Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ն ԿՊԱՏԺԻ

Դեկտեմբեր 14,2010 00:00

Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀՇ-ի նոր նախաձեռնության մասին: Հետայսու ՀՀՇ-ն քայլեր է կատարելու, որ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում սպանություն կատարած, կեղծ ցուցմունքներ տված ոստիկաններին, մարտի 1-ի գործով անմեղ մարդկանց դատապարտած դատավորներին, քննիչներին, այլ տարբեր պաշտոնյաների Եվրամիության երկրներ եւ ԱՄՆ այցելության վիզաներ չտրամադրվեն: Արամ Մանուկյանը նշել է, որ գործընթացը լինելու է մի քանի փուլով, եւ այնտեղ հայտնվող պաշտոնյաների ցուցակները մանրամասն ճշտվելու են, որպեսզի պատժվեն միայն մեղավոր պաշտոնյաները, եւ ոչ մի անմեղ պաշտոնյա չհայտնվի այդ ցուցակում: Իսկ հետո արդեն, այդ ցուցակի հետ կապված, աշխատանք է տարվելու Եվրամիության կառույցների հետ, ԱՄՆ Կոնգրեսի եւ Եվրամիության երկրների խորհրդարանների հետ: Նրանց ուղղվելու է համապատասխան կոչ: Այդ գործընթացում ՀՀՇ-ն աշխատելու է Եվրամիության լիբերալ ուժերի հետ, որոնք իրենց երկրներում կիրականացնեն ՀՀՇ նախաձեռնության լոբբինգը:
«Հերթական ընտրություններ չեն լինի. մենք արագընթաց գնում ենք արտահերթ ընտրությունների»,- անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ երեկ իր համոզմունքը վերահաստատել է Արամ Մանուկյանը: «Երկիրն, ըստ էության, գնում է արտահերթ ընտրությունների: Ե՛վ ներքին, ե՛ւ արտաքին գործոններն ու իրավիճակի վերլուծությունը ցույց են տալիս, որ դեպքերն ավելի արագ են զարգանում: Տրամաբանությունը բերում է նրան, որ արտահերթ ընտրությունները լինելու են ավելի շուտ: Սերժ Սարգսյանին այլեւս հնարավորություն չի տրվելու մանեւրելու: Մանեւրել լինում էր, երբ կոմպրոմատները փակ էին, իսկ հիմա դրանք բաց են: Բաց կոմպրոմատներ ունենալու դեպքում առեւտուր անելը դժվարանում է, եւ խաղը մտնելու է բաց փուլ, ինչը նշանակում է առաջիկայում կա՛մ կտրուկ որոշումների ընդունում, կա՛մ արտահերթ ընտրություններ»,- հերթական անգամ վստահություն հայտնեց Արամ Մանուկյանը: Նրա հավաստմամբ, արտահերթ ընտրություններում իշխանության է գալու Հայ ազգային կոնգրեսը, որովհետեւ «այսօրվա իշխանությունների միակ այլընտրանքը ՀԱԿ-ն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել