Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քանդակագործին էլ չէին հրավիրել

Դեկտեմբեր 14,2010 00:00

Շաբաթ օրը ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում, Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ, բացվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող եկեղեցին: Հիշեցնենք, որ եկեղեցու շինարարությունը սկսվել էր դեռեւս մայիսից, եւ այդ գործի նախաձեռնողները քրեակատարողականի մոտ 350 դատապարտյալներն են, որոնք սեփական ուժերով կառուցեցին աղոթատեղին: Ինչպես մեր օրաթերթին փոխանցեց Շիրակի հոգեւոր թեմի սոցիալ-կրթական կենտրոնի մամլո դիվանի ղեկավար Համլետ Մոսինյանը, եկեղեցու զանգը ձուլվել է Գյումրիում՝ քանդակագործ Արտուշ Պապոյանի ու նրա երեք որդիների ձեռքերով, իսկ սա աննախադեպ երեւույթ է, քանի որ դրա համար գործում են հատուկ մասնագիտացված գործարաններ արտասահմանում: Իսկ զանգի պատվիրատուն, ըստ մեր զրուցակցի, եղել է սառնաղբյուրցի Արտակ Գյոլեցյանը, ով երկու տարի առաջ ակամա մասնակցություն է ունեցել Գյումրիից Սառնաղբյուր զենքերով ու հարբած վիճակում ուխտի գնացած երիտասարդների ծավալած «մենամարտին»: Զավեշտալին այն է, որ եկեղեցու պաշտոնական բացմանը անկախ լրատվամիջոցների հետ համատեղ չի հրավիրվել նաեւ զանգը ձուլող քանդակագործը: ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Արսեն Բաբայանը, արհամարհելով ԶԼՄ-ների մասին օրենքը, լուսաբանման համար ՔԿՀ էր թույլատրել միայն ընտրյալ լրատվամիջոցների՝ մի քանի հեռուստաընկերությունների եւ մեկ լրատվական գործակալության՝ փաստացի խոչընդոտելով մեր օրաթերթի, «Ազատություն» ռ/կ ու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատանքները: Նշենք, որ իրադարձությունից մեկ օր առաջ «Առավոտը» Արսեն Բաբայանին խնդրել էր հավատարմագրել նաեւ մեր լրատվամիջոցին, սակայն վերջինս, չգիտես ինչու, խոստացավ մեզ հրավիրել այն դեպքում, եթե իրադարձությանը մասնակցի կաթողիկոսը: Իսկ քանի որ Վեհափառը չմասնակցեց, չթույլատրեցին մասնակցելու նաեւ «Առավոտին»: Պատճառը հասկանալի է՝ Արսեն Բաբայանին վախեցրել ու կաշկանդել է այն, որ անկախ լրատվամիջոցները հանկարծ կարող էին հանդիպել ու զրույցի բռնվել վերջերս «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ: Անընդունելի է պետբյուջեից փող ստացող ու իր պարտականությունները չկատարող Արսեն Բաբայանի պահվածքը: Տպավորություն է, որ այսուհետեւ նա է որոշողը, թե ո՞ր լրատվամիջոցին ի՞նչ է անհրաժեշտ, ո՞ր պաշտոնյայի ներկայության դեպքում՝ ո՞ր լրատվամիջոցին կարելի է հրավիրել: Ի դեպ, «Արթիկ» ՔԿՀ-ի մեր աղբյուրների հավաստմամբ, դատապարտյալներին զրկել են նաեւ անկախ թերթեր ընթերցելու հնարավորությունից, այստեղ հասանելի է միայն իշխանական մամուլը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել