Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են զվարճանում աշխարհի հարուստները

Դեկտեմբեր 11,2010 00:00

\"\"
Ռոման Աբրամովիչի «Eclips» նավը:

\"\"
Իրինա Աբրամովիչի «Luna» նավը:

\"\"
Ալիշեր Ուսմանովի «Dilbar Alisher Usmanov» նավը:

\"\"
Սուլեյման Քերիմովի «Ice Suleyman Kerimov» նավը:

Բիզնես եւ սպորտ: Սպորտ եւ բիզնես: Մեր օրերում այս երկու հասկացությունները գրեթե միաձուլվել են՝ սպորտը դարձել է ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը, իսկ հաջողված բիզնեսմեններն ամբողջ աշխարհում հովանավորում են իրենց սիրած այս կամ այն մարզաձեւը: Այս առումով արդեն բացառություն չէ նաեւ Հայաստանը: Հատկապես վերջին տարիներին մեր գործարարները դեմքով շուռ են գալիս դեպի սպորտը եւ իրենց վստահված մարզաձեւերում շոշափելի ներդրումներ են կատարում՝ անգնահատելի աջակցություն ցույց տալով պետությանը, էապես նպաստելով մեզանում ոլորտի կտրուկ զարգացմանն ու հեղինակության բարձրացմանը:
Բայց մեր դիտարկումներով, աշխարհում հետաքրքիր զարգացումներ են ընթանում: Որպես կանոն, գործող բարձրակարգ մարզիկներն իրենց կարիերայի ընթացքում վաստակած գումարներով ցանկանում են սեփական բիզնես սկսել: Գործարարներն էլ ընդհակառակը՝ ոչ միայն բիզնեսում վաստակած գումարները ուղղորդում են դեպի սպորտ, այլեւ իրենք են գերադասում առողջ ապրելակերպը:
«Forbes» հանդեսի ռուսական տարբերակը հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս աշխարհի ամենահարուստ ռուս գործարարների՝ նավերի հանդեպ ունեցած թուլությունը: Ցուցակից ընտրել ենք հայտնի այն միլիարդատերերից մի քանիսին, որոնք անմիջական առնչություն ունեն սպորտի հետ: Եվ այսպես:
Ռոման Աբրամովիչ: «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր: Նրա սերը նավերի հանդեպ իսկական կրքի է վերածվել: Նրան է պատկանում աշխարհի ամենամեծ սեփական նավ ունեցողների վարկանիշային ցուցակի առաջատարի դերը: Այս տարի Գերմանիայում ծով իջեցվեց նրա անձնական «Eclips» նավը, որի երկարությունը 162,5 մետր է: Այն կառուցվել է հինգ տարում եւ ունի ուղղաթիռի վայրէջքի երկու հրապարակ, 16 մետր երկարությամբ լողավազան: Աբրամովիչի նավը շրջում է աշխարհի բոլոր օվկիանոսներով, իսկ սեփականատերն իր ակտիվ հանգիստը հաճույքով է անցկացնում իր գեղեցկուհու վրա:
Հանդեսը ներկայացնում է նաեւ «Luna» անունով նավը, որը նույնպես ծով է իջեցվել այս տարի եւ նախատեսված է ամեն տեսակ ջրային տարածքի, այդ թվում՝ նաեւ Հյուսիսային բեւեռի եւ Անտարկտիդայի սառույցները հաղթահարելու համար: Թե հիմա ո՞վ է այդ նավի սեփականատերը, ճշգրիտ հայտնի չէ, սակայն այն կարծիքը կա, որ դա նույնպես Ռոման Աբրամովիչն է ձեռք բերել եւ նվիրել նախկին կնոջը՝ Իրինային:
Միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը, որ Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի համասեփականատերն է, իսկ նրա կինը՝ Իրինա Վիները, Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, նույնպես սիրում է շրջագայել համաշխարհային օվկիանոսներով: Ամուսիններին է պատկանում «Dilbar Alisher Usmanov» նավը, որը կահավորված է ակտիվ սպորտով զբաղվելու բոլոր հարմարություններով:
Իր անունով նավ ունի նաեւ Ռուսաստանի սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուլեյման Քերիմովը: Նա սիրում է ազատ ժամանակն անցկացնել «Ice Suleyman Kerimov»-ի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել