2011 թվականին ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում:
Ազգային անվտանգության խորհրդի՝ դեկտեմբերի 11-ին կայացած հերթական նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի 2011-2015 թվականների զարգացման պետական ծրագիրը»: Դեկտեմբերի 13-ին հրավիրված ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ծրագիրը գործողության մեջ կդրվի հանրապետության նախագահի հրամանագրով. «Այս ծրագրի հաստատմամբ մենք կարեւոր քայլ ենք ձեռնարկում՝ չեզոքացնելու Հայաստանի անվտանգությանն առնչվող հնարավոր բոլոր ռազմական սպառնալիքները: Փաստաթղթի ընդունմամբ մեր երկրում ներդրվում է սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի միջնաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման հստակ տեսլական. ծրագրի շրջանակում անհրաժեշտության դեպքում կարդիականացվեն առկա սպառազինություններն ու ռազմական տեխնիկան, ինչն էական նշանակություն ունի մեր զինված ուժերի մարտունակությունն ավելի բարձրացնելու առումով: Ծրագրի հաստատմամբ Հայաստանում նաեւ զարկ կտրվի ռազմական արդյունաբերության զարգացմանը: Երեւանում ստորագրված «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին» պայմանագրի հիման վրա կստեղծվեն համատեղ ձեռնարկություններ, ինչը հնարավորություն կտա մի կողմից՝ զարգացնել Հայաստանի ռազմաարդյունաբերությունը, մյուս կողմից՝ խթանել մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը եւ ռազմական ոլորտում համագործակցության խորացումը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ»:
Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանը կարեւորել է ՌԴ նախագահի՝ Հայաստան այցի ընթացքում ստորագրված արձանագրությունը, համաձայն որի՝ երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը: Կողմերն արդեն ձեռնամուխ են եղել արձանագրության կետերի իրականացմանը: Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Պրոնիչեւի հետ, քննարկել Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերի ենթակառուցվածքների հետագա արդիականացմանը, սահմանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արդեն ձեւավորվել է համատեղ աշխատանքային խումբ Հայաստանի եւ Ռուսաստանի սահմանապահների մասնակցությամբ, մշակվել է համապատասխան ծրագիր, որի իրականացումը լուծում կտա առկա խնդիրներին:
Անդրադառնալով Մոսկվայում դեկտեմբերի 10-ին կայացած ՀԱՊԿ անդամ երկրների գագաթաժողովում քննարկված հարցերին՝ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը կարողացել է լավագույնս ներկայացնել իր մոտեցումները թե՛ հանրապետության նախագահի հստակ ելույթով, թե՛ անվտանգության խորհրդի քարտուղարների, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների համատեղ քննարկումների ընթացքում:
ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներն առանձնահատուկ կարեւորել են այս տարի առաջին անգամ Հայաստանում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովի արդյունքները. «Գագաթաժողովի ընթացքում ընդունվել էին մի շարք կարեւորագույն որոշումներ, հանձնարարվել էր մշակել նորմատիվ իրավական փաստաթղթերի փաթեթ: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում մենք կարողացանք ավարտել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի մշակումը, եւ Մոսկվայում վավերացվեց 35 փաստաթուղթ, որոնք կարեւոր նշանակություն ունեն մեր երկրի համար: ՀԱՊԿ կանոնադրության մեջ կատարվեցին համապատասխան փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա հեշտացնել ՀԱՊԿ անդամ երկրների շրջանակում սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի ձեռք բերումն արտոնյալ պայմաններով: ՀԱՊԿ կանոնադրությամբ արձանագրվեց, որ ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի դեմ ռազմական սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն տվյալ երկրին: Մենք կարողացանք կարեւոր առաջընթաց ունենալ այս համատեքստում սահմանափակ ձեւաչափով որոշումներ ընդունելու առումով. հստակեցվեցին որոշումների ընդունման, արագ արձագանքման ստորաբաժանումների օգտագործման կարգը եւ բազմաթիվ այլ հարցեր»:
Քանի որ Հայաստանը ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների ձեւավորման նախաձեռնողներից ու ակտիվ մասնակիցներից մեկն է, գագաթաժողովի ընթացքում որոշում է կայացվել 2011 թվականի հոկտեմբերին այդ ստորաբաժանումների զորավարժություններն անցկացնել Հայաստանում: Շուրջ 20 հազարանոց զորախմբում ներգրավված են ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի, ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները: Կմշակվի ՀԱՊԿ շրջանակում այդ ստորաբաժանումներն անհրաժեշտ սպառազինություններով եւ հանդերձանքով ապահովելու հատուկ միջպետական նպատակային ծրագիր: