Իսկ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտնեց, թե Բոլոնյան գործընթացը ոմանց մտածելակերպում դեռ «նստած» չէ
Քննարկումները բուռն էին ու շարունակվում էին միջանցքներում:
Դեկտեմբերի 10-12-ը Աղվերանում կայացավ միջազգային համաժողով «Բոլոնիայի գործընթացը, ձեռքբերումները, խնդիրները, մարտահրավերները» խորագրով: Այն աննախադեպ էր մասնակիցների թվով. ավելի քան 130 մարդ՝ պատգամավորներ, ռեկտորներ, ՏՏ ոլորտի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շեշտեց, որ նպատակը ազնիվ եւ ոչ ֆորմալ՝ ոլորտի խնդիրների մասին խոսելն է, ու այդ հավաքը Բոլոնիայի գործընթացի ազգային զեկույցի ստեղծման գործընթացին նախապատրաստվելու մեկնարկ կարելի է համարել: Այն մասին, որ ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնըլի» զեկույցի, ամենակոռումպացվածը կրթության ոլորտն է, Աշոտյանը մի քանի մեկնաբանություն ունի. «Թրանսփարենսի ինթերնեշնըլի» տվյալները ապացուցում են, որ կառավարության ունեցած վիճակագրական եւ սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները ճիշտ են: Նա ցավում է, որ երբ գալիս է դեկտեմբերի 9-ը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, մարդիկ հրճվանք են ապրում՝ տեսնես ո՞վ է ամենակոռումպացվածը. «Այդ հակահերոսության մրցանակաբաշխությունն իր ընկալումների մեջ անառողջ էլեմենտ ունի, որովհետեւ կոռուպցիան համատարած երեւույթ է, եւ ասել, թե կրթությունը չեմպիոնն է կոռուպցիայի, արդարացի չէ, պարզապես մենք ամենազանգվածային ոլորտն ենք՝ 700 000 շահառուով, իսկ սոցիալիզացիայի աստիճանով 58 տոկոս ենք»:
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Ի տարբերություն նախորդ գիտաժողովների, այս մեկում ախտորոշում տեսա: Նախորդներում միայն լսում էինք՝ «արվել է» արտահայտությունը, իսկ այս գիտաժողովը սկսեց նրանից, թե ինչը չենք հաջողել, նախարարի խոսքով՝ սադրիչ ձեւակերպումներ ներկայացվեցին համաժողովին: Ինձ դուր եկավ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանի ելույթը: Նա ներկայացրեց պետական 16 բուհերին ուղարկած հարցաթերթիկների վերլուծությունը՝ նշելով, թե որ բուհում Բոլոնիայի գործընթացի որ բաղադրիչը ինչ չափով է ներդրվել: Այս ֆոնի վրա ԵՊՀ-ն ներկայացրեց իր փորձը. պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանի նյութը համալսարանի մասին լավն էր, բայց ինձ համար հարցեր առաջացան՝ եթե առաջին կուրսեցիները, մտնելով բուհ, ստանում են մի կրիչ, որը պարունակում է ցանկացած մասնագիտության գծով ուսումնական պլաններ, ծրագրեր, ուրեմն ինչո՞ւ Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ հասարակության մեջ իրազեկության աստիճանը ցածր է: Հետաքրքիր էր Որակի ապահովման ազգային կենտրոնի ղեկավար պարոն Թոփչյանի ներկայացրած նյութը, որը վերաբերում էր իրենց գործունեությանը: Կրթությունը ֆինանսավորելու նոր կարգի, ուսանողական վարկերի մասին չխոսվեց: Օրինակ, եթե ուսանողը ճարտարագիտական համալսարանում է սովորում, բայց ուզում է որեւէ առարկայից կրեդիտներ հավաքել, դիցուք, ԵՊՀ-ում, չունի այդ հնարավորությունը, մինչդեռ Բոլոնիայի գործընթացում ընդգրկվելը նաեւ այդ հնարավորությունը պիտի տա ուսանողին: Նման խնդիրները լսեցինք, բայց պատասխանները չկան, որովհետեւ օրենսդրական դաշտը բաց է»,- ասում է ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանը: Նա հավելում է, որ, այնուամենայնիվ, գիտաժողովից այն տպավորությունն է ստացել, թե ոմանց մտածելակերպում Բոլոնյան գործընթացը դեռ «նստած» չէ:
Ա. Աշոտյանին հարցրինք՝ եռօրյա համաժողովից հետո ի՞նչ հետեւություններ է արել: «Բոլոնիայի գործընթացից բխող բարեփոխումներ Հայաստանում 2005 թվականից առ այսօր բավականին ինտենսիվ իրականացվում են: Գաղտիք չէ, որ որոշ բարեփոխումներ որոշ բուհերում ստացել են զուտ ֆորմալ դրսեւորումներ: Աշխատաշուկայի հետ կապը դեռեւս հստակ լուծված չէ: Ուսանողությունը, որպես կրթական համակարգի հիմնական շահառու, պետք է կարողանա օգտվել իր հնարավորությունից՝ ազդելու գործընթացի վրա, ԿԳ նախարարությունը պատրաստ է շանս տալ նրանց դառնալու մեր գործընկերները»: Քանի որ համաժողովին մասնակցում էր Վրաստանի ԿԳ նախարարության բաժնի պետ Նոդար Չիտայան, որը ներկայացրեց վրաստանյան իրավիճակը Բոլոնիայի «մասով», ՀՀ ԿԳ նախարարին խնդրեցինք համեմատության մեջ դիտարկել հայաստանյան պատկերը: Նա նշեց, որ փորձագիտական շրջանակների մակարդակով շփումները թույլ են տալիս հասկանալ, թե որ երկրում ինչպես են լավագույնս լուծել այս կամ այն խնդիրը. «Կարող եմ ասել, որ մենք հետ չենք Վրաստանից բարձրագույն կրթության բարեփոխումների առումով, բայց դա մեզ հանգստանալու իրավունք չի տալիս: Կրթությունը ամենադինամիկ եւ արագ զարգացող ոլորտներից է ամբողջ աշխարհում, եւ կրթության միջազգայնացումը անընդհատ բերում է նոր խնդիրներ»:
Համաժողովին մասնակցում էր նաեւ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Կարեն Ակոպյանը, ով ռեկտոր Գոհար Քյալյանի աչքի փուշն է բազմաթիվ հարցերում սեփական կարծիքն ունենալու պատճառով: Համաժողովի ժամանակ նրա առաջարկները բուռն ընդունվեցին ռեկտորների կողմից: Ակոպյանն առաջարկում էր, բացի գրավոր թեստային քննություններից, բանավոր թեստային քննություններ էլ անցկացնել: Ա. Աշոտյանը գտնում է, որ բանավոր քննություններին վերադառնալը իրատեսական չէ, թեստերից դժգոհում են շատերը, եւ ոչ միայն Հայաստանում:
Կ. Ակոպյանի եւ ռեկտորների անհամաձայնության մյուս պատճառը բուհի գիտխորհրդում ուսանողների 25% ներկայությունն է: «ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից որպես կռվան բերվեց այն փաստարկը, թե, օրինակ, բանասեր ուսանողը ի՞նչ գործ ունի ֆիզիկայի պրոֆեսորի ընտրության հետ: Ես էլ նույն հարցին հակադարձեցի՝ իսկ պրոֆեսոր բանասերը շա՞տ է հասկանում ֆիզիկայից, որ ֆիզիկոս պրոֆեսորի քվեարկությանը մասնակցի»,- ասաց ուսխորհրդի նախագահ Ակոպյանը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարցրինք, որ վերջերս հյուրընկալելով անկախ եւ Խորհրդային Հայաստանի կրթության նախարարներին, արդյոք նպատակ ունե՞ր իր հանդեպ դրական վերաբերմունք ձեւավորել եւ նրանց ընկալո՞ւմ է որպես խորհրդատուներ: Ներկայիս նախարարը պատասխանեց, որ իր համար մեծ պատիվ եւ բավականություն էր 12 նախարարներին հյուրընկալելը, նաեւ կոլեգալիզմի, պրոֆեսիոնալիզմի, մարդկային վերաբերմունքի ու հարգանքի տուրք. «Կրթական բարեփոխումները միասնական շղթա են, հաջորդ նախարարը միշտ վայելում է նախորդի ձեռքբերումները եւ կրում է նրա սխալ քայլերի դառնությունը: Անկախ նրանից, թե ինչ քաղաքական պատկանելություն ունենք՝ ՀՀՇ-ական, դաշնակցական, «Օրինաց երկիր», կոմունիստ կամ ՀՀԿ-ական, որպես ոլորտի մեջ աշխատող մարդիկ, գիտենք, որ իրարից չենք կարող բաժանվել, որովհետեւ մեզ ճակատագիրը շղթայել է կրթության համակարգին: Մենք պայմանավորվել ենք, որ ես բաց եմ իրենց առաջարկությունների, դիտողությունների համար: Օրինակ, պարոն Հախումյանը մի քանի արժեքավոր խորհուրդներ է տվել ինձ, մասնավորապես հայ ուսուցչի երդման առաջարկը եւ տեքստի նախնական տարբերակն իրեն են պատկանում, իսկ Հանրային խորհրդի կազմած տեղեկանքը՝ կրթության ոլորտում հեղինակվել է Էդուարդ Ղազարյանի ղեկավարած խմբի կողմից: Որպես անոնս ասեմ, որ նախատեսում եմ եւս մի հրավեր ուղարկել իմ գործընկերներին՝ նույն սեղանի շուրջ խոսելու մեր մեկ տարվա աշխատանքի ձեռքբերումների եւ կորցրած հնարավորությունների մասին»,- պատասխանեց Ա. Աշոտյանը: