Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇՈՒՏՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՐԵՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դեկտեմբեր 14,2010 00:00

Ավտոմեքենաներն ապահովագրելու գործընթացը բարեհաջող ավարտելուց հետո մեզ կստիպեն ապահովագրել կրծքերը, կյանքն ու առողջությունը՝ գյուղացիներին թույլատրելով մի քիչ ուշ վճարել:

Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության համար արդեն հաշված օրեր են մնացել: Ուղիղ երկու շաբաթից պետավտոտեսուչները սկսելու են աջուձախ տուգանել բոլոր այն ավտոմեքենաների վարորդներին, որոնք չեն փակցրել ԱՊՊԱ կտրոնը: Եթե հաշվենք, որ առանց պարտադիր ապահովագրության մեքենան վարելու դեպքում յուրաքանչյուր 10 օրվա համար տուգանքի չափը կազմում է 5000 դրամ, իսկ տարեկան կտրվածքով՝ 50 հազար դրամ, բնականաբար, ձեռնտու է միանգամից մեքենան ապահովագրելը, քան անընդհատ տուգանք մուծելը: Սակայն, ինչպես ենթադրվում էր, վարորդների միայն չնչին տոկոսն է շտապել ապահովագրել իր մեքենան, գերակշիռ մեծամասնությունը չունի եւ մտադիր էլ չի ձեռք բերել ԱՊՊԱ կտրոնը: Որքան էլ հեռուստատեսությամբ, փողոցում, աշխատավայրում, ամենուրեք ապահովագրական ընկերությունները ընտրությունների քարոզչության պես գովազդում ու համոզում են, որ հենց իրե՛նց վստահեն վարորդները, տեղեկատվական բրոշյուրները խցկում են մեքենաների դիմապակու խոզանակների մեջ, դռների արանքը, այցելում են տները, որ լվանան մարդկանց ուղեղը, դարձյալ մեքենաների ընդամենը 20%-ն է ձեռք բերել ապահովագրական պոլիսը: Երեկ այդ մասին «Առավոտին» հաստատեց նաեւ Կենտրոնական բանկը:
Մեքենաների պարտադիր ապահովագրությունն, ինչ խոսք, «լավ բան է», այն շատ երկրներ են ներդրել. վթարների դեպքում վարորդներն այլեւս փողոցում չեն ծեծի ու հայհոյի իրար, նորմալ, քաղաքակիրթ տարբերակով հարցերը կլուծեն, փոխհատուցումը կստանան, գոհ ու երջանիկ կապրեն: Ապահովագրության որոշումն այդպես են արդարացնում կառավարության ներկայացուցիչները, ԿԲ-ն ու ապահովագրական ընկերությունները: Սակայն նկատենք, որ աշխարհում նման «լավ բաներ» շատ կան, եւ բոլորը բերել ու կապել մեր ժողովրդի ջանին՝ մեղմ ասած, անբարոյականություն է, հատկապես, երբ մտածում ես, թե ում գրպանի համար է այս ամենը կազմակերպվում: Առջեւում Նոր տարի է, ձմեռ, հազար ու մի ծախսեր, որոնց տակից այս գնաճային պայմաններում մարդիկ դժվարանում են դուրս գալ: Ու հիմա հանկարծակի նման առիթով դրամահավաք հորինելը իսկապես արժանի է բոյկոտի: Պարզ է, որ ոմանք պարզ հաշվարկ են կատարել ու ցանկացել են մի քանի ամսում 10-15 մլրդ դրամ հավաքել. Հայաստանում կա մոտ 400 000 մեքենա, եւ եթե բոլորը 19-119 հազար դրամի սահմաններում վճարեին, այսինքն՝ միջինը 40 հազար դրամ յուրաքանչյուր մեքենայի համար, արդեն հունվարի 1-ի դրությամբ 8 ընկերություններ 16 մլրդ դրամ կդնեին իրենց գրպանը: Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, նույնիսկ օբյեկտիվ ու անաչառ հատուցման դեպքում, ինչը խիստ կասկածելի է, մասնագետների հաշվարկներով, ապահովագրական ընկերությունը վճարում է ապահովագրական գումարի ընդամենը 40%-ը: Ընտիր բիզնես է: Եթե գոնե վարորդներին ժամանակ տրվեր՝ այդ որոշման հետ հաշտվելու կամ փող հավաքելու համար, գուցե այն սվիններով չընդունվեր, բայց ընդամենը 3 ամիսը նման համակարգ ներդնելու համար քիչ է:   Պարտադիր ապահովագրությունը, որի համար բարեխիղճ ու ճանապարհային երթեւեկության կանոններին հետեւող վարորդը անիմաստ պետք է 40-50 հազար դրամ վճարի, այս նախատոնական օրերին ամենատհաճ անակնկալն էր, որ կարող էր մատուցվել:
Այդ օրենքը անհրաժեշտություն չէ, պահն էլ չի հասունացել, որ դրդված՝ նման քայլի գնանք: Ապահովագրության լավ ու վատ կողմերի մասին բոլորը տեղյակ են, եւ եթե կարիքը լինի՝ մարդիկ իրե՛նք կդիմեն ու կապահովագրեն իրենց մեքենան, բայց ոչ թե պարտադրեն, որ չուտի-չխմի, բնակարանը չջեռուցի, երեխաների համար տաք հագուստ չգնի՝ մեքենան տանի ապահովագրության: Եվ այս մակարդակում անգամ կառավարության զիջումները գյուղացիների համար ծիծաղելի են ու անընդունելի: Մայրաքաղաքի բնակիչներ կան, որոնք ավելի ծայրահեղ վիճակում են ու ինչ է թե՝ 86-87 թվականի արտադրության մի փտած մեքենա ունեն, պետք է այս մի քանի օրվա ընթացքում պարտք անեն, գլուխները պատեպատ տան՝ Խաչատուրովին կամ ապահովագրական շուկայի մյուս բիզնեսմեններին «մուծվելու» համար: Եթե այսպես են օրենքներն ընդունվում, չի բացառվում, որ հաջորդ տարի, ասենք, բոլորիս պարտադրեն ապահովագրել բնակարանը, հետո՝ կյանքը, հետո՝ կրծքերն ու այլ բարեմասնությունները՝ ասելով, որ դա «լավ բան է», հայերը տաքարյուն են, կարող է իրար ծեծեն, արյուն թափեն՝ ապահովագրական գործակալները արագ կփոխհատուցեն: Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցությունը նույնպես բողոքով դիմել է ԱԺ՝ առաջարկելով ուժը կորցրած ճանաչել պարտադիր ապահովագրության մասին օրենքը եւ հանել քաղաքացիների վրայից այդ ծանր սոցիալական բեռը՝ առանց այդ էլ բարդ սոցիալական իրավիճակում: Հիմա այդ առաջարկն ընդունելը գրեթե անհնարին է, որովհետեւ ի հայտ է գալու արդեն ապահովագրված մեքենաների գումարները հետ վերադարձնելու խնդիրը, ինչը հաստատ ապահովագրական ընկերությունները չեն անի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել