Դեկտեմբերի 17-ին հայտնի կդառնա Երեւանի նոր քաղաքապետի անունը: Քաղաքապետի ընտրության օրը որոշվել է երեկ Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը: Նշենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրում են ավագանու խմբակցությունները եւ քաղաքապետ է ընտրվում առավել ձայներ հավաքած թեկնածուն:
Նկատենք, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնի համար շրջանառվում են քաղաքապետի պաշտոնակատար Տ. Մարգարյանի, ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանի եւ «ՀայՌուսգազարդի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Կարապետյանի անունները: