Մանվել Սարիբեկյանը դիվերսանտ չէր, նա ընդամենը օրավարձով վառելափայտ էր բեռնում:
Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի կենտրոնում, ճանապարհի վրա սեւ ժապավեն է կախված՝ «Մանվել-20» գրությամբ եւ ադրբեջանական գերության մեջ զոհված երիտասարդի լուսանկարով: Գյուղի բարձունքում գտնվող համեստ տան մուտքին, ի նշան վշտի, գիշեր-ցերեկ վառվում է էլեկտրական լամպ: Այն կմարի դեկտեմբերի 17-ին, երբ Մանվելի մահվանից արդեն 40 օր անցած կլինի: Մանվելի մայրը՝ 37-ամյա Սիրանույշը, պատմում է, որ չարաբաստիկ օրը Մանվելն առավոտյան ժամը 9-ին գնացել է անտառ, որպեսզի օգնի վառելափայտի գործ անողներին: Դրա դիմաց Մանվելն օրական 5 հազար դրամ էր ստանում: 13 տարեկանից Մանվելն այսպիսի աշխատանք էր անում՝ օգնում վառելափայտի համար անտառ գնացողներին, մասամբ հոգում կայուն վաստակ չունեցող իր ընտանիքի ապրուստը: Ծնողների եւ հարազատների խոսքով, Մանվելը ուսման մեջ հաջողություններ չուներ, հայերենից զատ այլ լեզվի չէր տիրապետում, բայց համեստ էր, աշխատասեր: Մոր խոսքերով, անտառում Մանվելը ձի նստելով՝ իջել է հարեւանների անասուններին որոնելու: «Մի դանա (մոզի) ունենք, մեր հարեւանի անասունների հետ էր արածում»,- ասում է տիկին Սիրանույշը:
Անցած մեկ ամսում շատ է խոսվել ու գրվել Մանվելի մասին: Նա անհետացել է, համագյուղացիները երեք օր որոնել են, սակայն ապարդյուն, հետո պարզվեց, որ նա Ադրբեջանում գերի է:
Անասունները, որոնց որոնում էր Մանվելը, գտնվել են: Թթուջրի համայնքապետարանի հողաշինարար Արամ Վարդանյանն ասում է, որ թեեւ այդ օրը մառախլապատ էր, սակայն Մանվելը չէր կարող մոլորվել այդ տարածքում, քանի որ լավատեղյակ էր տեղանքին: Այդտեղ ճամփաբաժան կար, որ անգամ միգամածության մեջ նրան թույլ չէր տա մոլորվել: Վարդանյանը կարծում է, որ ադրբեջանցի զինյալներն են առեւանգել Մանվելին: Ծնողները տեսել են ինտերնետից վերցված տեսագրությունը՝ ադրբեջանական գերության մեջ Մանվելի «ինքնախոստովանական ելույթը», որտեղ նա ասում է, թե դիվերսանտ է: «Ձայնը իրենը չէր, Մանվելն իրեն նման չէր, կարծես սրսկված լիներ»,- ասում է Սիրանույշ Բալյանը:
Հայրն էլ պատմում է, որ որդու դիակը խոշտանգված էր, վնասվածքներ կային պարանոցի եւ քթի շրջանում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Գեղարքունիքի մարզպետը, Թթուջրի գյուղապետարանն են տրամադրել Մանվելի հուղարկավորության գումարը:
Սարիբեկյանների ընտանիքը եւս 3 զավակ ունի: Նրանցից երկուսը դպրոցական են, տղան սովորում է 8-րդ, աղջիկը՝ 10-րդ դասարանում, իսկ Մանվելի կրտսեր եղբայրը ծառայում էր հեռավոր սահմանագոտում; Մանվելի հետ պատահածից հետո նրան տեղափոխել են Վարդենիս: Սարիբեկյանների ընտանիքը կայուն վաստակ չունի, գոյատեւում է ամսական 25 հազար դրամ ընտանեկան նպաստով: Սիրանույշ Բալյանն ասում է, որ Մանվելը ցանկանում էր մեկնել Ռուսաստան՝ հորեղբոր մոտ, նրա անձնագրում արդեն արտերկիր ելքի վիզայի կնիքը կար: