Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոալիցիոն նախկին դաշնակցի շնորհավորանքը

Դեկտեմբեր 14,2010 00:00

ՀՅԴ-ին երեկ շնորհավորելու գնացած ՀՀ նախագահն ու իշխանության ներկայացուցիչները բավական անբարեհունչ գնահատականներ լսեցին իրենց գործունեության մասին:

Երեկ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայացավ ՀՅԴ 120-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ այդ «Golden Palace» հյուրանոցում նույն առիթով կազմակերպած ընդունելությանը շնորհավորանքի խոսքով էին հանդես եկել ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների ղեկավարները:
Հանդիսավոր երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել միայն ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որը մասնավորապես պատասխանելով իր առաջադրած հարցին, թե ինչու անկախությունից 20 տարի անց էլ չունենք մեր երազած երկիրը՝ նշել է, թե պատճառը մեկն է. «Ամբողջական իշխանության հասած ոչ մի քաղաքական ուժ Հայաստանում լիարժեքորեն չի առաջնորդվել «Զարգանալ՝ չզիջելով» կարգախոսով: Մեր ազգային շահերը եւ սերունդների իրավունքներն այս կամ այն կերպ ու չափով զիջելու՝ իշխանությունների ժամանակ առ ժամանակ դրսեւորվող քայլերը շեղել են մեր երկիրը հռչակագրով սահմանված ազգային պետական ուղեգծից: Որքա՞ն կարելի է միեւնույն սխալը կրկնել՝ վերջապես ընկալելու համար պարզ ճշմարտությունը, որ զիջելը չէ զարգանալու միջոցը, այլ ճիշտ հակառակը՝ զարգանալն է չզիջելու միջոցը: Որովհետեւ քո ազգային նպատակները զիջելուց հետո ինչի՞դ է պետք զարգացումը: Առավել եւս, որ զիջել մեկին, ով քո չլինելն է ուզում՝ նշանակում է ուղղակի գնալ ինքնասպանության: Միեւնույն ժամանակ «Զարգանալ՝ չզիջելով» կարգախոսը պահանջում է չզիջելու համար երկրի զարգացմանն անհրաժեշտ թափ հաղորդել: Այդպիսի զարգացման միակ աղբյուրը համազգային ներուժի մեջ է: Ուստի նախքան այդ կարողականությունն առաջացնելու համար անհրաժեշտ ներազգային համերաշխության ու արդարության մթնոլորտ ստեղծելը՝ ոչ մի իշխանություն իրավունք չունի խոսել Հայաստանի զարգացման անհնարինության մասին՝ հող նախապատրաստելով զիջումների համար»:
Արմեն Ռուստամյանը կատարել է Հայաստանի երեք նախագահների պաշտոնավարության տարիների համեմատական գնահատումը. «Առաջին նախագահի օրոք զիջելու պատրաստակամությունն ակնհայտ էր, բայց ոչ միայն զարգացում չարձանագրվեց, այլ ընդհակառակը՝ հետընթաց։ Երկրորդ նախագահի օրոք դրսեւորվեց չզիջելու համար անհրաժեշտ վճռականություն եւ կամք, երկիրը սկսեց զարգանալ, սակայն տեմպերը մնացին անբավարար։ Երրորդ նախագահի օրոք կրկին որոշվեց զարգանալու համար գնալ զիջումների, եւ զարգացման փոխարեն՝ երկիրը հայտնվեց տեղապտույտի մեջ։
Բերված համեմատությունը ցույց է տալիս, որ այս կարգախոսի անտեսումը կամ թերագնահատումը անխուսափելիորեն հանգեցնում է ներհասարակական ճգնաժամի։ Այդպիսի ճգնաժամի նախանշաններ ազգային, սոցիալ-տնտեսական եւ ժողովրդավարական մակարդակներում այսօր արդեն տեսանելի են։ Մասնավորապես՝ ժողովրդավարության փոխարեն ամրապնդվել է պլուտոկրատիան՝ հարստության իշխանությունը, որտեղ ծաղկում են հովանավորչությունն ու կոռուպցիան, ազատ մրցակցային տնտեսության փոխարեն՝ մենաշնորհային տնտեսություն, ներդրումների խրախուսման փոխարեն՝ կապիտալի արտահանում, սոցիալական պետության փոխարեն՝ ժողովրդի օտարում պետությունից եւ աղքատություն, հայրենադարձության փոխարեն՝ արտագաղթ»։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը նաեւ հայտարարել է. «Զարգանալ՝ չզիջելով» կարգախոսը լիարժեք կյանքի կոչելու ընդունակ նոր իշխանությունների ձեւավորումը Հայաստանի համար պատմական անհրաժեշտություն է։ Այս նպատակին ծառայող իշխանափոխությունը պետք է ունենա համապատասխան առաքելություն, որպեսզի գործող իշխանությունների հեռացումը չավարտվի սոսկ մարդափոխությամբ»: Եվ շարադրելուց հետո, թե ազգային-պետական հարցերում զիջումները բացառելու եւ երկրի սրընթաց զարգացումն ապահովելու համար ինչ խնդիրներ պետք է լուծի նոր իշխանությունը՝ պրն Ռուստամյանը հավելել է. «Ակնհայտ է, որ այսպիսի առաքելություն ունեցող իշխանափոխությունը ձեռնտու չէ ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ իրենց որպես միակ ընդդիմություն հորջորջող ուժերին։ Որովհետեւ մեկը չի ուզում հեռանալ, մյուսն էլ պարզապես ինքն է ուզում գալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել