«Առավոտի» տեղեկություններով, դեկտեմբերի 11-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչը միջնորդել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որպեսզի 2 ամսվա կալանքի որոշում կայացվի Երեւանի Գուրգեն Մահարի 89 տան բնակիչ, 41-ամյա Արմեն Արկադիի Ղարիբյանին եւ Երեւան Տիգրան Մեծի 59 շենքի 19 բնակարանի բնակիչ 37-ամյա Իսահակ Կարոյի Ազատյանի նկատմամբ (լուսանկարներում):
Մեզ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 10-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ աշխատանքների արդյունքում Ե. Քոչարի փողոցից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նշված անձանց: Ոստիկանների կասկածներն ավելի էին հիմնավորվել, երբ կասկածյալները փորձել էին դիմել փախուստի: Արմեն Ղարիբյանի եւ Իսահակ Ազատյանի մոտ ոստիկանները հայտնաբերել են այնպիսի առարկաներ, որոնք նրանք օգտագործում էին բնակարաններ ներթափանցելու համար: Պարզվել է, որ նրանք նոյեմբերի 3-ին պատուհանից մուտք են գործել Աթոյան անցուղի 21 շենքի Տ. Գասպարյանի բնակարան եւ այնտեղից հափշտակել տարբեր տեսակի օծանելիքներ եւ կենցաղային իրեր: Իսկ սեպտեմբերի 23-ին Իսահակ Ազատյանը միայնակ, ինքնաշեն աստիճանի օգնությամբ (լուսանկարում), մտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետ, գեներալ Հովհ. Վարյանի բնակարան եւ այնտեղից հափշտակել կենցաղային իրեր, խմիչքների հավաքածու եւ սնունդ: Դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը: