Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմեռ պապը չի զլանում զվարճացնել մեծահասակներին

Դեկտեմբեր 11,2010 00:00

Պատվիրատուները Ձյունանուշին իրենց սեղանին միանալ, խմել են առաջարկում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ Յուրի Իգիթխանյանին ու Անաիդա Գաբրիելյանին այս տարի եւս թատրոնում վստահել են Ձմեռ պապի եւ Ձյունանուշի կերպարները:  
«Առավոտի» հեզ զրույցում դերասանուհի Անաիդա Գաբրիելյանը նշեց, որ Ձյունանուշի դերը իր համար առանձնահատուկ է. «Երբ առաջին անգամ ինձ վստահեցին այդ կերպարը, անկեղծ ասած, հուզվում էի, թեպետ, չգիտես ինչու, համոզված էի, որ ինձանից շատ լավ Ձյունանուշ կլինի»:
Ըստ Ա. Գաբրիելյանի, Ձյունանուշ խաղալու առաջին նախապայմանը երեխաներին շատ սիրելն է: Ինչն էլ, ի դեպ, դերասանուհու մոտ լավ է ստացվում. «Պետք է այնպես խաղալ, որ երեխաները հավատան, որ դու իսկական Ձյունանուշ ես: Պատկերացրեք, հավատում են. գալիս, ջերմ ողջագուրվում են, համբուրում: Մեկ անգամ էլ մի աղջնակ լաց եղավ եւ խնդրեց ինձ չհեռանալ: Ողջ ներկայացման ընթացքում նրա հետ դահլիճում նստեցի: Վերջում նա ինձ իրենց տուն հրավիրեց»:    
Ի դեպ, ինչպես պարզեցինք, Ա. Գաբրիելյանը, թեպետ մարմնավորում է Ձյունանուշին՝ մինչ օրս հավատում է Ձմեռ պապի գոյությանը. «Առաջին անգամ այդ հեքիաթային հերոսի հետ ծանոթացա մանկապարտեզում: Բայց շատ էի վախեցել: Մի տեսակ տարօրինակ փայլերով փակել էին Ձմեռ պապի աչքերը, որի պատճառով այդ անչափ բարի հեքիաթային հերոսը սարսափելի, վախենալու թվաց ինձ: Նամակներ Ձմեռ պապին երբեւէ չեմ գրել: Հավանաբար, ներքուստ գիտեի, որ իմ Ձմեռ պապը մայրս է: Դե, իսկ ինչ կարող էր այն ժամանակ ուզել երեխան՝ տիկնիկ»,- անկեղծանում է դերասանուհին ու հավելում, որ այսօր փոխվել են մանկան երազանքներն ու ցանկությունները: Ըստ դերասանուհու, այժմ երեխաները Ձմեռ պապից համակարգիչ են ուզում, բջջային հեռախոս: 
Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դերասանուհին մասնակցում է Ձյունանուշի կերպարով կորպորատիվ հավաքույթներին եւ ունի՞ փորձ պատվերով Ձյունանուշ աշխատելու: «Այո, օրինակ անցյալ տարի հրավիրված էի մի կազմակերպության կորպորատիվ խնջույքի: Բայց այն հաճույքը, զգացողություններն ու էմոցիաները, որ վերապրում եմ թատրոնում՝ կորպորատիվ հավաքույթներում անհնար է ունենալ, որովհետեւ այնտեղ միայն մեծահասակներ են լինում, իսկ նրանց համար Ձյունանուշը ամենեւին էլ հեքիաթային չէ: Ավելին, նրանք անգամ հրավիրում են միանալ իրենց սեղանին, խմիչք են առաջարկում…»,- անկեղծանում է Ա. Գաբրիելյանն ու ասում, որ այս տարի եւս կմասնակցի կորպորատիվ հավաքույթների, թեեւ  այդ կարգի միջոցառումները նրան չեն ոգեւորում, որքան էլ որ շահութաբեր լինեն: Իսկ Ձյունանուշի դերով իր վաստակած ամենախոշոր գումարը եղել է 50000 դրամ:
Նույն թատրոնի դերասան Յուրի Իգիթխանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Ձմեռ պապի դերում թատրոնում հանդես է գալիս 2007 թվականից: Խոսելով պատվերով Ձմեռ պապ աշխատելու մասին, դերասանը նշեց. «Չգիտեմ, ով ինչպես, բայց ես պատվերների քանակի ետեւից երբեք չեմ ընկել: Ինձ համար շատ կարեւոր է իմանալ, թե ո՞վ է պատվիրատուն, ի՞նչ կարգի մասսա է հավաքված…»,- շեշտեց դերասանը՝ ավելացնելով,  որ իր համար առանձնակի բարդություն չէ մեծերին զվարճացնելը:
«Անցյալ տարի մի կորպորատիվ խնջույքի ժամանակ մեծերին առաջարկեցի մանկական հանելուկներ ու երգեր: Պատկերացրեք, դա նրանց դուր էր եկել: Լավ զվարճացան…»,- պատմում է դերասանը եւ փորձում հնարավորինս շրջանցել իր վաստակած ամենախոշոր գումարի մասին հարցը:  
«Ես ձեզ մոտավոր գումարը կասեմ՝ 200 հազար դրամ»,- ժպիտը դեմքին ընդգծեց նա: 
Յ. Իգիթխանյանը փաստեց նաեւ, որ իրեն փոքր տարիքում Ձմեռ պապ երբեւէ չի այցելել. «Բանն այն է, որ իմ մանկության տարիները սովետի փլուզման տարիներն էին: Ոչ գումար կար, ոչ էլ՝ հնարավորություն: Ինձ շարունակ ասում էին՝ գիտես, Ձմեռ պապը այդպես էլ չհասավ Հայաստան»:     
Հետաքրքրվեցի՝ դժվար չէ՞ Ձմեռ պապի դեր խաղալը. «Չգիտեմ, ես այն մեծ սիրով եմ անում: Բայց շատ պատասխանատու գործ է: Պետք է զգույշ լինել, հակառակ դեպքում, հնարավոր է, պատճառ դառնաս եւ կոտրես մանկան հավատը դեպի հեքիաթը»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել