Վրաստանի ԱԳՆ-ն, Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, ռուսական կողմին բողոքի նոտա է փոխանցել: Երկուշաբթի այդ մասին հաղորդել է newsru-ն՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Քալանթաձեին: Վրաց դիվանագետների վրդովմունքի պատճառները երկուսն են՝ Հարավային Օսեթիայում ռուսական «Սմերչ» համակարգերի տեղակայումը եւ Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի որոշումը, որով հանրապետության Լենինագորսկի շրջանում՝ վրացական Ախալգորի, չեղյալ է համարվել Վրաստանի նորմատիվ ակտերի գործողությունը: Պաշտոնական Թբիլիսիի գնահատմամբ, «Սմերչ» տեսակի սպառազինությունների տեղակայումն արգելված է Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրով: Քալանթաձեն ասել է, թե այդ հարցը քննարկման առարկա կլինի Ժնեւում տեղի ունենալիք բանակցությունների հերթական փուլի ժամանակ. «Մենք լավատես ենք ժնեւյան բանակցությունների հանդեպ, թեեւ այդ հարցում առաջընթացը բացակայում է»:
Ռուսական «Սմերչ» համակարգերը Ցխինվալիում տեղակայելու գլխավոր պատճառը համարվում է «Վրաստանի կողմից հնարավոր ագրեսիան կանխելը»: Անցած շաբաթ Վրաստանի ԱԳՆ-ն Հարավային Օսեթիայում հրետանային դիվիզիայի տեղակայումը որակել էր որպես «Ռուսաստանի կողմից հակավրացական քաղաքականության շարունակություն»: Մինչդեռ Վրաստանում փորձագետները դա գնահատում են որպես Ռուսաստանի կողմից հարձակողական գործողությունների նախապատրաստման վկայություն: Հիշեցնենք, որ «Սմերչ» համակարգը աշխարհում նույն կարգի համակարգերում ամենահզորներից մեկն է համարվում եւ թիրախին կարող է հասնել մոտավորապես 70-90 կմ հեռավորության վրա:
Վրաստանից ստացված մեկ այլ տեղեկատվության մասին է հաղորդում trend-ը: Ըստ այդմ, Մոսկվայում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի նոր տնօրեն Ռոբերտ Փշելը հայտնել է, թե Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը կախված է Դաշինքի կողմից առաջադրված մի քանի չափանիշներից: Նրա ասելով, 2008-ին Բուխարեստում տեղի ունեցած գագաթաժողովի որոշումը ուժի մեջ է մնում: «Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունն իրենից է կախված: Երբ պատրաստ լինի համապատասխան չափանիշներին, կընդգրկվի Դաշինքի կազմում: Սակայն այսօր Վրաստանն այդ փուլում չէ»,- հայտարարել է Փշելը՝ հավելելով, թե այս պահին Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության աշխատանքներ են ընթանում: «Մենք կաջակցենք Վրաստանի բարեփոխումներին, սակայն թե երբ այդ երկիրը կհամապատասխանի մեր պահանջներին, ոչ ոք չի կարող ասել»,- շեշտել է ՆԱՏՕ- ի ներկայացուցիչը: