Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՌ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ

Դեկտեմբեր 14,2010 00:00

\"\"Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում են

«ԵԽ պաշտոնական կայքէջում տեղադրված ազգային փոքրամասնությունների մասին ադրբեջանական պետական-պաշտոնական զեկույցն իր բոլոր կետերով ուղղակի ակտիվ թշնամանք է այդ երկրում բնակվող ոչ ադրբեջանցի եւ ոչ թրքախոս էթնիկ կազմավորումների նկատմամբ: Բացի այդ, խեղաթյուրված է ներկայացված տարածաշրջանի ողջ պատմությունը: Մասնավորապես նշված է, որ հայերը 19-րդ դարում եկել եւ կոտորել են ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող մահմեդականներին: Ցավալին, սակայն, այն է, որ տրամաբանությունից դուրս այս հայտարարություններից հետո ՄԱԿ-ը եւ միջազգային մյուս կառույցները հետամուտ չեն լինում ճշմարտության վերականգնմանը եւ մակերեսորեն են վերաբերվում ադրբեջանական կեղծիքին»,- երեկ այս մտահոգությունը բարձրաձայնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Խնդիրը տիկին Խառատյանը բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ տարիներ առաջ իրականացրած ռասիստական-ֆաշիստական քաղաքականության համատեքստում, որն այսօր արդեն կիրառվում է այդ երկրում բնակվող ազգային այլ փոքրամասնությունների հանդեպ: «Միջազգային հանրությունը հավատում է այդ երկրի այն հավաստիացումներին, թե լեզգիները, ուդիները, թալիշները եւ ազգային այլ փոքրամասնությունները որեւէ խնդիր չունեն եւ հրաշալի են ապրում Ադրբեջանում, այնինչ այդ մարդիկ վախենում են բարձրաձայնել իրենց իրական վիճակի մասին: ՄԱԿ-ը, ԵԽԽՎ-ն եւ միջազգային այլ կառույցները, մի տեսակ աչք փակելով այս երեւույթների վրա, կարծես դառնում են Ադրբեջանի լուռ դաշնակիցը»: Մինչդեռ, նրա կարծիքով, միջազգային հանրությունը պետք է հետեւողականություն ցուցաբերի, այլապես Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին կարող է սպառնալ մի ժամանակ այդ երկրում ապրած հայերի ճակատագիրը՝ ցեղասպանություն: «Ադրբեջանախոս չլինելն այդ երկրում դատապարտվում է: Սովորական մարդիկ պետք է ամեն րոպե ցույց տան իրենց նվիրվածությունը երկրի ռեժիմին: Այլապես նրանց ոչ միայն էթնիկ, այլեւ ֆիզիկական գոյությունն է վտանգված: Ազգային փոքրամասնությունների պաշտպան այդ երկրում չկա. ոչ էլ անգամ ՄԱԿ-ը, որ իր բոլոր բանաձեւերով հայտարարում է աշխարհի մշակութային բազմազանության պաշտպանության մասին»:
Արտերկրում բնակվող նախկին ադրբեջանաբնակ հույների նախաձեռնությամբ ստեղծվել է Ադրբեջանից փախստական քաղաքական, կրոնական եւ ազգային խմբերի լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհուրդ, որի հետ համագործակցում են նաեւ ադրբեջանահայ փախստականները: Համակարգող խորհրդի քարտուղար Էդուարդ Փոլատովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին անցած շաբաթվա վերջում հղած նամակով կոչ է անում այդ կառույցին առավել հետեւողական քաղաքականություն դրսեւորել Ադրբեջանի տարածքում ապրող տասնյակ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Նամակում նշվում է, որ ադրբեջանական իշխանությունների այն հավաստիացումները, թե երկրի տարածքում ապրող մեկ տասնյակից ավելի ազգային փոքրամասնությունների վիճակը գերազանց է, եւ նրանք ոչ մի խնդիր չունեն, սուտ են. «Դիտավորյալ քաղաքականություն է իրականացվում ազգային փոքրամասնությունների թիվն արհեստականորեն նվազ ներկայացնելու ուղղությամբ: Ո՞ւր են Ադրբեջանի 1 մլն լեզգիները, քրդերը, որոնք վախենում են ասել իրենց ինքնության մասին եւ ներկայանում են իբրեւ ադրբեջանցիներ»: Ադրբեջանում սեփական լեզվի պահպանման խնդիրն այսօր ԵԽԽՎ-ում բարձրաձայնում է միայն Ադրբեջանի թալիշական համայնքը:
Թիրախ ընտրված է ՄԱԿ-ը, քանի որ միջազգային այդ կառույցն է, որ ունի փախստականների հարցերով գերագույն գլխավոր հանձնակատար եւ գրասենյակներ՝ տարբեր երկրներում: «Որեւէ մեկը երբեւէ լսե՞լ է Ադրբեջանում ՄԱԿ-ի գերագույն գլխավոր հանձնակատարի մտահոգությունն այդ երկրում այլ ժողովուրդների վիճակի մասին: Ես խոսել եմ ԵԽ որոշ փորձագետների հետ, ասում են՝ մեզ մի քանի հ/կ-ներ են «դեմ տալիս», նրանք էլ տվյալներ են ցույց տալիս: Ոչ մի փաստահավաք խումբ տեղում իրավիճակը չի պարզել: Ուրեմն ինչի՞ համար են այդ միջազգային կառույցների փորձագետները, որոնք հասկանալով, որ մարդիկ վախենում են խոսել, չեն գնալու եւ պարզելու այդ վախի պատճառները, չեն վերացնելու վախը: Սա նշանակում է համագործակցություն Ադրբեջանում իշխող կլանի հետ, որն իր հետեւանքներն արդեն ցույց է տալիս»,- վստահ է Հրանուշ Խառատյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել