Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԻՐՈ ԵՎ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՕՐՐԱՆ

Դեկտեմբեր 14,2010 00:00

«Մեր տունը» օգնում է մանկատանը մեծացած աղջիկներին՝ գտնել իրենց տեղը կյանքում

\"\"

Իննա Ղասաբյանը Ստեփանակերտից է: Մոր կողմից որբանալուց հետո, ղարաբաղյան շարժման տարիներին կորցրել է նաեւ հորը: Եղբոր հետ, մենակ ու անօգնական մնալով՝ որոշ ժամանակ անց հայտնվել են Գավառի մանկատանը: Երեխաների հորը փնտրելու՝ մանկատան ղեկավարության ջանքերը, ի վերջո, արդյունք են տվել. հայրը տեղափոխվել ու ապրում էր Ռուսաստանում: Վերջինիս հրավերով Իննան ու եղբայրն էլ են տեղափոխվում հոր մոտ, բայց երկար մնալ չեն կարողանում: «Չհամակերպվեցինք ու ետ եկանք: Ո՞ւր գնալ, ի՞նչ անել: Մենք նորից որբացել էինք: Միակ հույսս Գավառի մանկատունն էր, բայց քանի որ 18 տարիս լրացել էր, ետ ընդունել չէին կարող: Սակայն տնօրեն Նալբանդյանն ընդառաջեց, եւ մենք նորից ապաստան գտանք մանկատանը»,- հիշում է Իննան:
Գավառի մանկատանը երկու ամիս ապրելուց հետո աղջիկը տեղափոխվում է Էջմիածին՝ իր բախտակից 12 աղջիկների մոտ, որոնք արդեն տնավորվել էին «Մեր տունը» հասարակական կազմակերպության հարկի տակ:
«Մեր տունը» հ/կ-ն Միացյալ Նահանգներից եկող բարեգործական աջակցությամբ ապրող կազմակերպություն է: Տնօրենների խորհրդում հայ համայնքի առաջնորդներն են: Վարչությունը Միացյալ Նահանգներում ղեկավարում է Ջուլի Աշեկյանը: Իսկ Հայաստանում Տան ղեկավարումը վստահված է Տիգրանուհի Կարապետյանին: 2005-ին հիմնադրված կազմակերպությունը գործող ծրագիր դարձավ մեկ տարի անց՝ մանկատանը մեծացած, սակայն մանկատանը մնալու տարիքն անցած՝ 18-23 տարեկան աղջիկների համար Էջմիածնում երկհարկանի, մեծ ու լուսավոր տուն ձեռք բերեցին, որը անտուն աղջնակների համար հենարան ու ամուր տանիք դարձավ:
Հենց այստեղ էլ ապաստան գտավ նաեւ Իննան: «Խոր դեպրեսիա էի ապրում, չարացել էի մարդկանց նկատմամբ: Բայց «Մեր տանն» իմ կյանքում ամեն ինչ փոխվեց. Աստծուն ճանաչելու, երախտապարտ լինելու հնարավորություն ստացա: Եղբայրս 2009թ. բնակարան ստացավ եւ առաջարկեց միասին ապրել: Հիմա միասին ենք: Աշխատանք էլ ունեմ: Բայց մեկ է՝ «Մեր տունն» իմ տունն է, իմ ընտանիքը, ուր հաճախակի եմ այցելում»:
«Մեր տունը» սոսկ ծածկ չէ: Մեծ ընտանիք է՝ տաք օջախ, որի յուրաքանչյուր բնակիչն իրեն տանտեր է զգում: Կազմակերպությունը հոգում է, որ աղջիկները կրթություն ու մասնագիտություն էլ ստանան: Ոմանք սովորում են բուհերում, կան նաեւ խոհարարությունը նախընտրածներ, Տուն են հրավիրվում կրոնի, օտար լեզուների ու համակարգչային տեխնիկայի եւ ծրագրերի մասնագետներ: Իսկ մանկավարժների ու հոգեբանների օգնությամբ ծնողական խնամքից զրկված աղջիկները կյանքի դասեր են առնում: «Ինձ շատ է դուր գալիս ընտանեկան մթնոլորտը: Այն, ինչ սովորել եմ այս տարիներին, հետո անպայման կկիրառեմ իմ սեփական ընտանիքում»,- ասաց Դիանա Դանիելյանը: «Նրանք ազատ են իրենց գործողություններում: Չնայած խոհարար ունենք, բայց աղջիկներն իրենք էլ են կերակուր պատրաստում: Պատրաստելով՝ սովորում են: Այնպես չէ, որ նստում՝ սպասում են, թե երբ են կերակուր մատուցելու: Իրենք իրենց ձեռքով եփում են, մաքրում, հետեւում տան կարգ ու կանոնին, տնամերձ այգին ու բանջարանոցն են մշակում: Ամեն մեկն իր անունով ծառ է տնկել: Ավելի քան 25 պտղատու ծառ ունենք այգում»,- ասաց «Մեր տան» ղեկավար Տիգրանուհի Կարապետյանը:
Տան բնակիչների թիվը շարունակ փոփոխվում է: Ամուսնացածներին փոխարինում են նորերը՝ դարձյալ Գավառի մանկատնից: Այս պահին Տանը 9-ը աղջիկ է ապրում: Չորս տարվա ընթացքում վեց նորահարս է այստեղից դուրս եկել: Նրանք հիմա հարազատ Տուն հյուր են գալիս իրենց երեխաների հետ: «Միշտ երազել եմ ընտանիք ունենալ, մայր դառնալ եւ երեխաներիս տալ այն սերը, որը ես չեմ ստացել: «Մեր տան» ամենամեծ աղջիկն էի, եւ բոլորը սպասում էին իմ երջանկությանը: Ապագա ամուսնուս՝ Սամվելի հետ ծանոթացա այստեղ. «Մեր տան» վերանորոգման աշխատանքներն էր անում: Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես հայկական ավանդական ընտանիքներում. ծնողները եկան խնամախոսության, հետո նշանադրություն եղավ եւ հարսանիք: Մեկ տարի անց ծնվեց դուստրս՝ Դիանան: Հիմա կողքիս կա հրաշալի մարդ եւ լավ ամուսին: Ես սիրված կին եմ եւ շատ երջանիկ: Ահա, թե ինչ տվեց ինձ «Մեր տունը»,- ասաց Վարսիկը, ով առաջինն էր, որ «Մեր տան» հարկի տակ հարսնազգեստ հագավ:
Վարսիկի հարսանիքը միայն սկիզբն էր. նոր սերեր ծնվեցին, նոր ընտանիքներ ձեւավորվեցին, ու երեխաներ լույս աշխարհ եկան:
Ծնողական խնամքից զրկված աղջիկների մայրական գուրգուրանքի պակասն այստեղ լրացնում են դաստիարակները: Շփումներում՝ ազատ են ու անկեղծ, դիտողություններում՝ զգույշ, որ հանկարծ չվիրավորեն աղջիկներին:
Մեծ տունն ու մեծ ընտանիքը նաեւ մեծ ծախսեր են ենթադրում: Ճիշտ է, ամերիկյան կողմը գումարի խնդիր չի ստեղծում, բայց չնախատեսված ծախսերը երբեմն դժվարություններ են հարուցում: Աղջիկներն իրենք ամեն ինչ անում են, որ ժամանակավոր այդ խնդիրները հեշտ հաղթահարելի լինեն. սանձում են իրենց նյութական պահանջներն ու ապրում զուսպ կենսակերպով: «Հենց սա է ընտանիքը, երբ անդամների միջեւ փոխադարձ հարգանք ու հանուն ընտանեկան բարօրության ճիշտ ընկալում կա»,-ասաց տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը:
«Մեր տունը» արդեն բարեկամներ էլ ունի: Էջմիածնի քաղաքապետարանը, օրինակ, սննդի մատակարարման զգալի մասն է ստանձնել, իսկ «Շիրակ» գործարանը՝ հաց ու հացամթերքի: «Մեր տան» մասին երգ էլ է գրվել, տեսահոլովակ ու ֆիլմ նկարվել: Դա էլ շոու բիզնեսի հայ աստղերի նվերն է աղջիկներին, որոնց նրանք հաճախ են այցելում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել