Դեկտեմբերի 16-ի մրցույթը լակմուսի թուղթ է լինելու իշխանության համար
Դեկտեմբերի 16-ին ՀՌԱՀ անդամները բաց վարկանիշային քվեարկությամբ ընտրելու են թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու 18 մրցույթների մասնակիցներից արտոնագրատերերին: Հայտնի է, որ այդ 18 մրցույթներից միայն երկուսի դեպքում կա իրական մրցակցություն՝ «Ա1+»-ի եւ «Արմնյուզի», նաեւ «Երեւանի» եւ ԱԼՄ-ի միջեւ: Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին երեկ խնդրեցինք կանխատեսել այդ երկու մրցույթների արդյունքները: Ոմանց խնդրում էինք նաեւ մեկնաբանել, թե արդյոք այս մրցույթների միջոցով կլուծվի՞ այն խնդիրը, որը նաեւ միջազգային կառույցներն են մատնանշում Հայաստանում էլեկտրոնային լրատվամիջոցների վերաբերյալ, այն է՝ բազմակարծության պակասը:
Էդուարդ Շարմազանով (ՀՀԿ խմբակցության քարտուղար). «Ես չեմ ցանկանում կանխատեսումներ անել: Ճիշտ չէ կանխատեսումներ անելը մինչեւ հանձնաժողովի որոշումը՝ ուղղորդում չլինի: Կարծում եմ, ամեն դեպքում, պետք է ընդունվի որոշում, որը ե՛ւ կգոհացնի մեր հեռուստադիտողին, ե՛ւ արհեստավարժությունը կլինի թիվ 1 չափանիշը:
Ես այն կարծիքին չեմ, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում բացակայում է բազմակարծությունը: Դրա վառ օրինակը թեկուզ Երեւանի ավագանու 2009 թվականի ընտրություններն են, որտեղ մենք տեսանք, որ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան իրենց կարծիքներն արտահայտելու՝ հավասար հնարավորություններով: Եվ այն կարծիքին եմ, որ բազմակարծությունն օգնում ու օժանդակում է նաեւ քաղաքական գործընթացներին՝ առանց դրա մենք չենք կարող առաջ շարժվել: Չեմ ասի, թե ամեն ինչ լավ է մեր երկրում, բարեփոխվելու խնդիր չունենք, բայց այն կարծիքին էլ չեմ, թե էլեկտրոնային լրատվամիջոցները չեն ապահովում բազմակարծություն»:
Արամ Սաֆարյան (ԲՀԿ խմբակցության քարտուղար, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ). «Ես կմեկնաբանեմ միայն «Ա1+»-ի եւ «Արմնյուզի» մասով. նրանցից ամեն մեկն էլ ունի իր ուժեղ կողմերը: Երկու հեռուստաալիքներն էլ ինձ համար միանգամա՛յն ընդունելի են: Այնքա՜ն միանգամայն ընդունելի են, որ ես, հաշվի առնելով այս մրցակցության հանգամանքը, դեկտեմբերի 3-ին հարցազրույց եմ տվել ե՛ւ «Ա1+»-ին, ե՛ւ «Արմնյուզին», քանի որ չեմ ցանկացել, որ անգամ իմ գործոնն ազդի նրանց միջեւ որեւէ սուբյեկտիվ գործոնի կիրառման համար: Ես «Ա1+»-ի վերաբացման օգտին հանդես եմ գալիս 2002 թվականից սկսած՝ դա հայտնի է մամուլում իմ բազմաթիվ հրապարակումներից: Հույս ունեմ, որ կլինի արդար ընտրություն: Եվ հույս ունեմ, որ այս խնդիրը մեջտեղից դուրս կգա Եվրոպայի խորհրդի հետ մեր հարաբերություններում: Ես ընդունում եմ, որ նաեւ «Արմնյուզն» ունի շատ ուժեղ կողմեր, քանի որ այն հանգամանքը, որ մենք միանում ենք «Եվրոնյուզին» այդ ալիքի միջոցով՝ նույնպես շատ կարեւոր է եւ գործոն է հայկական քաղաքականության մեջ: Ուստի հույս ունեմ, որ այնքա՜ն թափանցիկ եւ արդար կլինի այդ ընտրությունը, որ հետո ստիպված չենք լինի զանազան արդարացումներ ու բացատրություններ գտնել՝ կոծկելու համար իրականությունը»:
Արծվիկ Մինասյան (ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ). «Ես կարծում եմ, որ մի մրցույթում կհաղթի ԱԼՄ-ն, մյուս մրցույթում՝ «Արմնյուզը»: Ներքին համոզմունքս է: Եթե այդպես է գնացել մինչեւ այսօր՝ կարծում եմ, այդ երկուսն էլ ստացել են անհրաժեշտ երաշխիքներ, որ իրենք կհաղթեն: Եվ կարծում եմ, որ բավարար հիմքեր կան, թե առնվազն «Երկիր Մեդիա»-ով մասնակի կփոխհատուցվի բազմակարծության պակասը»:
Հովհաննես Մարգարյան (ՕԵԿ խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ). «Կարծում եմ, որ որպես անկախ մարմին՝ ՀՌԱՀ-ը բազմակողմանիորեն կուսումնասիրի եւ եզրակացություն կտա: Եվ իր որոշումը հրապարակելուց հետո միայն, կարծում եմ, տեղին կլինի կարծիքներ հայտնել: Այս պահին չեմ կարող որեւէ կանխատեսում անել: Ծանոթ չեմ, թե ինչ փաթեթներ ու ծրագրեր են ներկայացված: Օրինակ, երբ քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության նախագիծը, որոնցով պետք է անցկացվեին մրցույթները՝ իմ առաջարկով հաջողվեց, որ մարզային հեռուստաընկերությունները կարողանան հեռարձակել մինչեւ 2015 թվականը, եթե անգամ չմասնակցեն մրցույթներին: Մի պահ թվում էր, թե չի ընդունվելու այս առաջարկը: Բայց ընդունվեց՝ Գրիգոր Ամալյանը պաշտպանեց այն: Դա քայլ էր, որը որեւէ մեկը չէր սպասում. 5 տասնյակից ավելի մարզային հեռուստաընկերություն կա, որոնց արտոնագրի ժամկետը լրանում էր այս տարի: Հիմա դժվարանում եմ կանխատեսում անել՝ գուցե էլի՞ լինեն նման անսպասելի որոշումներ»:
Անահիտ Բախշյան («Ժառանգություն» խմբակցության պատգամավոր). «Նախ ասեմ, որ այս ամբողջ գործընթացը վստահություն չի ներշնչում, այնքանով, որքանով ընդամենը 2 մրցույթների դեպքում կա իրական մրցակցություն: Ուզում եմ, որ «Ա1+»-ը հաղթի մրցույթում: Եվ քանի որ շա՛տ եմ դա ուզում՝ չեմ ուզում մտածել հակառակը: Բայց շատ հիմքեր չունեմ այդ լավատեսության: Եթե մեր երկրի իշխանություններն իսկապես ուզում են ցույց տալ իրական քայլ, որն իրենց նկատմամբ վստահության պաշար է ապահովելու՝ ուրեմն այս մրցույթը լինելու է լակմուսի թուղթ: Եթե «Ա1+»-ը չհաղթի այս մրցույթում, նշանակում է՝ մնացած ամեն ինչը նորից վերին աստիճանի իմիտացիոն գործընթացներ են: Եվ քանի դեռ մեր հասարակությունը զրկված է իր տեսակետն ազատ արտահայտելուց, տարբեր կարծիքներ լսելուց ու բազմակարծություն ապահովող հեռուստաեթերից՝ վերին աստիճանի իմիտացիա է նաեւ այն, ինչ այսօր խոսում են իշխանության ներկայացուցիչներն այս կամ այն պաշտոնյայի կողմից աշխատանքային դիրքը չարաշահելու մասին»:
Հ. Գ. Հայտնի է, որ «Ա1+»-ը դիմել էր ՀՌԱՀ-ին՝ խնդրելով տրամադրել «Արմնյուզ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների մրցութային առաջարկները, քանի որ կասկածներ կան, թե նույն հասցեում գործող այդ ընկերություններն օգտագործում են նաեւ նույն տեխնիկան ու սարքավորումները: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը դեկտեմբերի 6-ին պատասխանել է այդ գրությանը եւ հայտնել, որ տվյալ հեռուստաընկերությունների «մրցութային առաջարկների փաթեթները պատճենահանման համար կարող են տրամադրվել 2011 թվականի հունվարի 20-ից հետո»: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ ոչ դեկտեմբերի 16-ից հետո, երբ ՀՌԱՀ-ն արդեն կայացրած կլինի իր որոշումը: