Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԷԼ ՓՈՂ ՉՈՒԶԵՍ՝ ՉԿԱ»

Դեկտեմբեր 14,2010 00:00

Բանվորներին ամիսներ շարունակ աշխատեցրել են ու չեն ուզում վարձատրել

Մի քանի ամիս առաջ՝ դեռեւս հունիս-հուլիս ամիսներին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Համալսարանում արդեն վաղուց այդ աշխատանքներն ավարտվել են, սենյակները հանձնվել են շահագործման, բայց մինչ օրս բանվորները, որոնք օրնիբուն այնտեղ շինաշխատանքներ են իրականացրել, դեռ չեն վարձատրվել:
Գյումրիում բնակվող Կարուշ Բաղդասարյանն ակադեմիայում գաջի գործ է արել: Նրան ակադեմիայի շինաշխատանքներ իրականացնող կազմակերպությունը գտել է «Գինդ» շաբաթաթերթից, որտեղ ծեփագործ վարպետը հայտարարություն է տվել. «Ինձ զանգեց Վանոն ու ասեց, որ գաջի գործ կա: Գնացի, պայմանավորվեցինք, որ 1 քմ-ի համար ինձ 1000 դրամ կուդան, ընդհանուր հաշվեցինք, որ 425 քմ տարածք էր, ու պիտի 425 հազար դրամ տային: Ես էլ գործը նայեցի, համաձայնեցի: Տղուս էլ հետս տարա, որ շուտ պրծնենք ու հանձնենք: Ընդհանուր աշխատանքներն ավարտեցինք մեկուկես ամսից, մենք մեր գործը նորմալ ժամանակին արեցինք, ըշտը փողը պտի տային, ամեն օր ձգձգում էին, էսօր-էգուց էին անում»: Ամիսներ շարունակ իր աշխղեկների՝ ոմն Վանոյի ու Եղիազարյան Կարենի հետեւից ընկնելով՝ Կարուշը կարողացել է մի կերպ ստանալ 130 հազար դրամ. «50 հազար մեկ տվեցին, 20 հազար մեկ, հետո 10 հազար, հետո, երբ վերջին 50 հազար դրամը տվեցին, ասեցին՝ էդ ա, էլ փող չուզես, չկա, արդեն սկսեցին պնդել, թե 425 քմ-ում գաջ չեմ քաշել: Արդեն տարածքը ներկել-հանձնել են ու չեմ էլ կարող ապացուցել, թե այսինչ լուսամուտի կողքերն եմ գործ արել՝ հատկապես, որ դատարկ տարածքներ չեն տվել: Մի քիչ մի սենյակում եմ գաջ քաշել, մի ուրիշ սենյակի մի պատն եմ արել»:
Բանն այն է, որ բանվորների հետ կապվել ու հանձնարարությունները տվել են հենց այդ Վանոն ու Կարենը: Նրանք են ղեկավարել շինաշխատանքները եւ, քանի որ գրավոր պայմանագիր չեն կնքել աշխատողների հետ, բոլորի հետ պայմանավորվել են բանավոր սկզբունքներով, բանվորները չգիտեն էլ, թե որ կազմակերպությունն է իրենց «քաշել» կամ ուր դիմեն՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար:
Մեր խմբագրություն եկած Կարուշ Բաղդասարյանը պատմում էր, որ Գյումրիում իր ընտանիքն ապրում է ծայրաստիճան վատ պայմաններում՝ փոքրիկ տնակում: Այդ 425 հազար դրամը ծախսելու հետ կապված բազմաթիվ ծրագրեր է ունեցել, վերջիվերջո Նոր տարի է, ու առջեւում հազարավոր խնդիրներ կան: Սակայն հիմա այլեւս չի էլ կարողանում գտնել ոչ Վանոյին, ոչ էլ Եղիազարյան Կարենին: Նրանց բջջային հեռախոսահամարներով մենք էլ փորձեցինք կապվել ու պարզաբանումներ ստանալ, բայց օրեր շարունակ դրանք ժամանակավորապես անհասանելի են: Կարուշի խոսքերով՝ «Արդեն մի քանի շաբաթ է, տարբեր հեռախոսահամարներով զանգում ենք՝ նույնն է, երեւի դիտմամբ են էդպես արել»:
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից նույնպես որեւէ պարզաբանում չստացանք:
Խնդրի հետ կապված՝ «Առավոտի» հետ զրույցում Աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ եթե տուժած բանվորներն իրենց տեսչությունում դիմում գրեն՝ գործը կուսումնասիրեն, ու հնարավոր է աշխատավարձի դիմաց փոխհատուցումը ստանան. «Կարող է բանվորներին պայմանագիր չեն տվել, բայց իրենք ունենան ինչ-որ պայմանագրի տարբերակ: Մենք կուսումնասիրենք ու նոր կարող ենք հստակ պարզաբանել»:
Նշենք, որ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ գործատուները, գրավոր պայմանագիր չկնքելով, խախտում են Աշխատանքային օրենսգիրքը: Ամեն օր «ֆայլաբազարի» բանվորների հետ նույն կերպ են վարվում: Տանում-աշխատեցնում են ու չեն վճարում: Լավագույն դեպքում՝ պայմանավորվում են մի գումար, վճարում՝ որքան ուզում են: Եվ քանի որ այսօր գործազրկության մակարդակը բարձր է, որքան էլ գիտակցում են, որ կարող է խաբվեն ու փողը նախօրոք են ուզում վերցնել, միեւնույն է, մարդիկ ի վերջո ստիպված համաձայնում են աշխատել գործատուի թելադրած պայմաններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել