Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՈՀՈՒՄ Է

Դեկտեմբեր 14,2010 00:00

ՀՀ կառավարությունը անտեսել է ֆինանսների նախարարության տեղեկանքը եւ ընդունել մի փաստաթուղթ, որը ֆինանսական հենք չունի եւ կյանքի չի կոչվելու:

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, դեկտեմբերի 9-ին ՀՀ կառավարությունը ընդունեց «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգը», որը մինչեւ 2013 թվականը կյանքի կոչվելու շանս չունի միանշանակ, իսկ դրանից հետո՝ դեռ մեծ հարց է:
25-էջանոց փաստաթղթի հիմնավորման տեղեկանքում սփյուռքի նախարարությունը գրել է. հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակումն ու իրականացումը Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի կետերից մեկն է: Հաշվի առնելով պետական կառավարման համակարգի հայկական առանձնահատկությունները, վստահաբար կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանից հետո որեւէ այլ նախագահ, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունից, այս ծրագիրը իրենը չի համարելու: Ուրեմն հավանական է, որ, ինչպես մինչեւ 2013-ը, նաեւ դրանից հետո էլ «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգը» գործնական դրսեւորումներ չունենա, մնա թղթի վրա:
«Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգի» հիմնավորման մեջ սփյուռքի նախարարությունը պնդում է, որ «նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում»: Սա առնվազն ոչ ճիշտ հայտարարություն է, քանի որ հայեցակարգի, օրինակ, 2 կետի 10-րդ ենթակետով Հայաստանը խոստանում է «աջակցել հայրենադարձներին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու հարցերում», կամ 19-րդ կետի 3-րդ ենթակետի բ պարբերությունում արձանագրված է. «անհրաժեշտության դեպքում հայրենադարձների համար կարող են իրականացվել սոցիալական աջակցության հատուկ ծրագրեր»:
Այս անհամապատասխանությունը չի վրիպել ՀՀ ֆինանսների նախարարության աչքից եւ 4 գլուխ, 24 կետ, որոնցից մի քանիսում՝ մեկ տասնյակից ավելի ենթակետեր, ունեցող հայեցակարգի մասին իր եզրակացությունում ՀՀ ֆինանսների նախարարությունը հավաստում է. «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգի հաստատման մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի որոշ դրույթներ ենթադրում են լրացուցիչ բյուջետային հատկացումների անհրաժեշտություն, եւ այդ նպատակով, ինչպես ՀՀ 2011-2013 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով, այնպես էլ ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով միջոցներ նախատեսված չեն, ուստի Նախագծի ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովվածության»: Այսքանով կարելի էր ավարտված համարել հայեցակարգի ոդիսականը, սակայն սփյուռքի նախարարությունը չի հանձնվել եւ, արդարանալ փորձելով, ֆիննախին հակադարձել է. «Նախկինում դիմել ենք ֆինանսների նախարարություն, որտեղից փոխանցվել է, որ համապատասխան օրենքի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի ֆինանսներ նախատեսել հայրենադարձության ծրագրերի համար: Ըստ այդմ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը նման հայտ չի ներկայացրել»: Ֆիննախի պատասխանից հետո դժվար չէ ենթադրել, թե ինչ ճակատագիր է սպասվում հնարավոր հայտին: Կառավարությունը, սակայն, ընդունել է անփող նախագիծը:
Բացի ֆիննախից, սփյուռքի նախարարությունը դիմել է եւս 13 նախարարության եւ ՀՀ ոստիկանությանը: Յոթ նախարարություն՝ տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, առողջապահության, քաղաքաշինության, պաշտպանության, մշակույթի, հայեցակարգի վերաբերյալ որեւէ առաջարկություն, դիտողություն չեն արել: Բայց եթե տրանսպորտի եւ կապի նախարարության պարագայում «անտարբերությունը» հասկանալի է, ապա գյուղատնտեսության նախարարության դեպքում՝ ոչ այնքան: Հայեցակարգի նախաբանում նշված է. «Հայաստանի Հանրապետությունն իր ներկա ժողովրդագրությամբ կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության տարածքային տեղաբաշխվածության առումով: Հայաստանի բնակչության գրեթե 40 տոկոսը կենտրոնացված է Երեւանում, իսկ մարզերում եւ հատկապես սահմանամերձ շրջաններում զգացվում է բնակչության պակաս: Ուստիեւ հայրենադարձությունը Հայաստանի Հանրապետության համար կարող է կարեւորվել ժողովրդագրական եւ տարածքային-ռազմավարական խնդիրների լուծման նպատակով»: Ու եթե մարզերում էլ են բնակեցումներ կամ վերաբնակեցումներ լինելու՝ ապա գյուղնախը չի կարող դիտորդ լինել: Իսկ ահա մշակույթի նախարարության «անտարբերությունը» կարող է քեն լինել: Նախքան այս հայեցակարգի հաստատումը, սփյուռքի նախարարությունը հաջողել է այս սեպտեմբերին ստանալ կառավարության հավանությունը եւ հաստատել «Հայկական սփյուռքի գիտական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման ու տվյալների միասնական համակարգ ստեղծելու մասին» անունով մի որոշում, որի համաձայն՝ սփյուռքին առնչվող ցանկացած ծրագիր համակարգում է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը: Ու սա կարող է «մահացու վիրավորանք» լինել մեր պաշտոնյաների, այդ թվում՝ մշակույթի նախարարի եւ նախարարության համար:
«Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգի» վերաբերյալ առաջարկություն եւ դիտողություն ներկայացրած 8 գերատեսչությունները միասին 43 նկատառում ունեն, որոնցից սփյուռքի նախարարությունը ընդունել է 37-ը: Ուշագրավ է, որ սփյուռքի նախարարությունը ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության բոլոր հինգ դիտողությունները՝ իրավական բնույթի: Սա կարող է նշանակել միայն մեկ բան՝ ՀՀ սփյուռքի նախարարության իրավաբանները լավ չեն աշխատում: Իսկ արտգործնախարարությունը 9 դիտողություն է արել, որոնցից երկուսով նկատել է, որ «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգի» 2-րդ կետի 6-րդ ենթակետը՝ «աջակցել հայրենադարձների ինտեգրման հարցերով հասարակական կազմակերպությունների, աշխատանքային խմբերի, ինչպես նաեւ ինտեգրման կենտրոնների ստեղծմանը» եւ 19-րդ կետի 4-րդ ենթակետի ա պարբերությունը՝ «օժանդակել հայրենադարձների մասնագիտական կարողությունների խորացմանը», անիրականանալի են: Սփյուռքի նախարարությունը ընդունել է, որ անիրականանալի նպատակներ է սահմանել եւ խոստացել է խմբագրել ձեւակերպումները: Կրթության եւ գիտության նախարարության «մատուցմամբ» էլ սփյուռքի նախարարությունը մի շարք խմբագրումներ է արել եւ տառասխալներ ուղղել, իսկ ահա ԿԳ նախարարության բովանդակային առաջարկները սփյուռքի նախարարությունը չի ընդունել:
Դժվար է ասել, թե ինչու է կառավարությունը ընդունել անփող ու, մեծ հաշվով, անիմաստ նախագիծը: Չեմ պատկերացնում, թե Հայաստանի Հանրապետությունը ինչպես է Հայաստանում բնակություն հաստատելու ցանկություն ունեցողին ապացուցելու, որ այստեղ իրեն «քաղցր աչքով մտիկ կանեն», եթե Հայաստանի եւ Ղարաբաղի համար կյանքով ռիսկի դիմած, պատերազմին մասնակցած նախկին սփյուռքահայեր Ժիրայր Սեֆիլյանին եւ Սարգիս Հացպանյանին ոչ թե չեն սիրում կամ չեն հարգում, այլ ազատազրկում են միայն կարծիք հայտնելու համար:
Ըստ հայեցակարգի հեղինակ սփյուռքի նախարարության՝ «Հայաստանից դուրս ապրում է շուրջ 7 միլիոն հայ: Նրանց որոշ մասը Հայաստանի քաղաքական անկախության վերականգնումից հետո հաստատվել է հայրենիքում: Այդ գործընթացը ներկայումս շարունակվում է… վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ընդունել շուրջ 6000 սփյուռքահայ»: Եթե հավատանք սփյուռքի նախարարությանը, ապա միջինացնելով կարող ենք ասել, որ 2005-ից այսկողմ, երբ արտոնվեց երկքաղաքացիությունը, ՀՀ քաղաքացի է դարձել տարեկան մոտ 3000 սփյուռքահայ՝ ընդամենը 15 000 կամ 7 միլիոնի 0,2%-ը: Ուրեմն, դրսում ապրող հայերի ավելի քան 99 տոկոսի համար այսօրվա Հայաստանը գրավիչ չէ: Ուրեմն, եթե անգամ Հայաստանը 2013-ից հետո կամ երբեւէ գումար առանձնացնի «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգի» համար, քիչ հավանական է, որ սփյուռքահայերը վազելով կգան Հայաստան: Ուրեմն, ունենք հերթական կառավարական որոշումը, որ գեղեցիկ բառերի եւ սիրուն ցանկությունների ամբողջություն է միայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել