Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ԴԵՌ ԿԼԻՆԵՆ

Դեկտեմբեր 14,2010 00:00

\"\"Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլում, որտեղ տեղի է ունեցել մի քանի սպաների հրամանատարական բարձր պաշտոնների նշանակելու եւ նրանց զինվորական կոչումները բարձրացնելու արարողությունը, ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային եւ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին հանձնարարել է պատասխանատվության ենթարկել անցած շաբաթ օրը Մանեժնի հրապարակում ջարդերի կազմակերպման մեջ մեղավորներին: Հիշեցնենք, որ կովկասցիների դեմ կազմակերպված այդ ակցիաները, որոնց համար առիթ էր հանդիսացել ֆուտբոլային ֆանատներից մեկի՝ Եգոր Սվիրիդովի սպանությունը, վերածվել էին զանգվածային անկարգությունների եւ ջարդարարության: Արդյունքում՝ սպանվել էր մի ղրղըզ, տուժել էր 32 մարդ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ եւ կովկասցիներ, ձերբակալվել էր 66 մարդ: Այսօր էլ մայրաքաղաքի հիվանդանոցներում մնում է այդ իրադարձությունների ժամանակ վնասվածքներ ստացած 7 մարդ:
ՌԴ նախագահ Մեդվեդեւը հայտարարել է, թե հասարակական բոլոր միջոցառումները պետք է անցնեն օրենքին խիստ համապատասխան, իսկ ցանկացած հանցագործ դրսեւորում իրավապահ մարմինները պետք է կասեցնեն: «Մոսկվայում տեղի ունեցած վերջին ջարդերը, մարդկանց վրա հարձակումները պետք է որակվեն որպես հանցագործություն, իսկ դրանք կատարած անձինք՝ պատասխանատվություն կրեն»,- ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահը:
Ինչպես ասված է Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում, իր ելույթում Մեդվեդեւը հայտարարել է, թե իրավապահները ձեռնարկելու են բոլոր օրինական միջոցները՝ ազգամիջյան եւ միջկրոնական խտրականություն սերմանող երեւույթները կասեցնելու համար: «Հատկապես վտանգավոր են այն գործողությունները, որոնք ուղղված են ռասայական կամ կրոնական հողի վրա ատելություն սերմանելուն»,- ասել է Մեդվեդեւը՝ հավելելով, թե դա «սպառնում է պետության ամրապնդմանը», եւ որ «փողոցներում եւ հասարակական վայրերում չպետք է «բարդակ» լինի»:
Ի դեպ, երկրի ամբողջականությունը վտանգող այդ գործողությունների վերաբերյալ ԶԼՄ- ների հետ զրույցներում խոսել են նաեւ քաղաքական գործիչները՝ կարծիք հայտնելով, թե կայսրություններին վտանգ է սպառնում երկու դեպքում, երբ տարա տարածաշրջանները անկախություն են պահանջում, իսկ կենտրոնում ազգայնականության պայթյուն է տեղի ունենում: Իսկ ՌԴ-ում հիմա հենց այդ վիճակն է:
Ընդսմին, Մոսկվայում եւ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ազգայնական ծայրահեղ տրամադրված երիտասարդները մտադիր են շարունակել իրենց ակցիաները այնքան ժամանակ, քանի դեռ Սվիրիդովի սպանության պատասխանատուները չեն պատժվել: Միաժամանակ հակընդդեմ ակցիաներ են նախաձեռնում նաեւ կովկասցիները: Ըստ որոշ տեղեկությունների, Մոսկվայում ապրող շուրջ 8-10 հազար կովկասցի մտադիր է դուրս գալ փողոց: Այդ մասին երկուշաբթի օրը Հասարակական պալատում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է Ուսանողական համերկրացիների միության նախագահի տեղակալ, էթնիկ չեչեն Ազամատ Մինցաեւը:
Մանեժնի հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հարուցվել են տասնյակ քրգործեր: Հրապարակում տեղի ունեցած դեպքերը դարձել են նաեւ Մոսկվայի կառավարության քննարկման առարկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել