Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2կգ-անոց կշռաքարն ընդամենը 800գ է կշռում

Դեկտեմբեր 14,2010 00:00

Ամանորի նախաշեմին առեւտրի մեծ ու փոքր կետերում առեւտուրն աշխուժանում է, անբարեխիղճ տնտեսվարողներից խաբվող քաղաքացիների թիվը՝ օրեցօր մեծանում: Միայն նախորդ ամիս Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը Երեւանում անցկացրած դիտարկումների արդյունքում 150 տնտեսվարող սուբյեկտներում կշեռքների չափագիտական տարբեր խախտումներ է բացահայտել:
«Սա աղաղակող, վրդովեցնող ցուցանիշ է, եւ ոչ մի կերպ չի կարելի այն հանդուրժել: Առաջին չարիքը հենց շուկաների պատերի տակ իրականացվող առեւտուրն է, որտեղ կշեռքի մասին խոսելն իմաստ էլ չունի, քանի որ փողոցում չեն կշռում, իսկական ֆոկուսնիկություն են անում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում էր Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով, եթե շուկաների ներսում կշեռքները 50%-ով են թերի, ապա շուկայի պատերի տակ, որտեղ ավելի մեծ առեւտուր է գնում՝ կշեռքները 120%-ով են թերի. «Այնտեղ ավելի ահավոր ու անվերահսկելի վիճակ է: Շատ վիրավորական է, որ բացի այն, որ կշեռքները կեղծ ցուցմունքով են գործում, տնտեսվարողները դիտավորյալ կշեռքներն այնքան հեռու են դնում, որ քաղաքացին ցուցմունքը տեսնելու համար ստիպված կռանա կամ վիզը ոլորի, որ մի բան տեսնի, եւ այդ վիճակին դեռ շտկում չկա»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Աշոտ Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, թե ստուգայցերի ընթացքում ինչպիսի ապշեցուցիչ ու զավեշտի հասնող խախտումների են ականատես եղել. «Կային դեպքեր, երբ երկու կիլոգրամանոց կշռաքարն իրականում կշռում էր 800 գրամ, 1 կիլոգրամանոցը՝ 500 գրամ, կային կշեռքներ, որոնք ձեւափոխված էին, դրանք ներքեւի մասում ունեին լրացուցիչ անջատիչ, որը միացնելով՝ կշեռքը սկսում էր 300 գրամ խաբել: Այս դեպքերը հանձնել ենք իրավապահ մարմիններին»: Թե ինչքան տույժ ու տուգանք են վճարել անբարեխիղճ տնտեսվարողները, պարոն Ղազարյանը բացատրեց. «Այս պահին ավելի շատ շեշտը դնում ենք ոչ թե տուգանքների, այլ խնդիրը լուծելու վրա: Ամեն ինչ անում ենք, որ նրանք որոշեն ազնիվ ու ճիշտ աշխատել, սա ավելի մեծ արդյունք կտա, քան ամեն անգամ տուգանելը: Բոլորին ծանուցագրեր ենք տվել, որ գնան ու ստուգեն իրենց կշեռքները, իսկ հաջորդ ստուգայցին խախտումը կրկին բացահայտելու դեպքում ավելի խիստ կլինենք»: Ֆինանսական տուգանքների կողմնակից չէ նաեւ սպառողների պաշտպանը. «Տուգանքը խնդիրը չի լուծում, հարցն այն է, որ տնտեսվարողները պետք է միշտ զգան, որ իրենց վրա հսկող աչք կա, ու աստիճանաբար վերջ տան իրենց խաբեություններին: Թե չէ՝ հիմա տնտեսվարողների շրջանում մի տեսակ հոգեբանություն է ձեւավորվել, մտածում են՝ դե, տեսուչը կգա, մի քիչ գումար կտանք ու կշարունակենք նույն խարդախություններն անել»:
Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետի խոսքով էլ, նույն վիճակն է նաեւ մարզերում. «Էական տարբերություն չկա՝ մոտ 150 խախտում էլ մարզերում ենք նույն ժամանակահատվածում բացահայտել: Ամբողջ խնդիրն այն է, որ, օրենքի համաձայն, պետք է 3 օր առաջ տնտեսվարողներին ծանուցենք, որ գալիս ենք ձեր կշեռքները ստուգելու ու նաեւ իրավունք չունենք տարվա մեջ մեկ անգամից ավելի ստուգայց կատարել. սա, իհարկե մեծացնում է հավանականությունը, որ մեր ստուգայցի ընթացքում նրանք կարգի կբերեն իրենց կշեռքները ու մեր մեկնելուց հետո կանցնեն իրենց հերթական խաբեություններին: Ամեն պատեհ առիթով առաջարկում ենք օրենքում փոփոխություններ, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են»: Պարոն Ղազարյանը նկատեց, որ սուպերմարկետներում կշեռքների չափագիտական խախտումներ վերջին ժամանակահատվածում չեն հայտնաբերել, որովհետեւ, ի տարբերություն փոքր կրպակների կամ ավանդական շուկաների, այստեղ կշեռքները էլեկտրոնային են. «Այստեղ 3-5 գրամից ավելի շեղումներ չենք հայտնաբերել: Բացատրում ենք, որ այդ 5 գրամը կարող է տասնյակ հաճախորդների կորուստ դառնալ»: Պարոն Ղազարյանը նաեւ նշեց, որ նախորդ ամսվա ստուգայցերի ժամանակ խախտումը կրկին անգամ թույլ տված տնտեսվարողները էլի տուգանվել են: Տուգանքի ընդհանուր չափն էլ կազմել է 2-3 միլիոն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել