Սյունիքի մարզի տարբեր անկյուններում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքները լուրջ մտածելու ու մտահոգվելու առիթ են ստեղծում տեղական հասարակական կառույցների ու բնակչության համար: Մտահոգվելու առիթ է նաեւ այն իրողությունը, որ կառավարությունը բացարձակ նախապատվություն է տալիս «տնտեսական զարգացման» քաղաքականությանը՝ անտեսելով տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրներն ու տեղաբնակների սոցիալական ծանր վիճակը, իսկ հանրապետությունում հանքարդյունաբերության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների սեփականատերերը տիրում են ընդերքօգտագործումից ստացված եկամուտների առյուծի բաժնին՝ փորձելով նվազագույնին հասցնել աշխատողների աշխատավարձերը, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումները: Միամտություն կլիներ կարծել, թե այս ոլորտը անտեսվում է հանրապետության օլիգարխների կողմից, եւ նրանք հարկային տրամաբանությանը մոտ վճարումներ են կատարում պետական բյուջե՝ չշրջանցելով գործող օրենսդրությունը:
Ահա թե ինչու կառավարությունը այսքան մտահոգված է սյունեցիների գործազրկությամբ, բայց չի ցանկանում ընդունել տարածաշրջանում առկա բնապահպանական խնդիրներն ու տեղաբնակների առողջությանը սպառնացող տխուր իրականությունը: Հիշեցնենք՝ «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով առաջնորդվող հանրապետության ղեկավարներին, որ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, ՀՀ բոլոր քաղաքացիների հարստությունը, եւ ընդերքօգտագործումից ստացվող եկամուտները պետք է բաշխվեն տրամաբանության սահմաններում:
Մենք պահանջում ենք վերոնշյալ ոլորտում թափանցիկ գործելաոճ, օրենսդրական արմատական փոփոխություններ, որոնք ուղղված կլինեն ընդերքօգտագործումից ստացվող եկամուտների տրամաբանական բաշխմանը, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, շրջակա միջավայրին հասցված վնասների դիմաց գանձվելիք տուգանքների խստացմանը: