Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՄԱՆՏԻԿ ՖԻԼՄԵՐ ՆԱՅԵԼՈՒ ՊԱՀԱՆՋ ԿԱ»

Դեկտեմբեր 11,2010 00:00

Ըստ ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի՝ հայերը հոգնել են  բացասականից, ագրեսիվից

\"\"

Անհաջողություն, ձախողումներ, մի քիչ տխրություն, կեղծիք, հումոր, ծիծաղ, միլիոն վարդեր ու սեր… Այս ամենի մասին պատմում է ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի «Պահանջվում է միլիոնատեր» նոր ռոմանտիկ կատակերգությունը՝ մասնակցությամբ Հովհաննես Ազոյանի՝ Հովոյի, Միշոյի, Անի Երանյանի, Նաիրա Մովսիսյանի, Անի Պետրոսյանի, Սիրանուշ Լազյանի (սցենարի հեղինակներ՝ Աշոտ Աբրահամյան, Ռուբեն Ջաղինյան, Դավիթ Բաբախանյան).  ֆիլմի պրեմիերան կայացավ օրերս:
«Սա զվարճալի, միաժամանակ՝ մի քիչ տխուր, մի քիչ անհավանական, բայց եւ իրական պատմություն է»,- ասում է ռեժիսոր Դ. Բաբախանյանը:
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Տիգրանը, որին մարմնավորել է Հովոն, աշխատում է ծաղիկների առաքման ծառայությունում: Նա ծաղիկների իսկական սիրահար է, գիտի դրանց մասին ամեն ինչ եւ պատրաստ է ժամերով խոսել այդ թեմայով: Կյանքում նրան ամենից շատ տանջող խնդիրը սիրային հարցերում ունեցած մշտական անհաջողություններն են: Կաշկանդվող եւ ամաչկոտ լինելու պատճառով, նա միշտ ձախողում է ծանոթությունները աղջիկների հետ: Նրա եղբայրը՝ Էմիլը, որի դերում ռեփեր Միշոն է, ձեռնարկում է ամեն ինչ, որպեսզի օգնի Տիգրանին անձնական հարցերում: Նա  նույնիսկ համոզում է Տիգրանին գնալ ծայրահեղ միջոցի՝ դիմել սեւ մոգության օգնությանը: Այդ ընթացքում Երեւան է ժամանում Մոսկվայում բնակվող մի հայազգի միլիարդատիրոջ որդի՝ ամուսնանալու նպատակով: Բախտի բերմամբ, թե պատահմամբ, միլիարդատիրոջ տղայի անունն էլ է Տիգրան: Հարուստ ժառանգորդը Երեւանում գտնվելու ժամանակ ծրագրում է բոլորից թաքցնել  իր իրական անձը, ամենուր ներկայանալով որպես հասարակ մի տղա: Սակայն Երեւանում ապրում են նրա այցելության նպատակներին տեղյակ 3 ընկերուհիներ, որոնք որոշում են ձեռքներից բաց չթողնել հարուստ ժառանգորդի հետ ամուսնանալու «շահավետ» հնարավորությունը: Հանգամանքների անհավանական զարգացման արդյունքում երկու Տիգրանները «փոխվում են տեղերով», եւ 3  ընկերուհիները, որոնց հետաքրքրում են միայն տղայի մեքենայի մակնիշը, հեռախոսի մոդելը եւ դրամապանակի պարունակությունը, սկսում են կարծել, որ ծաղիկների առաքիչ Տիգրանը հենց միլիարդատիրոջ որդին է, ով փորձում է առաքիչի կերպարի տակ թաքցնել իր հարուստ լինելը: Ընկերուհիները սկսում են հետապնդել առաքիչ Տիգրանին, առաջարկելով իրենց սիրտը եւ ձեռքը, մինչեւ անգամ մարմինը, միայն թե դառնան նրա կինը: Այս խառնաշփոթ պատմության մեջ Տիգրանը ծանոթանում է 3 ընկերուհիներից մեկի քրոջ՝ Անիի հետ, ով սիրում է աշխատանք, ընտանիք եւ փնտրում է անձնական երջանկություն ոչ հարուստ տղամարդու կողքին:
Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելուց եւ անհավանական արկածներ ունենալուց հետո՝ ֆիլմի վերջում երկու Տիգրաններն էլ գտնում են իրենց սերը: Եվ ինչպես բոլոր ֆիլմերում է՝ նրանք ապրում են երկար եւ երջանիկ… Դ. Բաբախանյանի խոսքով, ֆիլմը միայն դրական լիցքեր տալու նպատակ ունի. «Մի մեծ ազատ դաշտ կա ու մարդկանց կողմից գեղեցիկ, բարի, ռոմանտիկ ֆիլմեր նայելու պահանջ: Հայերը բացասական, ագրեսիվ բաներից հոգնել են: Հիմա բոլորը կասեն՝ ամերիկյան կատակերգություններից ենք կրկնօրինակել, բայց եթե լավն ենք կրկնօրինակում, ինձ թվում է՝ դրա մեջ վատ բան չկա»:
Ֆիլմի պրոդյուսեր եւ համահեղինակ Ռուբեն Ջաղինյանի խոսքով, «Պահանջվում է միլիոնատեր» կինոնկարը Երեւանում պակասող վառ գույն է. «Նման ֆիլմեր, իհարկե, տարբեր պետություններում նկարահանվում են, այդ առումով նորություն չենք արել, բայց այն Երեւանին պակասող վառ գույն է մտցրել. բարի սիրո պատմություն է, որը հաճախ չես տեսնի»: Ռ. Ջաղինյանի խոսքերով՝ ֆիլմը կցուցադրվի նաեւ Հայաստանի սահմաններից դուրս՝ Մոսկվայում, Լոս Անջելեսում եւ եվրոպական մի քանի երկրներում:
Ըստ նրա, ֆիլմի գաղափարը ծնվել է իրականությունից. «Մեր իրականությունում նման պատմություններ շատ կան: Էլ չեմ խոսում այն աղջիկների մասին, որոնց փորձել ենք ներկայացնել: Ամենավատն այն է, որ հայերի մեջ էլ մտավ այդ հաշվենկատ ամուսնանալու ձգտումը: Ֆիլմով չեմ փորձում ինչ-որ բան սովորեցնել, ամենը հումորով ենք ներկայացնում, ծաղրում ենք, որ մարդիկ հասկանան, որ այդ երեւույթն իսկապես ծաղրանք ու քմծիծաղ է առաջացնում հայ տղամարդկանց մոտ»:
Գլխավոր դերակատարը՝ Հովոն, գտնում է, որ եթե իր դերում ավելի պրոֆեսիոնալ դերասան խաղար, ավելի լավ ֆիլմ կստացվեր. «Դերս դժվար էր: Չնայած անհաջողակի դեր էի տանում, բայց կինոն հաջողված է: Մենք կատակերգություններ նկարահանելու փորձ չունենք: Կարծում եմ, սա Հայաստանում կատակերգություն նկարահանելու լավ հնարավորություն է եւ սկիզբ»:
Ինչ վերաբերում է Միշոյին, նրան իր խաղը մինչեւ անգամ հուզել էր. «Ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ ինձ այդ կերպարում տեսնողները ապշում են»: Սակայն Միշոյի խաղի մասին Դ. Բաբախանյանն ասաց. «Ես չեմ կարող ասել՝ Միշոն խաղում էր, թե դա ինքն էր. այնքան բնական էր նրա մոտ ստացվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել