaks-ի հրապարակումների առնչությամբ: «ԱՄՆ նախագահը քննարկել է WikiLeaks-ի ափսոսանք առաջ բերած հրապարակումները եւ համաձայնել, որ կայքի գործողությունները չպետք է երկրներին շեղեն կարեւոր համագործակցությունից: Օբաման ափսոսանք է հայտնել կայքի վարքի առնչությամբ: ԱՄՆ նախագահն ու Թուրքիայի վարչապետը հաստատել են հարցերի լայն շրջանակի շուրջ միասին աշխատելու իրենց մտադրությունը: Առաջնորդները նաեւ համաձայնել են, որ WikiLeaks-ի հրապարակումները չեն ազդել եւ չեն խոչընդոտել երկու երկրների սերտ համագործակցությանը»,- ասվում է Սպիտակ տան մամլո ծառայության հաղորդագրություններում, որոնք լուսաբանում են հեռախոսազրույցների բովանդակությունը: