Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՈՂԵՐՆ ԵՆ ՄՏԵԼ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Դեկտեմբեր 14,2010 00:00

Երեկ առավոտյան «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, որը կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ  մեկնել էր  ԱՄՆ՝ գործուղման, վերադառնալով, իր աշխատասենյակը հայտնաբերել էր տակնուվրա արված: Անհայտ անձինք, ըստ ամենայնի,  գրասենյակի պատշգամբից ներս են մտել իրավապաշտպանի աշխատասենյակ, քրքրել են աշխատասեղանի վրա եղած թղթերն ու դարակները՝ տարօրինակ տրամաբանությամբ թողնելով Զեյնալյանի համակարգչի ուղեղը՝ պրոցեսորը, գողացել են մոնիտորը, դարակներից մեկում եղած 16 հազար դրամը, նաեւ կուսակցության սենյակներից մեկում եղած ալեհավաքի կոդազերծող սարքն ու հեռակառավարման վահանակները, խոհանոցից՝ եղած սուրճը, ու հեռացել: Որ ինչ-որ բան գողերը փնտրել են՝ պարզ է, թեեւ փաստ է նաեւ այն, որ նրանց հետաքրքրության շրջանակներում Չարենցավանի ոստիկանության բաժնում սպանված Վահան Խալաֆյանի գործի նյութերը՝ մի քանի հատորներով, որոնք թափված են եղել գետնին, չեն  եղել: Ասացինք, որ գողերը, թերեւս, պատուհանով են մտել Զեյնալյանի աշխատասենյակ, որովհետեւ նախ՝ կուսակցության գրասենյակի դուռը վնասված չի եղել, իսկ Զեյնալյանի աշխատասենյակ հանցագործները մտել են փակ դռան ապակին կոտրելու միջոցով: «Առավոտի» հետ զրույցում Ա. Զեյնալյանն ասաց, թե «ողջամիտ տրամաբանությունն ասում է, որ կատարված հանցագործությունը կապված է իմ մասնագիտական գործունեության հետ»: Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ են փնտրել «գողերը»: Դա հնարավոր կլինի պարզել հավանաբար այն ժամանակ, երբ մասնագետը ուսումնասիրի եւ ասի, թե արդյոք Զեյնալյանի բացակայության ժամանակ՝  դեկտեմբերի 2-12-ը ընկած ժամանակահատվածում, իր համակարգչի հետ որեւէ գործողություն կատարվե՞լ է, թե՞ ոչ: Այդուամենայնիվ, Ա. Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասաց, թե գողությունը կատարվել է ուրբաթ երեկոյից մինչեւ երկուշաբթի առավոտն ընկած ժամանակահատվածում:  
Նա չբացառեց, որ իրականում հանցագործներն իր սենյակ են մտել ոչ թե գողություն կատարելու, այլ միանգամայն ուրիշ նպատակով, իսկ մանր-մունր բաները տարել են ուղղակի գողության իմիտացիա ստեղծելու համար:
Ա. Զեյնալյանը կատարված հանցագործության մասին անմիջապես հաղորդել է ոստիկանությանը: Իրավապահ մարմինների աշխատակիցները «դեպքի վայր» են ժամանել, տեղազննություն են արել, մատնահետքեր են վերցրել ու գնացել: Ա. Զեյնալյանն ասաց, թե տեղյակ չէ՝ արդյոք դեպքի առնչությամբ քրգործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել