Կոնգրեսը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի «բարեգործությունները» դիտարկել է հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացման համատեքստում:
Հայ ազգային կոնգրեսի առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնախումբը երեկ անդրադարձել է շաբաթներ շարունակ հայկական հեռուստաեթերը ողողած կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի սոցիալական ուղղվածության, վերջիններիս բնորոշմամբ՝ «միջոցառումների» լուսաբանմանը: Ընդ որում, Կոնգրեսն այդ միջոցառումները դիտարկել է երկրում հնարավոր արտահերթ ընտրությունների համատեքստում՝ արձանագրելով՝ «կարծես զգալով վերահաս համապետական արտահերթ ընտրությունների շունչը, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն սկսել են հերթական անգամ «անվճար» հայտարարված բուժօգնություն իրականացնել մարզերում եւ Արցախում՝ մտնելով զավեշտի հասնող մրցապայքարի մեջ»: «Բազմաթիվ մասնագետներ, թողած իրենց հիմնական աշխատավայրերը եւ պատասխանատու գործառույթները, խորհրդային ժամանակներին բնորոշ կամավոր-ստիպողական սկզբունքով մեկնում են մարզեր: Այցելություններն ուղեկցվում են կուսակցական հայտնի դեմքերի մասնակցությամբ, որոնք հեռուստախցիկների առջեւ պաթետիկ ելույթներում պարտադիր նշում են իրենց կուսակցության եւ նրա ղեկավարի դերն ու նշանակությունը միջոցառման կազմակերպման գործում: Բժշկի անչափ գնահատելի մասնագիտական գործունեությունը բժշկելու մարդասիրական գործից վերածվում է քաղաքական անընդունելի պատվեր-շոուի». սա մեջբերում է Կոնգրեսի՝ երեկ տարածած հայտարարությունից:
Նկատի առնելով, որ միջոցառումների կազմակերպիչներ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն միասին են կոալիցիոն կառավարություն ձեւավորել, որը տարիներ շարունակ իր ծրագրերում հռչակել է մարզային առողջապահության զարգացման անհրաժեշտության, բուժօգնության մատչելիության ու որակի բարելավման մասին, ապա, Կոնգրեսի դիտարկմամբ, հենց ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն էլ պատասխանատվություն են կրում երկրում վարվող սոցիալական քաղաքականության, մասնավորապես՝ առողջապահական խնդիրների լուծման համար: «Ուստիեւ ժամանակ առ ժամանակ կազմակերպվող այս շոուները, ըստ էության, խոստովանություն են վարվող սոցիալական քաղաքականության տապալված լինելու մասին»,- արձանագրել է ՀԱԿ-ը՝ խիստ կասկածելի համարելով այս գործունեության եւ դրա ֆինանսավորման օրինականությունը: Կոնգրեսի մատուցմամբ, այսօրինակ քայլերով ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն նաեւ ի չիք են դարձնում մարզային առողջապահության զարգացմանն ուղղված պետական, այդ թվում՝ վարկային ծրագրերի իրականացման կարեւորությունը. «Ավելին, այդ քայլերը լրջագույն մարտահրավեր են Սահմանադրությամբ սոցիալական եւ իրավական հռչակված ՀՀ պետականությանը, քանի որ հիմք են դնում արատավոր ու շատ վտանգավոր ավանդույթի, այն է՝ պետական գործառույթների ուզուրպացիա՝ ի շահ կուսակցական խնդիրների, ինչը կարելի է բնութագրել որպես քաղաքական կոռուպցիայի վառ դրսեւորում»:
Հանուն արդարության հարկ է, թերեւս, արձանագրել, որ Հայաստանում միայն առողջապահության եւ սոցիալական ոլորտներում չէ, որ լուրջ խնդիրներ կան: Իրավիճակն առավել լուրջ է արդարադատության համակարգում, եւ այդ վիճակը միայն նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությամբ չի կարող լուծվել:
Այսպես, երեկ արդարադատության համակարգում տիրող «բեսպրեդելի» մասին է ահազանգել «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանը: Երեկ նա այցելել է «Արթիկ» ՔԿՀ՝ իր վստահորդի հետ հանդիպելու ակնկալիքով: «Արթիկ» ՔԿՀ պետ Վ. Սարգսյանը փաստաբանին Փաշինյանի հետ առանձնազրույց ունենալու թույլտվություն, իհարկե, տվել է, բայց, ինչպես պարզվում է՝ նա առանձնատեսակցությունը պատկերացրել է յուրովի՝ ՔԿՀ պետի տեղակալ Ա. Խաչատրյանի ներկայությամբ առանձնատեսակցությունը այդպես էլ չի ստացվել, թեեւ դա նախատեսված է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34 հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան: Խաչատրյանը, սակայն, չի ընկրկել եւ առանձին տեսակցության հնարավորություն չի տվել:
Ն. Փաշինյանը երեկ իր փաստաբանի միջոցով հայտարարել է, թե դեկտեմբերի 2-ից ի վեր ինքը «ՀԺ»-ին հասցեագրած յոթ նամակ է հանձնել ՔԿՀ վարչակազմին, որոնք տեղ չեն հասել: Ավելին, դեկտեմբերի 7-ին ՔԿՀ ներկայացուցիչ Ա. Խաչատրյանը Փաշինյանին «հորդորել» է՝ նեղություն չկրել, նամակներ չգրել, որովհետեւ դրանք միեւնույն է՝ չեն ուղարկվելու: Փաշինյանն արձանագրել է, որ զրկված է լրագրողական, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու եւ օրաթերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելու, անձնական նամակագրություն վարելու, իրավական օգնություն ստանալու հնարավորությունից, քանի որ չի կարողանում օրենքով նախատեսված պայմաններում հաղորդակցվել իր ներկայացուցչի հետ: Փաշինյանը պահանջել է նաեւ, որ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը եւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը ապահովեն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իր իրավունքների եւ ազատությունների իրացման հնարավորությունը: