Իրանահայ ավիացիոն ինժեներ Ավո Հովհաննիսյանի եւ նրա տիկնոջ՝ Ժենյա Հովհաննիսյանի բարեգործությամբ նորոգվել է Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղի թիվ 1 գրադարանը: Երեկ գրադարանը նոր տեսքով ներկայացավ հանրությանը: Վերանորոգվել են գրադարանի հատակը, պատուհանները, դռները, գրադարանը համալրվել է արդիական գրադարակներով: Հովհաննիսյան ամուսինների որդին՝ 17-ամյա Շանթը Իրանի լողի չեմպիոնն էր: 1989 թվականին 17 տարեկան հասակում Շանթը Նոր Ջուղայում զոհվել է ավտովթարից: Ավո Հովհաննիսյանը գրքի սիրահար է, նա բարձր է գնահատում հայ դպրության դերը ազգապահպանման գործում: Ավո Հովհաննիսյանը բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր եւ գրքեր է նվիրաբերել Մատենդարանին, Հայաստանի ազգային եւ այլ գրադարանների:
Մինչեւ նորոգումը Կողբի թիվ 1 գրադարանն ուներ 14450 կտոր գիրք, Ավո Հովհաննիսյանը հանդիսավոր արարողության ժամանակ նվիրաբերեց 350, իսկ Հայաստանի ազգային գարդարանը՝ 120 կտոր գիրք: Վերանորոգված գրադարանին իր հեղինակած 12 գրքերը նվիրաբերեց գրադարանի բացմանը ներկա բազմավաստակ լրագրող, գրող Վանիկ Սանթրյանը: Գրադարանի վերանորոգման կապակցությամբ Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանը շնորհակալություն հայտնեց Ավո եւ Ժենյա Հովհաննիսյաններին: Գրադարանի տնօրեն Գայանե Քոչարյանն ասաց, որ կողբեցիները ընթերցասեր են, գրադարանի նորոգումից, շենքային պայմանների բարելավումից հետո ընթերցողների թիվը կավելանա: