Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Դեկտեմբեր 11,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներեքերորդ

ԲԱԶԵՅԱՆ ԵՎ ԲԱԶԵՆԵՐ

Եվ նմանապես Վերնատան մյուս մասնակից անդամներին Սադոյան Արշակի պես գոռգոռալիս ու ճվճվալիս չեմ պատկերացնում, եւ հատկապես ու առանձնապես Թումանյանին էդ վիճակում չեմ պատկերացնում, որովհետեւ, ամեն ինչից բացի, Թումանյանն էդ տան ու էդ Վերնատան տերն էր, եւ եթե նույնիսկ Վերնատան որոշ անդամներ համը հանեին էլ, Թումանյանը դժվար թե որեւէ մեկի վրա գոռար՝ ոչ միայն էն պատճառով, որ Թումանյանը մշտապես իմաստուն ու խաղաղասեր էր, այլեւ ու առաջին հերթին էն պատճառով, որ Թումանյանն անձամբ էր ընտրել կազմակերպության ու հյուրընկալության էդ ձեւը, եւ չնայած Վերնատան իր էդ սեփական տարածքում համագումարներ չէր կազմակերպում, այդուհանդերձ, իր էդ Վերնատունն առ էսօր եղել ու մնում է մեր միակ հաջողված ու կայացած Ստեղծագործական միությունը, որը ոչ նախագահ ուներ, ոչ վարչություն եւ ոչ էլ նույնիսկ վերստուգիչ հանձնաժողով, որովհետեւ էդ բաների անհրաժեշտությունը Թումանյանն ու Վերնատան մյուս անդամները չէին զգում, եւ նմանապես պետպատվերով տպվելու անհրաժեշտություն չէին զգում, եւ հատկապես անթոլոգիաներ չէին հրատարակում, որովհետեւ էն թվերին Անանյան Լեւոնը չկար, որ էդ բաները նախաձեռներ ու կազմակերպեր, եւ քանի որ էդ թվերին Թիֆլիսում Կետիկնոց էլ չկար, Թումանյանն ստիպված իր տունն էր Գրողների միություն ու Կետիկնոց դարձրել, ու երեւի հեչ էլ դժգոհ չէր, մանավանդ որ, ինչպես ենթադրեցինք, մեջները գոռգոռացողներ ու ճվճվացողներ չկային, եւ, փաստորեն, Թումանյանի էդ Վերնատունն իսկապես մեր առաջին ու վերջին Ստեղծագործական միությունն էր, եւ մեր հետագա բոլոր փորձերը՝ վերստին Վերնատան պես հոգեւոր մի կառույց ունենալ՝ ձախողվել ու ձախողվելու են, որովհետեւ մեր ակտիվիստ մտավորականները, ի տարբերություն Թումանյանի, ոչ թե կեզմակերպել են սիրում, այլ միայն՝ ղեկավարել, եւ, ի տարբերություն Թումանյանի, ոչ թե ինչ-որ բան տալ են ուզում, այլ միայն՝ ստանալ, եւ եթե մեր մտավորականին բարձրագույն պաշտոնների էլ ես նշանակում, իներցիայով շարունակում է ինչ-որ մեկից ինչ-որ բան ուզել, Քոչարյանի ասածի պես՝ փողի վրա նստած՝ փող է ուզում, եւ չնայած Քոչարյանն էս միտքը ոչ թե մտավորականներիս վերաբերյալ էր ասել, այլ՝ Բազեյանի, իր էդ ասածն առաջին հերթին մտավորականներիս է վերաբերում, հետո նոր միայն՝ Բազեյանին, եւ եթե հաշվի առնենք նաեւ, որ Բազեյանը տառաճանաչ ու գրագետ լինելով եւ վերջին պատերազմին սկզբից մինչեւ վերջ անձնազոհաբար մասնակցելով՝ վերադարձել ու ազնվորեն քաղաքապետարանի աշխատանքներն էր ղեկավարում, պիտի համաձայնվենք, որ իսկական մտավորականն ինքն էր, եւ ոչ թե՝ մյուսներս. այսինքն, Քոչարյանն իր զարմանքն անձամբ Բազեյանին հասցեագրելով՝ չափազանց անվրեպ է նկատել, եւ ազատամարտիկ մտավորական Բազեյանն էլ, բնականաբար, Քոչարյանի էդ նկատողությունից պիտի որ նեղվեր ու նեղանար, ու Բազեյանն էդպես էլ արեց, որովհետեւ երբ մեկը քեզ ասում է՝ «փողի վրա նստած՝ փող ես ուզում», դրանով քեզ ու բոլորին հասկացնում է, որ անբաշար միամիտի մեկն ես, ու երիցս վիրավորական է, երբ էդ բանն ասում է Ստեփանակերտի Մետաքսի կոմբինատի պարտկոմն ազատամարտիկ երեւանցուն, ու էդ ասելու պահին Քոչարյանի ծամածռված դեմքը պատկերացնելով՝ պատկերացնում եմ նաեւ, որ պարտկոմը ոչ թե ասած կլինի՝ «փողի վրա նստած՝ փող ես ուզում», այլ ասած կլինի՝ «փողի վրա նստած՝ փող ե՞ս ուզում, արա՛», եւ եթե նույնիսկ էդ արա-ն չի էլ ասել, Քոչարյանի դեմքի մշտական արտահայտությունից էդ արա-ն միանգամայն հստակ ենթադրվում է, ու ենթադրվում էր նաեւ, որ Քոչարյանի էդ խոսքից հետո ազատամարտիկ երեւանցին անմիջապես պիտի հրաժարական տար, ու էդպես էլ եղավ, որովհետեւ սովորաբար երեւանցիները հեշտությամբ են իրենց աթոռները զիջում, բայց Բազեյանի դեպքում ոչ թե սովորական ինչ-որ աթոռ զիջվեց, այլ՝ քաղաքամայր Երեւանն ամբողջությամբ, եւ չնայած էս պահին չեմ հիշում՝ ում զիջեց, շատ լավ հիշում եմ, որ Քոչարյանի էդ արտահայտությունից անմիջապես հետո չափազանց վճռական ու չափազանց կտրուկ զիջեց, եւ հիմա մտածում եմ, որ եթե Բազեյանի տեղը լինեի, երեւի ես էլ նույնը կանեի, որովհետեւ ես էլ եմ որոշ չափով մտավորական՝ մանավանդ Քոչարյանի համեմատ. այսինքն, ես էլ, ի տարբերություն Քոչարյանի ու այլեւայլ եկվորների, էսքան ժամանակ ոչ թե փող եմ շինել, այլ ընդամենը երազել եմ ունենալ էդ փող կոչված ապրանքից, բայց էս ասածս արդեն կոնկրետ ինձ է վերաբերում եւ ոչ թե՝ Բազեյանին, որովհետեւ, շատ հնարավոր է, Բազեյանն ընդհանրապես ու երբեւէ փող երազած չլինի, եւ անձամբ Բազեյանի պարագայում դա ավելի քան հնարավոր է, որովհետեւ եթե ինքը փող երազող լիներ, իննսունականների սկզբներին փողաշատ վայրերում կֆռֆռար, այլ ոչ թե՝ ռազմաճակատում, եւ չնայած էս ամենի մասին էսքան համոզված ու վստահ եմ ասում, այդուհանդերձ, բացարձակ ճշմարտություն գոյություն չունի, եւ շատ հնարավոր է՝ էս ամենի մասին Բազեյանն ու մանավանդ Քոչարյանն իրենց հատուկ կարծիքներն ունենան, եւ հատկապես Քոչարյանի հատուկ կարծիքը կարող է իմինից էականորեն տարբերվել, որովհետեւ յուրաքանչյուրս ի՛ր տեսանկյունից է նայում կյանքին ու էս ամենին, եւ, բնականաբար, Քոչարյանն էլ ի՛ր տեսանկյունն ու ի՛ր հայացքը կարող է ունենալ, որովհետեւ ամեն ինչ՝ ներառյալ ճշմարտությունը, չափազանց հարաբերական է, եւ եթե ես ու մյուսներն էս պահի դրությամբ Քոչարյանին ու մյուսներին ենք եկվոր համարում, պատերազմի տարիներին Ղարաբաղում Քոչարյանն ու մյուսներն էլ Բազեյանին ու մյուսներին են եկվոր համարել, եւ չնայած քիչ առաջ գրողական մանիֆեստս մանրամասնելով ասացի թե՝ գեղարվեստական գրականության մեջ հումորի առկայությունը ցանկալի եւ նույնիսկ պարտադիր եմ համարում, չէի ցանկանա, որ բնիկների ու եկվորների, Քոչարյանի եւ Բազեյանի ու բոլորիս մասին էս վերջին ասածներս հումոր ու կատակ ընկալվեն, որովհետեւ մեր էս մինուճար կյանքում շատ ու շատ ծիծաղելի բաներ կան, որոնք ավելի շատ ցավ են պատճառում, քան՝ ծիծաղ, եւ որ մեզանում ու ընդհանրապես եկվորներն իրենց ավելի ազատ ու անկաշկանդ են զգում, քան՝ բնիկները, դա ընդհանրապես մարդկանց ու մասնավորապես հայ մարդկանց հյուրասիրության ու հյուրընկալության չափազանց բարձր մակարդակի մասին է խոսում, եւ հյուրասիրության ու հյուրընկալության էդ չափազանց բարձր մակարդակն է պատճառը, որ հյուրը շատ արագ ու շատ կարճ ժամանակամիջոցում իրեն տանտեր ու դրության տեր է զգում, եւ էդ տեղական ու տնական պայմաններին շատ արագ հարմարվելով՝ իրեն ոչ միայն տանտեր է զգում, այլեւ սկսում է էդ տան բուն բնակիչներին աջուձախ հրամայել, եւ երբ տանտերերն ու բուն բնակիչները համեստորեն ու չափից ավելի փիլիսոփայորեն լռում են, էս հյուրն արդեն լրիվ է հաբռգում ու իրեն էդ տան տղամարդն է համարում, եւ երբ բուն բնակիչները շարունակում են փիլիսոփայորեն լռել, հյուրն աստիճանաբար սկսում է համոզվել, որ ինքը ոչ թե էդ տան տղամարդկանցից մեկն է, այլ՝ գլխավոր ու թերեւս միակ տղամարդը, եւ երբ բուն տանտերերի համբերությունն ու փիլիսոփայությունն սպառվում են, եւ երբ բուն տանտերերը վերջապես որոշում են էդ սխալմամբ կանչված հյուրին իրենց տնից դուրս հրավիրել, հանկարծ պարզվում է, որ էդ հյուրն իրականում ոչ թե հյուր է, այլ՝ լիիրավ տանտեր, ընդ որում՝ կադաստրով ու ամեն տեսակետից օրինական, եւ երբ տանտերերն անակնկալի գալով՝ մի քիչ էլ են փիլիսոփայորեն լռում, մի գեղեցիկ օր էլ պարզվում է, որ սխալմամբ հրավիրված էդ հյուր կոչվածը ոչ թե համասեփականատեր է, այլ՝ գլխավոր ու հիմնական սեփականատեր, եւ երբ նախկին սեփականատերը փիլիսոփայորեն ու տեւականորեն լռելուց հետո սկսում է ի խորոց սրտի փոշմանել էդ սխալ հյուրին հրավիրելու համար, արդեն չափազանց ուշ է լինում, եւ մի գեղեցիկ օր էլ հայտնվում են հարկադիր կատարողներն ու հարկադրաբար դուրս են հրավիրում նախկին տանտիրոջն ու բուն բնակիչներին, եւ չնայած դիմադրություն ու քաշքշոց, այնուամենայնիվ, տեղի է ունենում, զոհերն ու տուժածները հիմնականում նախկիններից են լինում, եւ շուտով տարածքն ամբողջովին ու վերջնականապես է ազատվում գլխավոր հյուրի եւ նորաբնակների համար, եւ նախկին տանտերն ու հնաբնակները որոշակի ու շոշափելի զոհեր ու կորուստներ տալով՝ գլխիկոր հեռանում են, յուրաքանչյուրը՝ ճակատագրով իրեն բաժին հասած ուղղությամբ, եւ չնայած մանիֆեստումս նշեցի, որ էս վեպս մեր նորագույն պատմությունն ընդգրկող անհատականացված պատմավեպ է, դա բնավ չի նշանակում թե՝ էս ասածներս բացառապես մեր նորագույն ժամանակներին են վերաբերում, եւ քանի որ պատմությունը ժամանակ առ ժամանակ կրկնվում է, եւ քանի որ ոչ միայն մե՛ր պատմությունն է ժամանակ առ ժամանակ կրկնվում, էդ նշանակում է, որ էս ասածներս այլ ժամանակներին ու այլ ազգերին էլ է վերաբերում, եւ որ էսքան Քոչարյան-Քոչարյան եմ ասում, ամենեւին չի նշանակում թե՝ միայն Քոչարյանին ու միայն մեր ժամանակները նկատի ունեմ, եւ մի գլուխ Քոչարյան-Քոչարյան եմ ասում՝ ընդամենը անվտանգությանս մասին մտածելով, որովհետեւ Քոչարյանը ոչ միայն անցած ու կիսաանցած էտապ է, այլեւ գրքեր ու վեպեր չի կարդում, եւ եթե երբեմն կարդում էլ է, Ջեկ Լոնդոնից էս կողմ չի անցնում, եւ մանիֆեստս կրկնելով՝ պիտի կրկնեմ նաեւ, որ ես որեւէ մեկի դեմ որեւէ բան չեմ գրում, որովհետեւ համարում եմ, որ յուրաքանչյուրս մեր իսկ ճակատագրի կամակատարն է, եւ չնայած ճակատագրով պատմավեպ գրող եմ, մշտապես հիշում եմ, որ դպրոցում հենց պատմությունից եմ ամենաշատ երկուսներն ստացել, եւ չնայած Մետաքսի Տիմոշենկոյի դպրոցի պատմության դասատու Ավետիսյան Շինելն ինձ շարան-շարան երկուսներ նշանակելու համար միանգամայն անձնական դրդապատճառներ էլ ուներ, այդուհանդերձ, ես իր դասավանդած Նորագույն պատմությունն ավելի էի ատում, քան Ավետիսյան Շինելը՝ ինձ, բայց պատմություն կոչվող առարկան մշտապես ատելով՝ ժամանակի ընթացքում, անկախ ինձանից, մարդկության պատմությունից ահագին բան իմացա. օրինակ, իմացա, որ մարդկության պատմության ընթացքում շատ ու շատ հյուրեր են տանտեր դառել, եւ շատ ու շատ տանտերեր էլ իրենց իսկ տան մեջ կենվորներ են դառել. էդպես թաթարներն են հասել Կազան ու տնավորվել, ու էդպես յանկիներն Ամերիկայում հայտնվելով՝ հնդկացիներին իրենց իսկ տան մեջ տնվոր են դարձրել, բայց, ի տարբերություն մերոնց, էդ տանտեր դառած հյուրերից որեւէ մեկը կանչված ու հրավիրված չի եղել, եւ հատկապես թաթարները Ռուսաստան հրավիրված չեն եղել, ու էդ բանը ոչ միայն պատմությունից գիտեմ, այլեւ ռուսական ասացվածքից՝ «նեզվաննիյ գոսծՖ-խուժե տատարինա», ու էս ասացվածքը լավագույնս է արտահայտում տանտերերի ու անկոչ հյուրերի անհամատեղելիությունը, եւ ռուսներն անկոչ հյուրի ֆենոմենն էնքան խորունկ ու ճշգրիտ են զգացել, որ էդ անկոչին համեմատել են իրենց մշտական թշնամիներից մեկի՝ թաթարի հետ, եւ չնայած իրենց էդ ասացվածքն ասում է՝ անկոչ հյուրը թաթարից էլ է վատ,- այդուհանդերձ, ինչպես ժողովրդական այլ ասացվածքներում ու ասույթներում, էս մեկի մեջ էլ որոշակի չափազանցություն կա, որովհետեւ ասելով ու պնդելով թե՝ անկոչ հյուրը թաթարից էլ է վատ, ցանկացած ռուս մարդ իր հոգու խորքում ու մտքի մեջ լավ էլ զգում է ու գիտի, որ իրականում ու իրականության մեջ որեւէ անկոչ հյուր չի կարող թաթարից վատ լինել՝ էն պարզ ու հասկանալի պատճառով, որ ցանկացած թաթար ցանկացած ռուսի համար ո՛չ միայն թաթար է, այլեւ՝ միանգամայն անկոչ հյուր, եւ չնայած թաթարները դարերով Կազանն ու շրջակա միջավայրն իրենցով են արել, առ էսօր էլ ռուսների համար հյուր են, ընդ որում՝ միանգամայն անկոչ ու միանգամայն անտանելի հյուր, եւ եթե էս ամենին մի քիչ կողքանց նայելով՝ մի քիչ ավելի խորանանք, պիտի հավատանք, որ ռուսներն էլ ճապոնացիների ու չինացիների համար են որոշ տարածքներում հյուր, ընդ որում՝ միանգամայն անկոչ հյուր, եւ ռուսները նույնիսկ անկոչ թուրքերի ու անկոչ թաթարների համար են Ղրիմում անկոչ, իսկ ուկրաինացիք էլ՝ ռուսների համար. այսինքն, բոլորն էլ բոլորի համար հյուր են՝ միանգամայն անկոչ ու միանգամայն տհաճ, էնքան անկոչ ու էնքան տհաճ՝ ինչքան տհաճ ու անկոչ են մեր քաղաքամոր Բուզանդի ու կենտրոնական մյուս փողոցների նորաբնակները, որոնք պետական կարիքների համար ի խորոց սրտի հոգալով՝ բնիկներին դուրս են շպրտել իրենց պապական տարածքներից, ու էս ասածս վկայում է, որ տանտիրոջ ու հյուրի էս հավերժական հակամարտության խնդիրն իր էության մեջ ինչքան ազգային է, էնքան էլ՝ մարդկային, ավելի ճիշտ՝ անմարդկային, եւ չնայած էս մոլորակի վրա յուրաքանչյուրն իրեն տանտեր է համարում ու երեւակայում, իսկ դիմացինին՝ ընդամենը հյուր, եւ չնայած տանտիրոջ ու հյուրի էս հավերժական հակամարտությունն, ըստ էության, հյուրի անմարդկային էությունից է բխում ու առաջանում, այդուհանդերձ, որեւէ հյուր իրեն մեղավոր չի համարում, եւ եթե ազգերից մեկը մյուսի համեմատ է անկոչ հյուր, էս մյուսն էլ երրորդի համար է հյուր՝ վերստին անկոչ ու անցանկալի. այսինքն, հյուրի ու տանտիրոջ էս հարաբերությունները ոչ միայն հավերժական են, այլեւ՝ հարաբերական ու պայմանական, ու էս իմաստով հայերս երեւի դժբախտ բացառություններից ենք, որովհետեւ առ էսօր ուրիշներին պատկանող տարածքներից թիզ անգամ չենք գրավել. ավելի՛ն. շատ ժամանակ մենք մեր իսկ տան մեջ ենք հյուր եղել, եւ հեչ պատահական չի, որ հենց մե՛ր բանաստեղծն է էս ամենը հասկանալով ասել՝ «մենք ամենքս հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուչ օրից», եւ դա ասել է մեր է՛ն բանաստեղծը՝ ով իր Վերնատան դռները հնարավորինս բաց էր պահում արժանավորների առաջ, եւ որ իր էդ մշտական հյուրերը բացառապես արժանավորներ էին, էդ մասին մենք գիտենք, այլ ոչ թե՝ Թումանյանը, որովհետեւ հայերս սովոր ենք արժանավորաց ցուցակն էդ խեղճ արժանավորների մահից հետո միայն լրացնել ու համալրել, եւ Թումանյանը երբեւէ չի փոշմանել, որ իր տան դռները մշտապես բաց է պահել իր կոլեգաների առաջ, եւ դրա պատճառը ոչ միայն էն էր, որ Թումանյանի Վերնատան մշտական հյուրերը բարոյապես ու ամեն տեսակետից արժանավոր մարդիկ էին եւ դժվար թե աչք գցեին Թումանյանի ունեցվածքի վրա, այլեւ էն, որ նրանք բոլորն էլ որոշակի կյանքի փորձ ունենալով՝ գիտեին, որ մենք ամենքս էլ հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուչ օրից, բայց քանի որ Թումանյանն էդ բանը մյուսներից լավ էր զգացել ու հասկացել, հենց ի՛նքն էդ չափածո ու հանճարեղ ձեւակերպումը տվեց, եւ չնայած Թումանյանն իրեն ու ամենքիս չափազանց մեծ հաշվով՝ քրիստոնեաբար ու փիլիսոփայորեն էր հյուր համարում, այդուհանդերձ, օտարության՝ Վրաստանի ու Թիֆլիսի հանգամանքը կար եւ չէր էլ կարող չլինել, որովհետեւ, չնայած Թումանյանը մերոնցից ամենաշատն էր Թիֆլիսն ու վրացիներին սիրում, այդուհանդերձ, միգուցե նաեւ Գիքորի օրինակով, գիտեր ու հասկանում էր, որ հայերս Թիֆլիսում նմանապես հյուր ենք, եւ չնայած Թումանյանն էն ժամանակ չէր կարող գուշակել, որ երրորդ հազարամյակի սկզբներին իր Վերնատունը կադաստրով ու ամեն ինչով բաժին է հասնելու թիֆլիսցի օլիգարխներից մեկին, այդուհանդերձ, ինքը դեռեւս էն ժամանակ էր համոզված, որ Աղայանը, ինքը, Գիքորն ու թիֆլիսաբնակ մյուս հայերը հյուրեր են՝ կյանքում ու մանավանդ Թիֆլիսում, եւ չնայած նմանապես լոռեցի ու նմանապես իմաստուն Անաստաս Իվանովիչ Միկոյանն էլ չէր կարող ենթադրել, որ Թումանյանի Վերնատունը երրորդ հազարամյակի սկզբներին բաժին է հասնելու նոր վրացիներից մեկնումեկին, այդուհանդերձ, միգուցե Գիքորի ու նաեւ անձամբ իր օրինակով, զգում ու հասկանում էր, որ մարդ արարածն օտարության մեջ չի կարող տանտեր լինել, ու երեւի էդ բանը հասկանալով ու գիտակցելով՝ հիսունականների սկզբներին նախաձեռնեց Երեւանի Թումանյանի թանգարանի շինարարությունը, եւ շուտով Թիֆլիսից բերման ենթարկվեց Թումանյանի տան ու Վերնատան պարունակությունը՝ բացառիկ ու չափազանց հարուստ գրադարանով հանդերձ, եւ, փաստորեն, Թումանյանը հետմահու՝ քսաներորդ դարի հիսուներեք թվականից Երեւանում տանտեր դառավ, եւ ճակատագրի ու դեպքերի բերումով անցյալ հազարամյակի վերջին մի քանի տարիներին դույն թանգարանի տնօրենը ձեր խոնարհ ծառան էր, եւ չնայած էն գլխից գիտեի, որ Հովհաննես Թումանյանը Երեւանի իր էդ թանգարանի տարածքում երբեւէ չի ապրել, եւ չնայած աշխատողներս էլ էին էդ հանգամանքն առիթով ու անառիթ ինձ հիշեցնում՝ մշտապես հուշելով, որ ոչ թե Թումանյանի տուն-թանգարան ասեմ, այլ միայն՝ Թումանյանի թանգարան, այդուհանդերձ, անկախ ինձանից, լեզուս տուն-թանգարան էր ասում, եւ, անկախ ինձանից, պաշտոնական գրություններում ու հրամաններում ձեռքս ոչ թե Երեւանի Թումանյանի թանգարան էր գրում, այլ՝ Երեւանի Թումանյանի տուն-թանգարան, եւ չնայած անկախ իմ կամքից էի տուն-թանգարան ասում ու գրում, ասածս ու գրածս մեկին մեկ համապատասխանում է իրականությանը, որովհետեւ, չնայած Թումանյանը երբեւէ իմ էդ մի քանի տարի տնօրինած տարածքում չի ապրել, Թիֆլիսի եւ նույնիսկ Դսեղի իր գրեթե ողջ նյութական ու մանավանդ հոգեւոր հարստությունն անցյալ դարի հիսուներեքին տեղափոխվեց Երեւանի էս թանգարան. այսինքն, անցյալ դարի հիսուներեք թվականից սկսյալ՝ Ամենայն հայոց բանաստեղծի հոգին Երեւանի էդ թանգարանի տարածքում է սավառնում, ու էդ հանգամանքը նույնիսկ անզեն աչքով էր տեսանելի, ընդ որում՝ ոչ միայն ինձ էր տեսանելի, այլեւ՝ էդ թանգարանի մեծ ու փոքր, տեղացի ու սփյուռքահայ այցելուներին, ինչպես նաեւ՝ էդ թանգարանի մյուս աշխատողներին, որոնք, ի տարբերություն ձեր խոնարհ ծառայի, էդ թանգարանում ոչ թե հյուր էին, այլ՝ համարյա տանտեր, ու էս բանն էսքան ուշացումով գիտակցելով՝ հիմա նաեւ հասկանում եմ, որ չնայած Թումանյանն է գրել՝ մենք ամենքս հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուչ օրից,- այդուհանդերձ, մյուսներս անհամեմատ ավելի հյուր ենք, քան՝ Հովհաննես Թումանյանը, որովհետեւ Թումանյանը շատերիցս քիչ ապրելով ու շատերիցս քիչ հյուրընկալվելով՝ իր հյուր լինելն ըմբռնեց ու հասկացավ, մինչդեռ ձեր խոնարհ ծառան ավելի քան հիսունվեց տարի հյուրընկալվելով՝ հիմա է միայն իր հյուր լինելն ըմբռնում ու հասկանում, ընդ որում՝ ոչ թե հիսունվեց տարիներիս փորձով եմ էդ բանը հասկանում, այլ իր՝ Թումանյանի՛ փորձով, ինչպես նաեւ՝ իր իսկ տողերի օգնությամբ, եւ շուրջ յոթ տարի էդ թանգարանում տնօրեն աշխատելով՝ հասկացա, որ մենք ամենքս իսկապես հյուր ենք կյանքում, ու ես հատկապես էդ թանգարանում էի հյուր, որովհետեւ գրող ու բանաստեղծ լինելով՝ Մեծ լոռեցու մասին ավելի քիչ բան գիտեի, քան՝ էդ թանգարանի մյուս աշխատողները, եւ էդ թանգարանում շուրջ յոթ տարի տնօրեն աշխատելով՝ հասկացա նաեւ, որ Թումանյանը նույնիսկ Դսեղում էր հյուր, եւ Թումանյանն իր հասուն տարիքում Դսեղում ավելի հյուր էր, քան նույնիսկ՝ Թիֆլիսում, եւ պատճառն, ըստ ամենայնի, ոչ միայն Հովհաննես Թումանյանի եղբայր Ռոստոմի՝ Դսեղում չսիրված լինելն էր, այլեւ այն, որ մարգարեն իսկապես ամենուր ընդունելի է՝ իր ծննդավայրից բացի, եւ որ Թումանյանը չափահաս տարիքում իր հարազատ Դսեղ այցելելով՝ իրեն հյուրի պես է զգացել, էդ միանգամայն ինքնուրույն ու ինքնագլուխ եմ ենթադրում, որովհետեւ ինքս էլ ժամանակ առ ժամանակ ուրախ ու հիմնականում տխուր առիթներով իմ ծննդավայր Մետաքս այցելելով՝ էսօրվա Մետաքսում հյուր լինելս չափազանց հստակ եմ զգում, եւ չնայած Ռոստոմի պես եղբայր չեմ ունեցել, եւ չնայած մայրս ինձ ընդհանրապես եղբայր չի պարգեւել, այդուհանդերձ, ուրախ ու հիմնականում տխուր առիթներով իմ հայրենի Մետաքս այցելելով՝ չեմ հաջողացնում խուսափել սառն ու օտարոտի հայացքներից, որովհետեւ բանաստեղծ ու գրող լինելուս մասին Մետաքսում արդեն բոլորն են տեղեկացված, եւ երբ անցած դարի յոթանասունականներին առաջին անգամ բանաստեղծ լինելուս մասին Մետաքսում տեղեկացան, ամենաառաջին տեղեկացվածներն շտապեցին անտեղյակներին տեղեկացնել, որ էդ բանաստեղծություններն իմ փոխարեն ու իմ անունից լեզվի ու գրականության ուսուցչուհի մայրս է գրում, եւ երբ Մետաքսում ու հարակից տարածքներում էդ շշուկները տարածվեցին, շատերն ու մանավանդ ինձ մոտիկից ճանաչողներն անմիջապես հավատացին էդ շշուկներին, որովհետեւ Մետաքսի ու հարակից տարածքների բոլոր դպրոցներում սովորել էի եւ բոլորում էլ՝ անհաջող, եւ երբ մորս ու իմ գրածների առնչությունը բոլորին հայտնի դարձավ, ես սկսեցի առավել զգույշ ու պատասխանատվության գիտակցումով իմ էդ ոտանավորները գրել, եւ քանի որ, էդ ամենից բացի, Գլավլիտն էլ կար, միանգամայն կոռեկտ, հայեցի ու ընդգծված գրականով էի իմ էդ ոտանավորները գրում:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել