Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրեցիներին ռուսնե՞րն են պահում

Դեկտեմբեր 14,2010 00:00

Գյումրիում ռուսական պետական միգրացիոն ծրագրի համար գլուխ են ջարդում

Որ գյումրեցիները անչափ հետաքրքրված են այս ծրագրով, ու գործազուրկ քաղաքում բնակչության մեծ մասը ճամպրուկային տրամադրություն ունի, այս մասին ամենից առաջ փաստում են Գյումրիի թերթերի տնօրենները: Օրինակ՝ «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանի խոսքերով, այս թեմայի շուրջ հեռուստաընկերություններին 1-2 հարցազրույց տալուց ու դատարկվող քաղաքի մասին իր մտահոգությունն արտահայտելուց հետո, գյումրեցիների մոտ սխալ կարծիք է առաջացել, թե ինքը տիրապետում է միգրացիոն տեղեկատվությանը, սակայն չի բարձրաձայնում: Այդ պատճառով էլ գյումրեցիները, հատկապես գործազուրկ «խոպանչիները», օրումեջ ծանոթ են մեջ գցում եւ խմբագրություններում ծանոթներ փնտրում՝ իրենց օգնելու համար: Թե Գյումրիից պաշտոնապես քանի հոգի է օգտվել միգրացիոն ծրագրից, ՌԴ-ի Գյումրիում գտնվող հյուպատոսարանում հստակ թվեր չեն հրապարակում, սակայն նորանշանակ հյուպատոս Վասիլի Կորչմարը օրերս իր հրավիրած առաջին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Երեւանում գտնվող՝ Ռուսաստանի գլխավոր միգրացիոն ծառայության ներկայացուցիչները երեք օրով եկել էին Գյումրի, ցուցադրել են հատուկ ֆիլմ, 120 բնակիչ դիտել է այն, որից 8-ի թղթերը հյուպատոսարանն ընդունել է: Հյուպատոսը մեկ անգամ եւս շեշտում է, որ այս ծրագիրը ստիպողական չէ, ավելին՝ այն բավականին երկար անվանում ունի, որը հուշում է կամավոր լինելը՝ «Արտերկրում բնակվող հայրենակիցների կամավոր բնակեցում Ռուսաստանի տարածքում»:
«Այս ծրագիրը անչափ դանդաղ է գործում, քանի որ այն կապված է մարդկանց գույքի, տրանսպորտի, սուբսիդիայի ձեւակերպման հետ, որպեսզի բնակվեն նոր վայրում, որպեսզի աշխատանք գտնեն իրենց ու ընտանիքին կերակրելու համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, երբ այստեղ էր միգրացիոն խումբը, խոսքը գնում էր աշխատանք չունեցող մարդկանց մասին, որոնք գնում են աշխատելու՝ ըստ մասնագիտության»,- ասաց հյուպատոսը՝ տեղեկացնելով նաեւ, որ ամիսը մեկ անգամ Երեւանում գտնվող՝ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը պետք է ընդունելություն կազմակերպի նաեւ Գյումրիում:
Իսկ ո՞րն է պատճառը, որ Ռուսաստանը էմիգրանտներ է ընդունում, մի՞թե դեմոգրաֆիական անկումն է, հետաքրքրվեցին լրագրողները: Ըստ հյուպատոսի, պատճառը արտերկրում բնակվող հայրենակիցներին հայրենիք հրավիրելն է: Նրա տեղեկացմամբ, ավելի քան 30 մլն ռուսներ, այդ թվում՝ նաեւ Խորհրդային Միությունում ծնված մարդիկ, ապրում են արտերկրում: Դիվանագետի վստահեցմամբ, Հայաստանում այս ծրագրի իրականացման նպատակն այն է, որ մարդկանց ուղարկեն աշխատանքի, նրանք կարողանան պահել իրենց ընտանիքները. փող աշխատեն ու ուղարկեն Հայաստան: Ավելին, ըստ պարոն Կորչմարի, Գյումրի արտերկրից մուտք գործող գումարի 70 տոկոսը Ռուսաստանից է: Հյուպատոսը, չհամաձայնելով լրատվամիջոցների՝ ծրագիրը «սպիտակ եղեռն» որակելուն, ասաց, որ մարդիկ Ռուսաստան են գնում ժամանակավորապես: «Ինչո՞ւ չկա այդպիսի ծրագիր ամերիկացիների, գերմանացիների կամ ֆրանսիացիների մոտ, որ թեկուզեւ 50 հայերի ուղարկեն այնտեղ աշխատելու ըստ մասնագիտության, որովհետեւ կա լեզվի խնդիր, իսկ այստեղ այդ խնդիրը չկա, մենք ապրել ենք նույն երկրում, հասկանում ենք լեզուն, մենթալիտետով եւս մոտ ենք»,- ասաց հյուպատոսը: Նրա տեղեկացմամբ, էմիգրանտները Ռուսաստանում ստանում են 300-ից մինչեւ 500-600 դոլար աշխատավարձ: «Օրինակ, ես զրուցել եմ Ռուսաստանում գտնվող տաջիկների հետ, նրանք հայրենիքում ստանում են երկու դոլար աշխատավարձ, բայց Ռուսաստանում ստանում են 300 դոլար, որից 150-ը ուղարկում են տուն եւ 5-6 հոգի ապրում են»,- իր երկրի ընձեռած հնարավորություններով հպարտացավ հյուպատոսը:
Իսկ գործազրկության մեջ թաղված գյումրեցիներին Ռուսաստան տեղափոխվելու մտքից հետ չեն պահում անգամ այնտեղ օրումեջ ազգային հողի վրա կատարվող դաժան սպանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել