Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈԿՈԼԱԴԻ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 11,2010 00:00

Շոկոլադը բարձր սննդարարություն ունեցող սննդամթերք է: Նրանում  հիմնական կալորիայի աղբյուր են հանդիսանում կաթը եւ  գլյուկոզան: Շոկոլադը էներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է օրգանիզմի համար: Այն շատ օգտակար է երեխաներին եւ սպորտսմեններին: Ուշ երեկոյան խորհուրդ չի տրվում ուտել շոկոլադ, որպեսզի արագ քնեք: Նրա մեջ եղած կոֆեինը գրգռում է նյարդային եւ սրտանոթային համակարգը: Իսկ կակաոն, ավելի ճիշտ՝ կակաոյի յուղը շատ դանդաղ է յուրացվում օրգանիզմի կողմից, այդ պատճառով էլ բավականին ժամանակ էներգիա է հաղորդում նրան:
Մեկ սալիկ շոկոլադի մեջ կոֆեինի քանակը 30 մգ է, իսկ մեկ բաժակ սուրճի մեջ՝ 180 մգ:
Շոկոլադը շատ օգտակար է սրտի եւ արյունատար անոթների համար: Նրա բաղադրության մեջ գտնվող պոլիֆենոլները շատ բարենպաստ են ազդում սրտի, նյարդային համակարգի վրա: Արյունը ավելի հեշտ է հոսում անոթներով եւ դրանով էլ թուլանում է սրտի ծանրաբեռնվածությունը: Կար կարծիք, որ կակաոն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը եւ իմունիտետը: Բուժիչ նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել բարձր որակ ունեցող դառը շոկոլադի տեսակները:
Շոկոլադե կոնֆետները ավելի քիչ են  վտանգավոր ատամների համար, քան կարամելը: Իսկական շոկոլադե սալիկի կոտրվածքը ունի ոչ փայլուն երանգավորում: Այն կոտրելիս չի «ձգվում» եւ կոտրվում է չոր «ճռթոցով»:
Ժամկետանց շոկոլադն ունի սպիտակավուն երանգ: Մաքուր շոկոլադի պահպանման ժամկետն է կես տարի, իսկ խառնուրդներովինը (կաթ, գետնանուշ, չամիչ եւ այլն)՝ 3 ամիս:
Իհարկե, կարող է  սպիտակավուն փառով պատվել նաեւ որակյալ շոկոլադը, եթե այն պահպանվում է սառնարանում: Որակյալ շոկոլադը հալվում  է բերանում անմիջապես (կակաո-յուղի հալման ջերմաստիճանը 30-32 աստիճան է), իսկ եթե այն բերանում չի հալվում, ապա պատրաստված է կակաոյին փոխարինող «կարծր» ճարպերից:
Որքան շատ է կակաոյի բաղադրությունը շոկոլադի մեջ, այնքան այն օգտակար է եւ որակյալ:
Այնպես որ, անուշ արեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել